Հայերեն   English   Русский  

​Հովհաննես Բաչկով . «Օլիմպիական ուղեգիր նվաճած յուրաքանչյուր հայ մարզիկ արժանի է մեդալի»


  
դիտումներ: 2919

Հուլիսի 3-8-ը Վենեսուելայի Վարգաս քաղաքում անցկացվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար սահմանված վարկանիշային մրցաշար, որին փայլուն մասնակցեց, հաղթողի կոչումը նվաճեց և օլիմպիական խաղերի բաղձալի ուղեգրի արժանացավ Հովհաննես Բաչկովը (64 կգ): Գյումրեցի մարզիկը դարձավ հանրապետության Ռիո դե Ժանեյրո մեկնելու իրավունք նվաճած հինգերորդ բռնցքամարտիկը:

«Անկախի» հետ զրույցում Հովհաննեսը պատմում է մրցաշարից ստացած տպավորությունների, հաղթանակի բերկրանքի և օլիմպիական ուղեգիր նվաճելու մեծ ցանկության մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Այս մրցաշարն առանձնանում էր նրանով, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) որոշել էր թույլ տալ, որ Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցեն նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: Ձեզ համար անսովոր չէ՞ր մենամարտել պրոֆեսիոնալների դեմ:

- Շնորհակալ եմ: Վենեսուելայի մրցաշարը օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու վերջին հնարավորությունն էր ինձ համար: Առաջին անգամ էի մասնակցում մրցաշարի, որտեղ մրցակիցներս պրոֆեսիոնալ բռնցքամարտից էին, մենամարտում էին նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: Նրանք ֆիզիկապես ավելի ամուր են և ուժեղ: Մրցում էինք սիրողական բռնցքամարտի կանոններով՝ 3 ռաունդով:

Ինչպես հատուկ է պրոֆեսիոնալ բռնցքամարտին, հետաքրքիր և դիտարժան մրցաշար էր կազմակերպվել, լեփ-լեցուն դահլիճներում:

Սամսունի մրցաշարից հետո լարվածություն կար: Բայց ինձ հնարավորություն էր ընձեռվել, և ես որոշել էի ամեն գնով օգտագործել այն: Բոլոր մենամարտերն էլ՝ առաջինից մինչև վերջինը, ինձ համար կարևոր էին: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել:

- Թուրքիայի Սամսուն քաղաքում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում ականատես եղանք մրցավարական կողմնակալության. անսպասելիորեն հաղթանակը տվեցին Ձեր հակառակորդին: Ինչպե՞ս հաղթահարեցիք հիասթափությունը:

- Սամսունի մրցաշարից հետո մի քիչ ընկճվածություն կար: Ինչ խոսք, ցավալի է, երբ մենամարտում հաղթում ես և հաղթանակն անհասկանալիորեն տալիս են մրցակցիդ:

Ես միշտ հավատացել եմ Աստծուն և մտածում էի, որ չի կարող ամեն ինչ այսպես անարդար ավարտվել: Իմ նպատակները չփոխվեցին, ես շարունակեցի աշխատել:

Հիասթափություններից, անհաջողություններից հետո ինչ-որ ճանապարհ բացվում է ինձ համար: Ես համբերատար աշխատում էի: Երբ իմացա վարկանիշային մրցաշարի մասին, ոգևորվեցի և սկսեցի կրկնակի եռանդով, ջանասիրաբար մարզվել:

Վենեսուելայի մրցաշարն ինձ ուղեգիր ձռեք բերելու հնարավորություն տվեց: Մարտականորեն էի տրամադրված, մտածում էի հաղթանակի մասին, քանի որ այդ դեպքում միայն ձեռք կբերեի օլիմպիական ուղեգիրը:

Վենեսուելա էի մեկնել գյումրեցի անվանի մարզիկ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ: Մարզիչներիս հետ էլ կապի մեջ էի մշտապես:

- Փաստորեն, բռնցքամարտում շատ հաճախ մարզիկը ստիպված է լինում պայքարել ոչ միայն մրցակցի, այլև մրցավարների դեմ:

- Այո, դժվարություններ լինում են, երբ պայքարում ես ոչ միայն մրցակցի, այլև մրցավարի դեմ: Այս դեպքում միակ ելքն այն է, որ մի քանի անգամ ավելի բարձր լինես մրցակցից և գերազանցես նրան, որպեսզի ակնհայտ լինի առավելությունը և մրցավարը ոչինչ չկարողանա անել: Պետք է այնպես հաղթել, որ կողմնակալություն անելու տարբերակ չլինի, հնարավորություն չունենան ո՛չ մրցակիցները, ո՛չ մրցավարները: Երբ նոկաուտի ես ենթարկում մրցակցիդ, հարցը լուծվում է, բայց 3 ռաունդը բավական չէ մրցակցին նոկաուտի հասցնելու համար: Մրցաշարի ընթացքում մի անգամ կարող է ստացվել, բայց ոչ բոլոր մենամարտերում:

- Ինչպե՞ս եք նախապատրաստվում օլիմպիական խաղերին:

- Բրազիլիա մեկնելու ենք հուլիսի 25-ին: Բոլոր մրցաշարերին պատրաստվում եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ: Ռիո 2016-ն էլ բացառություն չէ: Տրամադրված եմ մարտականորեն: Աշխատում եմ սխալների վրա, որպեսզի թույլ չտամ մենամարտերի ընթացքում:

- Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայանալու է 5 բռնցքամարտիկով: Հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

- Մարզիկները երկար ու դժվարին ճանապարհ են անցնում օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Ուղեգիր ձեռք բերած յուրաքանչյուր մարզիկ արժանի է մեդալի: Հույս ունեմ, որ բոլորս էլ հաջող հանդես կգանք:

Մենք կարողացանք 5 օլիմպիական ուղեգիր ձեռք բերել, վստահ ենք մեր ուժերին: Ամեն ինչ անելու ենք հաղթանակով վերադառնալու համար:

- Ե՞րբ սկսեցիք զբաղվել բռնցքամարտով: Ինչու՞ ընտրեցիք ոչ այնքան հեշտ մարզաձևը:

- 7 տարեկանից սկսել եմ զբաղվել բռնցքամարտով: Քեռիս՝ Գևորգ Մխիթարյանը, բռնցքամարտիկ է եղել: Նա է ինձ սովորեցրել բռնցքամարտիկին համապատասխան կեցվածք ընդունել, հարվածել և մենամարտել: Փոքր տարիքից ամեն տեղ՝ տան պատերին, պարկերին հարվածում էի: Եվ ընտանիքիս անդամները որոշեցին, որ պետք է զբաղվեմ բռնցքամարտով: Առաջին անգամ մարզադահլիճ գնացի պապիկիս հետ: Ոգևորվեցի արդեն հաջողություն ունեցած մեծահասակ տղաների ձեռքբերումներով:

- Այն մարզիկներից եք, որոնք օրինակ են ծառայում իրենց նպատակասլացությամբ, կամքի ուժով և հաղթելու ցանկությամբ: Սպորտում հաջողության հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

- Նպատակներս սպորտում չեն փոխվում. ձգտում եմ միշտ լինել ուժեղ և հաղթել բոլորին: Չպետք է կոտրվես, միշտ պետք է առաջ շարժվես: Մարզիկը մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարի ու երբեք չհանձնվի, քանի որ անգամ անհնարին թվացող իրավիճակում ամեն ինչ կարող է փոխվել:

Միանգամից ոչինչ չի տրվում, պետք է համբերատար լինել, նվիրված ու ամբողջ ուժով աշխատել նպատակին հասնելու համար, հավատալ հաջողությանը: Առանց հավատի ոչինչ չի ստացվի:

Սպորտում դժվարություններ միշտ լինում են, բայց սպորտը մարդուն դարձնում է համբերատար, պայքարող և ուժեղ:

Կյանքում թե սպորտում յուրաքանչյուր հարցի փորձում եմ լավատեսորեն նայել՝ ամեն պարագայում հավատալով, որ ամեն ինչ լավ է լինելու:

Նշեմ նաև, որ անհաջողությունն ու հիասթափությունը միայնակ հաղթահարել շատ դժվար է: Ինձ մշտապես ոգևորում և առաջ են մղում հարազատներս, ընկերներս մարզիչներս: Նրանք են ինձ հույս և հավատ ներշնչում առաջ շարժվելու և ամեն գնով պայքարելու ու հաղթանակներ նվաճելու համար:

- Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ տարբեր մրցաշարերի ժամանակ ներկայացնում եք մեր երկիրը:

- Կա հուզմունք, կա պատասխանատվություն, երբ գիտակցում ես, որ օտար երկրում, բազմաթիվ մրցակիցների շրջանում ներկայացնում ես Հայաստանը: Ամեն գնով փորձում եմ հաջողության հասնել, հաղթել: Երբ հնչում է հիմնը, ծածանվում է եռագույնը և հանդիսատեսը ոտքի կանգնած է շնորհավորում քեզ՝ դա մեծ հպարտություն է: Այդ զգացողությունն աննկարագրելի է, ուրախությունն ու հուզմունքը միախառնվում են և ստիպում կանգ չառնել: Եվ մարզիկը պարտավորած է զգում իրեն յուրաքանչյուր մրցաշարի ժամանակ:

- Ի՞նչ տրամադրվածությամբ եք մեկնում Բրազիլիա:

- Օլիմպիական խաղերը յուրաքանչյուր մարզիկի երազանքն են: Ուրախ և ոգևորված եմ, որ ուղեգիր նվաճեցի: Մրցումների մշտապես մեկնում եմ բարձր տրամադրվածությամբ, դա կրկնակի ուժ և ադրենալին է հաղորդում հաղթելու համար: Մեծ պատվիրակությամբ ենք մեկնում Ռիո: Բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ հաղթական ոգին ուղեկցի նրանց մշտապես:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: