Հայերեն   English   Русский  

Այսօր սիրված դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 1227

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին, Արաքում (Իրան)։

1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես` «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիրն է: Երվանդ Մանարյանը հայտնի է նաեւ որպես քաղաքականապես ակտիվ քաղաքացի, 2008-ին մեկնարկած Համաժողովրդական շարժման համախոհ, ով մշտապես մասնակցում է ռեժիմի դեմ անցկացվող հանրահավաքներին, եւ ելույթներ ունենում:

Այսօրվա հերոսը դեռ շատ ասելիք ունի, ինչպես նաև մեծ հավատ լուսավոր ապագայի հանդեպ: «Միայն արվեստագետ չեմ, քաղաքացի եմ», - ասում է Մանարյանը՝ բացատրելով, թե ինչու չի կարողացել երբեք անտարբեր անցնել քաղաքական բուռն զարգացումների կողքով:

Ներկայացնենք նրա խոսքերից մի քանիսը՝

.Մենք մեր ճակատագրի տերն ենք, մենք ենք որոշելու այս երկրում ինչը՝ ինչպես պետք է լինի:

.Այդ ինչ անհագուրտ ցանկություն է՝ վերցնել այնքան, որ ուրիշներին բաժին չմնա և մյուսները ստիպված լինեն թողնել երկրից հեռանալ: Աստված ինչպե՞ս է ստեղծել այդ մարդկանց, դժվարանում ես հասկանալ:

.Հայրենիքը պետք է այնպիսին լինի, որ չլքեն:

.Այսօր ակամա սկսում ես մտածել, թե որտեղ ես վերջանալու:

Պրն. Մանարյանն արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իր ընկերներից ու հարազատներից, մենք նույնպես շնորհավորում ենք սիրելի մաեստրոյին, մաղթում առողջություն եւ ստեղծագործական հաջողություններ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: