«100 մինուս 10» հավասար է 90
Փոփոխությունների թատրոն» մշակութային ՀԿ գործադիր եւ ստեղծագործական տնօրեն, «100 մինուս 10» բեմադրության հեղինակ Հայկ Սեկոյանի խոսքով սա յուրատեսակ ներկայացում է լինելու, որի ընթացքում հենց ինքը հոբելյարը հանպատրաստից կպատասխանի իրեն տրվող հարցերին: «100 մինուս 10-ը» ներկայացում է, որն ամբողջովին բեմադրված չէ, դերասանական կազմը կա, նրանք պատրաստ են հոբելյանին հարցեր ուղղելու, բայց ի վերջո նրանք պատասխանները չգիտեն, այդ ժամանակ մուտք է գործելու իմպրովիզը: Ներկայացումը մեծարման երեկո է յուրովի ձեւով:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ Երվանդ Մանարյանը ուսուցիչ է մեծ տառով: Նա շաբլոններից ու կարծրատիպերից դուրս է, իրական արվեստագետ, ով հոգով երիտասարդ է:
Հիշեցնենք, որ Երվանդ Մանարյանը դերասան է, ռեժիսոր, սցենարիստ։
Ծնվել է Արաքում (Իրան)։ 1946-ին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորն է։
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ