Հայերեն   English   Русский  

«Մաքսիմ Լինդեր» կամ եվրոպական դրախտը որոնելիս…


  
դիտումներ: 9780

«Իմ պատմությունը մի իսկական արկածային գրքի թեմա է,- ասում է Բելգիայում բնակվող Մարատ Ստեփանյանն ու մեջբերում Սևակի խոսքերը,- «Եթե ասեմ, բոց կլինի: Եթե չասեմ` խոց կլինի: Բա իմ բանը ո՞նց կլինի»:

Այնուամենայնիվ, կարծում է, որ պետք է պատմել, խոսել այն մասին, որ օտար երկրներում բախտ որոնող մարդկանց երազներն ու իրականությունը խիստ տարբեր են, երբեմն՝ ճակատագրական ու անբեկանելի:

Մարատ Ստեփանյանը ծնվել է 1960 թ., Վարդենիսում: Ավարտելով ժողինստիտուտը, ապա մեկնելով բանակ ու ծառայությունից վերադառնալով` նա էլ բոլոր խորհրդային օրինավոր քաղաքացիների պես փորձում է աշխատանք գտնել ու խաղաղ կյանք վարել: Բայց պարզվում է` խորհրդային տարիներին էլ հեշտ չէր ուզածդ գործը գտնելը, և երիտասարդը որոշում է բախտը փորձել Ռուսաստանում: Նոր էր մեկնել Մոսկվա, երբ մի օր գետնանցումում մի գնչուհի է մոտենում, թե՝ փող դիր ափիս մեջ՝ բախտդ գուշակեմ: Մարատը մերժում է ու հեռանում, իսկ գնչուհին հետևից ընկած` փորձում է համոզել: Երբ տեսնում է, որ չի համոզվում, զգուշացնում է. «Եթե փող չտաս, որ գուշակեմ՝ քեզ մեծ դժբախտություն կպատահի»:

Մարատը, ուշադրություն չդարձնելով գնչուհու խոսքերին, հեռանում է: Մի քանի ժամ անց լուր է ստանում, թե մայրը ծանր վիճակում է: Նույն օրը հասնում է Հայաստան, գնում իրենց գյուղ ու պարզում, որ մայրը հիվանդանոցում է, գրեթե անգիտակից: Կայծակնային մենինգիտ էր սկսվել: Մայրը, անկողնուն գամված, իր անունն էր տալիս` առանց տեսնելու ու լսելու որդուն: Այդպես էլ գիտակցության չգալով՝ նա մահանում է, և Մարատը մինչ օրս հոգու խորքում մեղադրում է իրեն, որ թույլ չտվեց գնչուհուն գուշակել: Գուցե զուգադիպություն էր դա, բայց այդ օրվանից նրա կյանքի անիվը կարծես թարս է պտտվում:

Մարատը մնում է Հայաստանում` աշխատանքի անցնելով Վարդենիսի ռազմական գաղտնի գործարանում որպես տնօրենի տնտեսական գծով տեղակալ: Սկսվում է Արցախյան շարժումը: Չնայած դեռ ուսանողական տարիներից տարված էր անկախության գաղափարներով, չէր էլ կարող ենթադրել, որ օրը մոտ է, ապրում էր սովորական խորհրդային կյանքով: Ավելին, ստիպված էր անցնել կոմկուսի շարքերը, քանի որ առանց դրա հնարավոր չէր աշխատանքի մեջ լուրջ առաջընթաց ունենալ: Սակայն զավեշտալի զուգադիպությամբ կուսակցականի թեկնածու է դառնում փետրվարի 20-ին` այն նույն օրը, երբ Երևանում ռեկորդային բազմամարդ հանրահավաք էր Արցախը Հայաստանին միացնելու պահանջով: «Ես, բանից անտեղյակ, գնացի տուն ու հանկարծ լուրերից իմացա, որ նման բան է եղել»: Թերևս ամենազավեշտալին այն էր, որ կոմկուսի շարքերը մտնելու համար 1000 ռուբլի կաշառք էին տալիս: Եվ ահա՝ շուտով Սովետը քանդվում է, իսկ պարտիական պարտականություններից ազատված Մարատը նվիրվում է Արցախյան պատերազմին: «Ես մարտական գործողությունների ակտիվ մասնակից չեմ եղել, եղել եմ թիկունքում, որտեղ նույնպես կարևոր ինքնապաշտպանական գործողություններ էին կատարվում»:

Այդ ժամանակ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը հաճախ էր գալիս իրենց գործարան ու հանդիպում տնօրենի հետ: Հիշում է Լեոնիդի խոսքերը. «Մ՝եր փրկությունը զենքի մեջ է», կամ՝ «Երբ լսեք՝ զոհվել եմ, չհավատաք: Ես մեռնելու եմ Ստամբուլի պատերի տակ»: Նրա համար Լեոնիդ Ազգալդյանը ոչ միայն ազգային հերոս էր, այլև իր հոգևոր հայրը, որին նա համեմատում է Նժդեհի հետ:

1992 թ. Լեոնիդ Ազգալդյանը զոհվում է, Մարատ Ստեփանյանի համար դա ասես անձնական ողբերգություն էր: Նա որոշում է հեռանալ Հայաստանից. մեկնում է նախ Լեհաստան, ուր լսում է Գերմանիայի իշխանություններին հանձնվելու և «դրախտային» պայմաններում հայտնվելու այն վարդագույն երազանքի մասին, որի հետևից շատերն էին գնում ու հայտնվում թակարդում: «Ասեցի՝ բախտս փորձեմ, ու այդ փորձը իմ գլխին դարձավ փորձանք»: Սկսվում է նրա կյանքի արկածային շրջափուլը, որի նմանը Խորհրդային Հայաստանի ապահով քաղաքացին միայն ֆանտաստիկ գրականության մեջ կարող էր հանդիպել՝ երբևէ չպատկերացնելով, որ մի օր կարող է դառնալ այդ ամենի գլխավոր հերոսը:

1994 թ. հայերի մի խումբ Լեհաստանից ապօրինի ճանապարհով պետք է անցներ Գերմանիա: Գումարները տվել էին, և համապատասխան մարդիկ գործը կազմակերպում էին: Հասել էին Լեհաստանն ու Գերմանիան բաժանող գետին, այն պետք է անցնեին ռետինե նավակներով: Առաջին երկուսն ինքն ու երևանցի մի տղա էին: Երբ հասնում են Գերմանիայի ափը և սպասում մյուսներին, նկատում են, որ Լեհաստանի սահմանապահները հայտնվել են ափին: Բոլորին ձերբակալում են: «Մենք մնացել էինք գերմանական ափին կանգնած ու ձայն էինք տալիս, թե ինչ պիտի անենք: Մյուս ափից մեզ տեղափոխողը գոռում է, թե կգնաք էսպես-էնպես, կհասնեք ինչ-որ գազի խողովակների, հետո կհասնեք երկաթգծի, դրա երկայնքով կգնաք և այլն և այլն»:

Եթե հաջողվեր, ապա տղաները կհասնեին «երազանքի ճամբարին», իսկ եթե բախտը չժպտար, ապա սահմանապահները կբռնեին ու նորից հետ կուղարկեին Լեհաստան: Այդպես էլ լինում է: Սահմանապահները նրանց բռնում են, խլում ամենավերջին կոպեկը (Մարատի մոտ 1500 ռուբլի կար) ու հետ ուղարկում Լեհաստան: «Ի՞նչ պիտի անեի առանց գումարի ու փաստաթղթերի: Միակ փրկությունը կրկին Գերմանիա հասնելն էր»:

Եվ այդպես 1,5-2 ամիս շարունակ Մարատն անընդհատ փորձում էր անցնել Գերմանիայի սահմանը, բայց հենց հաջողվում էր, սահմանապահները բռնում ու հետ էին ուղարկում, և այդ ողջ ընթացքում նա ապրում էր փողոցներում, օրերով սոված ման գալիս, երբեմն սնվում անօթևանների համար նախատեսված ճաշարաններից՝ փորձելով ելք գտնել կյանքի շրջագիծը 180 աստիճանով փոխած այդ քաոսային իրավիճակից: Նա անգամ չէր կարողանում լուր ուղարկել հարազատներին, որ ողջ է:

1996 թ. Մարատը վերջապես կարողանում է հատել Գերմանիայի սահմանը և ուղղություն բռնել դեպի արևմուտք: Հասնում է Ֆրանկֆուրտ: Երբ հերթական անգամ սահմանապահները նրան ձերբակալում են ու հարցնում ազգությունը, ստիպված ստում է, թե գերմանացի է: Իսկ երբ անունն են հարցնում, այդ պահին առաջինը մտքին եկած անուն-ազգանունն է տալիս՝ Մաքսիմ Լինդեր: Այդ անումը երկար տարիներ դառնում է նրա կյանքի անբաժանելի ուղեկիցը, մինչև որ կարողանում է կարգի գցել փաստաթղթերը, վերականգնել անձնագիրն ու ազատվել օտար անունից:

Բայց մինչ այդ նրա ոդիսականը շարունակվում է Ֆրանկֆուրտում: Բանն այն է, որ եթե գնար փախստականների ճամբար, ապա միանգամից հետ կուղարկեին Լեհաստան, և պատմությունը կկրկնվեր: Նա փորձում էր սեփական ուժերով նոր կյանք կերտել իրեն հրամցված արկածային այս ճակատագրից: Շատ տառապանքներ ու հիասթափություններ է ապրել, որոնց մասին կարող է ժամերով խոսել: Պատմում է՝ մի օր այնքան սոված էր, որ որոշում է մտնել սուպերմարկետ և աննկատ դուրս գալ: Երբ սնունդը ձեռքին մոտենում է դրամարկղին, հասկանում է, որ ինչքան էլ սոված լինի, չի կարող գողանալ, դա իր համար արդեն բարոյական հարված է, որին չի դիմանա: Եվ վերջին պահին սնունդը շպրտում, դուրս է գալիս. «Հետո եմ մտածում՝ այ մարդ, ներսում ուտեիր, դուրս գայիր, էլի»,- ծիծաղելով հիշում է նա:

1997 թ. նա անցնում է Բելգիա, հաստատվում Կորտրեյք քաղաքում: Այդ ընթացքում անընդհատ ուզում էր վերադառնալ Հայաստան, բայց քանի որ երկար տարիներ բացակայել էր, չէր ուզում դատարկ գրպանով հետ գալ: 2002 թ. վերջապես կացության կարգավիճակ է ստանում, բայց գերմանական անուն-ազգանունը դեռ իր հետ էր, քանի որ չէր հաջողվում վերականգել իրական փաստաթղթերը: Սակայն դա չի խանգարում, որ Մարատ Ստեփանյանը Բելգիայում ակտիվ հասարակական գործունեություն ծավալի ու նույնիսկ հասարակական կազմակերպություն ստեղծի:

Վերջապես, նրա փաստաթղթերն ու իրական անուն-ազգանունը վերականգնվում են, 17 տարվա բացակայությունից հետո, 2009-ին, նա կարողանում է անարգել գալ Հայաստան: Արդեն մոտ 50 տարեկան էր, բայց գերմանական երազանքի հետևից գնացած ու մղձավանջային թակարդի մեջ հայտնված մեր հայրենակիցն անգամ չէր հասցրել անձնական կյանքը կառուցել: Հայրենիքում այդ բացը լրացնում է. ամուսնանում, կնոջն էլ վերցնում ու վերադառնում Բելգիա՝ մի օր անպայման հայրենիք գալու խոստումով: Կինն առաջին ամուսնությունից երկու երեխա ուներ, որոնք իրենց հետ էին: «Մտածում էի՝ մեծ եմ, միգուցե երեխաներ չունենամ, սեփական երեխաների պես կխնամեմ ու կդաստիարակեմ կնոջս զավակներին»: Սակայն ճակատագիրն արդեն շռայլ էր նրա նկատմամբ, և ամուսնությունից 4 երեխա են ունենում: Առաջնեկը ծնվում է, երբ նա բոլորել էր 50-ամյակը:

Այս պահին Մարատ Ստեփանյանը գործունեություն է ծավալում Կորտրեյքում և առհասարակ Բելգիայում, հայ համայնքն ակտիվացնելու, հայկական մշակույթն ու ավանդույթներն ամրացնելու ուղղությամբ: Ցավով նշում է, որ Բելգիայում Հայաստանի դեսպանատունն առանձնապես ջանքեր չի թափում և անգործության է մատնված:«Բելգիայի հայ համայնքը շատ ծանր վիճակում է, կարելի է ասել՝ օրհասական: Մարդիկ ուզում են հայ մնալ, ուղղակի այդ հնարավորությունը չունեն: Իսկ Եվրոպայում կամաց-կամաց հաստատվում են շարիաթի օրենքները, Եվրոպան գնում է կործանման»:

Ու Մարատն արդեն Հայաստանում հողակտոր է գնել և կնոջ ու 6 երեխաների հետ երազում է այն օրվամասին, երբ մեկընդմիշտ կվերադառնա հայրենիք՝ երջանիկ ավարտ դնելով իր կյանքի՝ խաբուսիկ երազանքներով ու սոսկալի փորձություններով լի շրջափուլին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: