Հայերեն   English   Русский  

Կարեն Կարապետյանի որոշումը ղեկավարել կառավարությունը գերհամարձակ քայլ է. պատգամավոր


  
դիտումներ: 1322

Վարչապետի փոփոխությունը միտված է փոխելու հայաստանյան հասարակության բողոքական վիճակը սպասողական տրամադրության:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նա գնտում է, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված էր այն փաստով, որ գրանցվեց տնտեսական նվազում, որը զգացին լայն հանրության շերտերը:

«Միևնույն ժամանակ իմ մոտ հարց է առաջանում, թե կառավարության փոփոխությունն ինչ ներքին գործոններով էր պայմանավորված: Բավականին ռադիկալ միջոցառումներով սոցիալական ընդվզումն ու բացահայտ դժգոհությունը փորձեցին տանել ժամանակավոր սպասման գոտի, իսկ այդ գոտին կարող էր բերել կառավարության փոփոխությունը»,-նշեց Անուշ Սեդրակյանը:

Նա հիշեցրեց, որ բոլոր վարչապետները ժամանակին խոստացել են պայքարել մենաշնորհների դեմ այն դեպքում, որ Հայաստանում թե՛ մենաշնորհները, թե՛ ռեսուրսները տիրապետող խմբերը անվանական խմբեր են. «Եթե վարչապետը սկսի թվել մենաշնորհներ ունեցողների անուններն ու նշի նրանց դեմ պայքարի մեթոդները, ես կհավատամ, որ Հայաստանում փոփոխություններ են սպասվում։ Քանի անուններ չեն տվել, ես ոչ մի բանի չեմ հավատում։ Բոլորը պայքարում են կոռուպցիայի դեմ. ամենաուժեղը կոռուպցիայի դեմ պայքարում են նրանք, ովքեր զբաղված են կոռուպցիայով»։

Նա նկատեց, որ Կարեն Կարապետյանի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել Վրաստանի օրինակը.« Բիձինա Իվանիշվիլին իր անձնական միջոցները ներդրում էր տնտեսության մեջ, սակայն մոռանում ենք, որ Հայաստանի տնտեսական պրոբլեմների գրեթե 50-60 տոկոսը գալիս է այն համակարգի ընտրությունից, որի մեջ գտնվում ենք: Մեր տնտեսական նվազումները գալիս են ԵԱՏՄ տնտեսական նվազումների հետ զուգահեռ»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին նշեց, որ հրաժարականը սահմանադրական փոփոխություններից հետո ենթադրվող արմատական փոփոխությունների արտացոլումն է:

Արտակ Դավթյանի ոչ միայն լավատես է, այլև իրատես, որ այն ակնկալիքները, որ ունեն բոլորի հետ միասին, կիրականան: Նրա խոսքով՝ երեկ Կարեն Կարապետյանն իր կարճ խոսքում շատ պրագմատիկ ներկայացրեց, թե ինչպես է տեսնում ծրագիրը:

«Կարեն Կարապետյանի որոշումը ղեկավարել կառավարությունը գերհամարձակ քայլ է»,-ասաց պատգամավորը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: