Հայերեն   English   Русский  

​Հին երգը չավարտած՝ նոր երգ ենք երգում. խաղողի բերքահավաքը սկսվում է


  
դիտումներ: 6374

Նորից սկսվում է խաղողի մթերման սեզոնը, բայց արդեն մեկ տարի է, ինչ մթերված խաղողի դիմաց խաղողագործները չեն վճարվել: Ըստ պետական՝ պաշտոնական թվերի՝ անցյալ տարվա մթերված խաղողի դիմաց վերամշակողները խաղողագործներին պարտք են 800 մլն դրամ, իսկ խաղողագործները պնդում են, որ պարտքերը 1.5 միլիարդից ավելի են: Խնդիրը, սակայն, թվերի անհամապատասխանությունը չէ, այլ երևույթը. վերամշակողները չեն կարողանում փակել պարտքերը:

Պատճառները հայտնի են ու պարզ էին դեռևս անցյալ տարվանից, երբ Արարատի ու Արմավիրի մարզերի մի շարք գյուղերի բնակիչներ երեխաներով, տունուտեղով դուրս էին եկել փողոց ու փակել հանրապետական նշանակության մայրուղիները` պահանջելով, որ վերամշակողները մթերեն իրենց բերքը, իսկ կառավարությունն ու նախագահը վերամշակողներին պարտադրեցին գյուղացիների աճեցրած բերքն ամբողջովին ու ժամանակին մթերել:

Այս իրողությանն «Անկախն» անցյալ տարի անդրադարձել է՝ քննադատելով գործադիրի այս գործելաոճը, մատնանշելով, որ այդպիսով վերամշակող ձեռնարկություններն են հայտնվում հարվածի տակ: Ակնհայտ էր, որ պարտադրելը վերամշակողներին գնել գյուղացու բերքը, երբ դեռ նախորդ տարվա բերքից ստացված արտադրանքը չէր իրացրել, հանգեցնելու է լուրջ ճգնաժամի: Առավել ևս, որ պետությունը բարոյական իրավունք էլ չուներ պարտադրելու վերամշակողներին, քանի որ նրանց չէր օգնում իրացնելու իրենց արտադրանքը, նոր շուկաներ չէր հայթայթում նրանց համար: Էլ չասենք, որ վերամշակողները նման վիճակում հայտնվել էին նաև պետության վարած ինտեգրացիոն-տնտեսական քաղաքականության հետևանքով:

Մի խոսքով, այս տարի վերամշակողներն ավելի վատ վիճակում են, ինչպես հավաստիացնում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, և դա երևում է նաև պարտքերից: Նշանակում է՝ այս տարի էլ են լուրջ խնդիրներ առաջանալու: Բայց խնդիրներն ավելի խորքային են, քան թվում են:

Խաղողագործները, հանձին Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի, շեշտադրում են, որ խաղողագործի հետ աշխատելու առաջին սկզբունքը պետք է լինի այն, որ խաղողագործ-մթերող փոխշահավետ պայմանագրային հարաբերություններ լինեն, այնինչ մինչև 2013 թվականը մթերողներն էին խնդրում, որ գյուղացիներն իրենց հետ պայմանագիր կնքեն: Այն ժամանակ գյուղացիները չէին կնքում:

«Խաղողագործը չգիտի, թե ում հետ պետք է իր առևտուրը կազմակերպի, ով պետք է իրենից գնի և ինչ գնով: Էսօրվա մեր խաղողագործության ոլորտում պրոբլեմների սկզբնաղբյուրը սա է: Մթերող ձեռնարկություններն ունեն իրենց խնդիրները, բայց ամեն պատճառի հետ մեկտեղ պետք է հաշվի առնենք, որ գյուղացին, առանց մթերող ձեռնարկության հետ պայմանագրային պարտավորության, չի կարող իր բերքը վաճառել: Մյուս գերխնդիրը՝ խաղողագործներին այսօր պետք է պետական աջակցություն»,- նշում է Սարգսյանը:

Իսկ պետությունը, ի դեմս ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի, նշում է, որ պետությունը բերքի մթերման համար վերամշակողներին ցածր տոկոսով վարկեր է տալիս: Ուրեմն պետությունը վերամշակողին ստիպում է գնել գյուղացու բերքը, իսկ երբ վերջինս ասում է, թե գումար չունի, պետությունը վարկ է դեմ տալիս: Փաստորեն, վերամշակողներն այսօր հայտնվել են մեծ վարկային բեռան տակ ու լինել-չլինելու վտանգի առջև: Ու երևի բացառված չէ, որ մի օր էլ վերամշակողները ցույց անեն, ճանապարհ փակեն ու ինչ-ինչ պահանջներ առաջ քաշեն:

Հարց է ծագում՝ արդյոք գյուղացիները, որ արդեն իսկ ճանապարհ են փակում ու պահանջներ դնում, լիովի՞ն արդարացի ու իրավացի են:

Ինչպես նշում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, 25 տարի ժամանակ էր տրված նրանց, հողեր և այգիներ` 1 հեկտարը՝ 25 հազար դոլար արժեքով, որոնք նվիրվեցին նրանց, անվճար, և 25 տարվա ընթացքում գյուղացին չմտածեց իր շուկան դիվերսիֆիկացնելու մասին:

«Մենք այսօր կոնյակ ենք վաճառում ինքնարժեքից երկու անգամ ցածր գնով և կռիվ ենք տալիս յուրաքանչյուր ցենտի համար: Այսօր կառավարությունը մեզ պարտադրում է, որ գյուղացիներից խաղող մթերենք, ընդ որում` որոշակի գներով: Աբսուրդ սիտուացիա է, շատ աբսուրդ: Գյուղացին 25 տարի ժամանակ ուներ մտածելու, բայց չմտածեց: Այլ մտածեց՝ էհ, ժամանակը կգա, ճանապարհը կփակեմ, խաղողս կվերցնեն... Չի լինի էդպես: Մենք մեկ շիշ գինին 1,5 դոլարով ենք վաճառում 2,5-3 դոլար ինքնարժեքի պարագայում, որպեսզի շուկայից դուրս չմղվենք, տարիների ընթացքում քրտինքով ստեղծված դարակները ռուսական շուկայում չկորցնենք: Գյուղացիներն էլ նորից կառավարությանը կդիմեն, կառավարությունն էլ կստիպի, կխնդրի, որ նրանց արտադրանքը իրացվի: Ամբողջ մեղքը խաղողագործների վրա է: Այսօր ման ենք գալիս մուսկատային սորտեր, որպեսզի կիլոգրամը 400-500 դրամով գնենք, չկա: Ման ենք գալիս հազվագյուտ հայկական տեղածին սորտեր և պատրաստ ենք մեկ կիլոգրամին 700-800 դրամ վճարել, չկա: 25 տարում հնարավոր չէ՞ր հասկանալ շուկան: Ուղղակի պետությունը գյուղացուն մի քիչ բաց թողեց, գյուղացին էլ մտածեց` ճանապարհ կփակեմ, խաղողս կվերցնեն»,- ասում է Ավագ Հարությունյանը:

Եվ իրոք, ի՞նչն է խանգարում խաղողագործ գյուղացուն, որ իտալացի, ֆրանսիացի խաղողագործների պես իր ավելացած բերքից, որը չի կարողացել իրացնել, ինքնուրույն գինի պատրաստի և ինքնուրույն վաճառի: Նույն Ֆրանսիայում սա շատ տարածված է, և ֆրանսիացի ֆերմերների՝ տնական գինիները լավ էլ պահանջարկ ունեն: Այնպես չէ, որ հայ խաղողագործների գինիները հայկական «օբյեկտները» չեն ցանկանա գնել, եթե լավ ու որակյալ լինեն:

«Հիմա իրավիճակը փոխվում է, ստեղծվում են նոր գործարաններ` ելնելով նոր իրավիճակից: Փոքր տարածքների գինին ծաղկում է ապրում, պետությունը շեշտը դնում է փոքր տարածքների վրա. փոքր այգի, փոքր գինեգործարան կոնցեպտն է գործում: Գյուղացիներից փոքր գործարանները կսկսեն խաղող քիչ առնել, հիմնական ծանրությունը կընկնի մեծ գործարանների վրա, որոնք կսկսեն էժան գինի ու էժան կոնյակ արտադրել: Գյուղացիները պետք է ճիշտ կողմնորոշվեն նման իրավիճակներում»,- շեշտում է գինեգործների միության նախագահը:

Իսկ մեր գյուղացիներն ընտրում են ոչ թե գինեգործների շրջանում մեծ պահանջարկ վայելող խաղողի սորտեր, այլ բերքատու սորտ, աճեցնում են այդ սորտը, որ շատ բերք ստանան, շատ վաճառեն ու շատ եկամուտ ստանան: Հետագայում, բնականաբար, գինեգործներին այդ խաղողը ձեռք չի տալիս, ու առաջանում են խնդիրներ:

«Օրինակ, երբ գյուղացին Վան սորտի խաղողի այգի էր տնկում, գյուղնախարարությանը կամ գինեգործների միությանը հարցնո՞ւմ էր, թե ուզում եմ Վան սորտը տնկել, ի՞նչ խորհուրդ կտաք, մի քանի տարի հետո խնդիր կունենա՞մ: Ու բողոքների մեծ մասն էլ գինեգործարաններից այն է, որ շատ սորտեր կան, որոնք գինեգործարանների համար անպիտան չեն, բայց գործարանները չեն ընդունում: Ստիպված էլի գործարարներին խնդրում ենք, ասում ենք` մարդիկ աճեցրել են: Իսկ խորհուրդ գյուղացին չի ընդունում, ասում է` ամենախելացին ես եմ, խորհրդի կարիք չունեմ: Մանր գյուղացիական տնտեսություններով ուզում են պարտադրել, թե պետությունը պարտավոր է միջամտել, վերամշակողը պետք է ընդունի, ճանապարհը կփակենք... Այդ մոտեցումը մեր միջից պետք է հանենք, բայց 25 տարվա ընթացքում այդպես էլ չհանեցինք ու չհասկացանք, որ թե՛ գյուղացին, թե՛ մթերողը տնտեսվարող սուբյեկտներ են և բիզնես են անում»,- նշում է Ռոբերտ Մակարյանը:

Իհարկե, գինեգործներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Փորձը ցույց է տալիս, որ Ավագ Հարությունյանի նշած փոքր գինեգործարանները, որոնք իրենց այգիներն են տնկում, իրենց պիտանի սորտերն աճեցնում, իրենց տեխնոլոգիաները կատարելագործում, լավ գինիներ են ստանում, լավ էլ հաջողություն են ունենում: Պատահական չէ, որ աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը հենց հայկական է ու հենց այս մոդելի արդյունք: Իսկ հին ու մեծ գինեգործարանները 25 տարվա մեջ չկարողացան նորմալ, բարձր որակով, միջազգային շուկայում մրցունակ գինիներ արտադրել:

Այսպիսով, լուծումը այս բոլոր խնդիրների միջակայքում է, երբ գյուղացին կսկսի ուսումնասիրել շուկան, հասկանալ պահանջարկը, կլսի մթերողին, կլսի մասնագետների խորհուրդներն ու բարձրարժեք սորտեր կստանա, մթերողը օրեցօր կլավացնի իր գինիների որակն ու մրցունակությունը՝ համագործակցելով գյուղացու հետ, պետությունն էլ կարգավորիչ ու աջակցող իր բոլոր լծակները լավագույնս կօգտագործի: Այլ տարբերակ չկա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: