Հայերեն   English   Русский  

​Արյունով վերցրել ենք, արյունով էլ մինչև վերջ պահելու ենք. Արթուր Ալեքսանյան


  
դիտումներ: 2817

«Զորահանդեսը պետք է, որ թշնամին տեսնի` մենք ընկճված չենք, չենք խեղճացել: Սա միայն զորահանդես չէ, այլ միջոցառում, որը հստակ մեսիջներ է ուղարկելու: Ասելիք կա, և առաջին հերթին՝ մեզ: Զորահանդեսի փորձերին եղել եմ և տեսել, որ ապրիլյան դեպքերի շատ-շատ բացթողումներ արդեն շտկվել են»,- ասում է ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ, Արցախյան ազատամարտի վետերան Արթուր Ալեքսանյանը` անդրադառնալով վերջին օրերին շատ քննարկված հարցին` պե՞տք է արդյոք զորահանդես անել անկախության օրը:

Ալեքսանյանը հիշեցնում է` անկախության 25-ամյակը կարևոր միջոցառում է, ոչ թե հերթական տարեդարձ, հետևաբար, զորահանդեսի իրականացումն էլ` պարտադիր: «Մեր գոտիները շատ ենք ձգել: Մի քիչ էլ թող սրա համար ձգենք, ի՞նչ է եղել»,- ասում է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ապրիլյան պատերազմի օրերին ինչու հակագրոհ չեղավ և մենք տարածքային կորուստներ ունեցանք, Ալեքսանյանը, որ այդ օրերին առաջնագծում է եղել, ասում է. «Եթե վերցնեինք, նորից շատ զոհեր կտայինք, պատրաստ չէինք այդքան զոհեր տալուն, գինը չարժեր: Հետ վերցնելուց հետո պետք է առաջ գնայինք, իսկ առաջ գնալուն պատրաստ չէինք: Եթե առաջ գնայինք, ինչ որ լիներ, գինը կարդարացներ իրեն, բայց միայն հետ վերցնելու համար այդքան զոհ տալ չարժեր»:

Նա նաև հավելում է. «Ես հույսս չեմ կտրել, որ Գանձակը մերը կլինի: Հանկարծ մի անգամ էլ նման բան լինի՝ կարող ենք Բաքու մտնել: Բաքու մտնելը հեշտ բան է, պահելն է դժվար»:

Ալեքսանյանը, խոսելով ապրիլյան դեպքերից ու դրանցից հետո բանակում կատարված փոփոխություններից, ասում է, որ այն ժամանակ անպատրաստ ենք եղել, բայց միևնույն է, հերոսական դիմադրություն ենք ցույց տվել, մինչդեռ հիմա արդեն պատրաստ ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայելուն, ավելի խելացի ու մարտունակ պատասխան տալուն:

«Երբ երկար ժամանակ չես կռվում, զգոնությունդ թուլանում է: Կարևորն այն է, որ առաջ նայենք, շտկենք, ու էլ չթողենք, որ նման բան լինի»,- ասում է նա:

Ըստ նրա՝ ապրիլից ի վեր բանակում շատ բան է փոխվել, նախկին հրամանատարներն էլ ամիսը մեկ-երկու անգամ հանդիպում են ունենում պաշտպանության նախարարի հետ, խոսում իրենց նկատած բացթողումների ու խնդիրների մասին, առաջարկներ անում ու քննարկում: Ալեքսանյանի խոսքով` նախկինում նման հավաքներ չեն եղել: «Հիմա ամեն ինչ շատ ակտիվ է, ճիշտ ռելսերի վրա է դրված»,- ասում է նա:

Հարցին, թե մի՞թե չէր կարելի այդ ամենը նախորդ 20 տարիներին իրականացնել, Ալեքսանյանը պատասխանում է. «15 տարի առաջ պաշտոնաթող եմ եղել և այս պահին սովորական քաղաքացի եմ, ուստի չեմ կարող ասել, թե ինչու չեն արել»: Նա նաև հավելում է, որ բանակը բարդ կառույց է, այստեղ միշտ էլ խնդիրներ կլինեն. իդեալական վիճակ չի կարող լինել:

Հարցին, թե առանց ցուցադրական պատիժների մի՞թե հնարավոր է հետագայում խուսափել չարաշահումներից ու սխալների կրկնությունից, Ալեքսանյանը պատասխանում է. «Շատ մարդիկ են հեռացվել, հիմա քննությունն ու դատական գործերը շարունակվում են: Ի տարբերություն քաղաքական համակարգի, որտեղ մարդկանց հեռացնելուց հետո տուն են ուղարկում, այստեղ այդպիսի բան չկա, ում հեռացրել են, բոլորը քննության տակ են»: Նա հասարակությանը կոչ է անում բանակից ավելի քաղաքական ու տնտեսական կյանքը և խնդիրները քննարկել, լուծումներ որոնել: «Բանակի մասին շատ խոսելուց չեմ կարծում, որ շտկման գործընթացներն ավելի արագ կգնան»,- ասում է նա:

Իսկ բանակի շատ խնդիրների լուծման համար նա իր բանաձևն է առաջարկում` բարձրացնել սպաների աշխատավարձը:

«Բարձրացրեք աշխատավարձը, այն ժամանակ ուրիշ լեզվով խոսենք նրանց հետ: 24 ժամ ծառայության մեջ են, անվտանգության ողջ բեռն իրենց ուսերին է, բայց 150-200 հազար դրամ աշխատավարձ են ստանում,- ասում է նա:- Մարդիկ կան, որ 10 մլն աշխատավարձ են ստանում, ոլորտը քայքայեցին, ամեն ինչ թալանեցին տարան, բայց այդ մասին չեն խոսում, մինչդեռ էստեղ այդքան խոսում են»:

Ալեքսանյանն ասում է, որ սպաները 24 ժամ շարունակ մտածում են հայրենիքի և նաև ընտանեկան հոգսերի մասին: Մինչդեռ աշխատավարձի բարձրացումը կարող էր հարցը լուծել` հնարավորություն տալով, որ սպաները միայն հայրենիքի պաշտպանության վրա կենտրոնանան:

«Մի բանի մասին պիտի մտածես: Չեմ ասում՝ բացթողումներ չեն եղել, չեմ ասում՝ մի խոսեք, ասում եմ՝ քիչ խոսեք, մի բան էլ ավելի արեք: Ոչ մի բան չեն անում, բյուջեն չեն ավելացնում, աշխատավարձերը չեն ավելացնում, բայց անընդհատ պահանջում են: Չի կարելի այդպես: Սա վիրավորանք է: Շատերը մտածում են ծառայությունից դուրս գալու մասին»,- ասում է Ալեքսանյանը:

Խոսելով հայաստանյան մամուլում շարունակ քննարկվող հողեր հանձնելու թեմայի մասին` Ալեքսանյանն ասում է. «Չգիտեմ, թե ինչ է նշանակում հանձնել: Եվ յուրաքանչյուր հրամանատար է այդպես մտածում: Ինչ է խոսվում՝ այլ հարց է, բայց մոտիկից մեր բոլոր հրամանատարներին ճանաչում եմ, վստահեցնում եմ, որ ոչ մեկի մտքում նման բան չկա, նույնիսկ պարտադրված հանձնել չկա, արյունով վերցրել ենք, արյունով էլ մինչև վերջ պահելու ենք: Ապացույցն էլ ամսի 21-ին կտեսնենք, մեծ ասելիք կա»:

«Ամեն տեղ, բացի Նախիջևանից ու Շահումյանից, ապրում ենք, էլ բան չունենք ասելու, դե ֆակտո մերն է. ապրում ենք, տներ ենք սարքում, բիզնես ենք հիմնում, էլ ի՞նչ է պետք հաստատելու, որ չենք հանձնելու,- ասում է Ալեքսանյանը: - Մի բան գիտեմ` պետք է հնարավորինս քիչ խոսել ու շատ վերաբնակեցնել այդ տարածքները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: