Հայերեն   English   Русский  

​Արցախյան անմոռանալի օրեր


  
դիտումներ: 3347

Արձակուրդիս մի մասը որոշեցի ընտանյոք անցկացնել Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում, որը բազմաթիվ զբոսաշրջիկների կարծիքով՝ իր անկրկնելի բնությամբ չի զիջում Շվեյցարիային:

Հուլիսի 29-ին մեկնեցինք Ստեփանակերտ, ուր դեռ ձմռան ամանորյա օրերից մենք գտել ենք մեր հարազատ օջախը Րաֆֆու 5ա հասցեում:

Ավագ որդիս` Մովսեսը, 2015 թ. հուլիսից զինվորական ժամկետային ծառայությունն է անցնում Ասկերանի փառապանծ զորամասում.ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից, «Քաջարի մարտիկ» կրծքանշանի արժանացած զինվոր, որը կամավորների և զինակից ընկերների հետ շուրջ երեք ամիս մնաց հերթապահ դիրքերում: Որդուս քաջալերելու և տեսնելու համար մեկնեցինք Արցախ:

Պատերազմը շատ բան էր փոխել որդուս խոսելու, մտածելու և հայացքի մեջ:

Զորամասում ծանոթացա շատ զինծառայողների հետ. Արարատից` Կարենը, Լյուդվիգը և Վաչիկը, Ավշարից եղբայրներ Հովելը և Հովնանը, Օշականից` Արմենը, Ուկրաինայի Կիրովոգրադ քաղաքից իր սահմանադրական պարտքը հայրենիքի պաշտպանության համար կատարելու եկած իրավաբան Նվերը, որին հանդիպեցի զորամասի գրադարանում: Նրանց շուրթերից լսում էիր հայրենիքի իսկական պաշտպանին վայել խոսքեր, նրանց շնորհիվ մենք` ծնողներս, հպարտանում ենք յուրաքանչյուր խաղաղ օրվա համար:

Հուլիսի 31-ին այցելեցինք Անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարան, մուտքի մոտ մեզ դիմավորեց «Անհայտ կորած ազատամարտիկների միություն» ՀԿ-ի նախագահ, թանգարանի տնօրեն Վերա Գրիգորյանը: Ծաղիկներ դրեցինք մուտքի մոտ տեղադրված հուշաղբյուրի պատվանդանին, որի վրա փորագրված է «Սպասեք, մենք կգանք»:

Մտնել հուշաթանգարան ու չհուզվել հնարավոր չէ, քանզի այստեղ են ամբարված մեր լավ տղաներից մնացած հուշերն ու պատմությունները: Սա թանգարան չէ լոկ, այլ սերունդներին հայրենասիրության դասեր տվող ռազմադպրոց:

Վերա Գրիգորյանը երկու երեխայի մայր է: Միակ որդին` Սպարտակ Գրիգորյանը, Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: 1994 թ. հունվարի 16-ին Ֆիզուլիի շրջանի ազատագրման համար մղված մարտերում անհայտ կորել է: Վերա Գրիգորյանը 19 գրքերի և 12 վավերագրական ֆիլմերի հեղինակ է: Իսկ «Անհայտ կորած ազատամարտիկների միություն» ՀԿ-ն 2007 թ. ի վեր լույս է ընծայում «Հույսի ճանապարհ» պաշտոնաթերթը: Լույսի, հույսի ճանապարհ… Եվ այդ ճանապարհը, որտեղ ծաղկում է մայրերի սպասումը, լուսավորում է բոլորի գալիք ճանապարհները: Հուշաթանգարանը դարձել է սրբատեղի, որտեղ մշտապես անցկացվում են «Հայրենյաց դասեր» և արիության դաս ՊԲ զինվորների, ուսանողների և աշակերտների հետ:

Ծանոթության հաջորդ «կանգառը» զոհված ազատամարտիկների հուշաթանգարանն էր:

Թանգարան մտնող յուրաքանչյուր այցելու հայացք է գցում միջանցքի ձախ պատին փակցված Գալյա Առստամյանի (1939-2014 թթ.) լուսանկարին: Զորակոչիկներին մինչև զորամաս տանելն այստեղ են բերում:

Թանգարանի տնօրեն Արթուր Առստամյանը պատմում էր իր մոր հիմնադրած թանգարանի ստեղծման մասին, թե ինչպես որդեկորույս մայրը` տիկին Գալյան, գյուղեգյուղ, տնետուն է շրջել ու բոլորի լուսանկարները, անձնական իրերը հավաքել ու ստեղծել է զոհված ազատամարտիկների թանգարանը: Սրահներում փակցված 3350 լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:

Արթուր Առստամյանը 31 տարի ծառայել է ԼՂՀ իրավապահ համակարգում և եղել է Արցախյան շարժման ակունքներում: Ի դեպ, Վերա Գրիգորյանի «Երկու ճակատի զինվոր» գիրքը պատմում է 1991-1994 թթ. ԼՂՀ պաշտպանության մարտերի մասնակցի կարգավիճակ ստացած ԼՂՀ ՆԳՆ-ի և ստորաբաժանանումների 716 հոգու մասին: Եվ այս գրքում ներկայացված հերոս պաշտպաններից մեկը Արթուր Առստամյանն է՝ պարգևատրված «Շուշիի ազատագրության համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, խրախուսանքի այլ միջոցներով:

Մտքիցս չի հեռանում Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանի պատմածը Գալյա Առստամյանի մասին. «Երբ հարցրել են տիկին Գալյային, թե 3350 լուսանկարներում որն է իր 21-ամյա որդին (զոհված 1992 թ. նոյեմբերի 19-ին), նա ցույց չի տվել կրտսեր որդուն` Գրիգորի Առստամյանին, պատասխանել է՝ բոլորն էլ իմ որդիներն են»:

Հիմա էլ Արթուր Առստամյանը ցույց չի տալիս եղբոր լուսանկարը: «Բոլորն էլ իմ եղբայրներն են»,- ասում է տնօրենը:

Արցախյան էսսե

Թանգարանում միայն արցախցի ազատամարտիկների լուսանկարներն են. նպատակը դա է եղել` մեկտեղել միայն արցախցիների անձնական պատմություններն ու կենսագրությունները: «Ոչ ոք ստույգ չգիտի, թե քանի ազատամարտիկ է զոհվել այդ տարիներին, մոտավոր թիվը 6000 է: Գիտեմ, որ արցախցիները 3350-ն են, իսկ Հայաստանից` մոտ 2700-ը: Եթե բոլորի թանգարանը ստեղծեինք, երկու անգամ ավելի տարածք կպահանջվեր: Հիմա մտադիր ենք ապրիլյան քառօրյայում զոհվածների համար առանձին անկյուն ստեղծել: Նրանք իրենց հերոսական սխրանքներով փառահեղ էջ գրեցին Արցախի տարեգրության մեջ: Ամենաերիտասարդ՝ 19-ամյա հերոս զինծառայող Ռոբերտ Աբաջյանն իր սխրանքով ապացուցեց, որ հերոսությունը տարիք չունի»,- ասաց Արթուր Առստամյանը:

Զոհվածներից շուրջ 1500-ը ամուրի են եղել, որոնցից մեկը տնօրենի եղբայր Գրիգորին է: Թանգարանում Գրիգորիի նշանադրության մատանին է ու նշանադրության կոստյումը:

Հրաժեշտից առաջ տնօրենը նվիրեց «ԼՂՀ զոհված ազատամարտիկների փառքի հուշամատյան» գիրքը (1988-2009 թթ.), որը հավաքել և կազմել է հիմնադիր տնօրեն Գալյա Առստամյանը: Գիրքը կարծես մի հարկի տակ է հավաքել Արցախին ազատություն պարգևած տղաներին:

Եթե Արցախում լինես և չայցելես վերոնշյալ թանգարանները, պատկերացում չես ունենա հերոսների արյունով ձեռք բերված ազատ Արցախի տարեգրության մասին: Հերոսները կարծես մուտքի մոտ սպասում են այցելուներին:

Օգոստոսի 2-ին այցելեցինք Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որը կարծես լեռների մեջ ծվարած թանգարան է բաց երկնքի տակ:

Գյուղից ոտքով կնոջս և ապրիլյան պատերազմի մասնակից զինվոր որդուս հետ որոշեցի որպես ուխտագնացություն ոտքով բարձրանալ դեպի Գանձասարի վանք: Շուրջ 55 րոպե տևեց Վանք գյուղից մինչև Գանձասարի վանք հասնելը (ծովի մակերևույթից 1300 մ բարձրությունից մինչև ավելի քան 2000 մ): Այնքան թեթև էինք բարձրանում, կարծես քայլում էինք հարթ տարածքով, և երբ բարձունքից նայում էինք կանաչապատ Գանձասարի լեռներին, կարծես մեր զոհված տղաների հոգիներն էին մեզ ուղեկցում:

Գանձասարի տեղանքին նոր շունչ հաղորդելու համար վերջին տարիներին կատարվել է հսկայածավալ շինարարական աշխատանք, բացել են Երևանի մատենադարանի մասնաճյուղը, և մեր գտնվելու պահին սրահներում էին օտարերկրյա զբոսաշրջիկներ և զինվորներ:

Իսկ Վանք գյուղում այցելեցինք միջնակարգ դպրոցի տնօրեն Վարյա Ավանեսյանին: Տնօրենը թեպետ արձակուրդում էր՝ ամեն օր դպրոցում էր:

Դպրոցի բակում կանգնեցված է Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին, որի անունն է կրում միջնակարգ դպրոցը: Կրթօջախի առաջին հարկում փակցված են բոլոր տնօրենների լուսանկարները, հենց դրանցից էլ իմացանք, որ Գուրգեն Հայրապետյանը, որ ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի հայրն է, տնօրեն է աշխատել 1943-1946 թթ.: Գործարար-բարերարի ֆինանսական օգնության շնորհիվ է, որ դպրոցը և կից մանկապարտեզը գրավում են իրենց շուքով:

Ինչպես նշեց տնօրեն Վարյա Ավանեսյանը, 1920 թ. Վանք գյուղում բացվել է տարրական դպրոց, 1930 թ.` 7-ամյա, 1938 թ.` միջնակարգ: Միջնակարգ դպրոցն այժմ ունի շուրջ 250 աշակերտ:

Վ. Ավանեսյանը մեզ մեկ առ մեկ ներկայացնում էր կահավորված դասարանները և դիտազննական պարագաներով հագեցած առարկայական կաբինետները: Դպրոցի նիստերի դահլիճը կարծես միջազգային կոնֆերանսների սրահ լիներ:

Օգոստոսի 4-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր համերգ-ցուցադրություն: Ժամեր տևած համերգի ընթացքում, ի զարմանս մեզ, մարդիկ կանգնած լուռ լսում կամ քայլում էին, ոչ թե ծխում կամ արևածաղիկ թափում հրապարակում: Այդպես ամեն երեկո, երբ Ստեփան Շահումյանի արձանի մոտ կենդանի կատարումով սիմֆոնիկ երաժշտություն էին ունկնդրում:

Մայրաքաղաքն արթուն է նաև ողջ գիշերվա ընթացքում, և մենք վայելում էինք լուսավոր Ստեփանակերտի գիշերային գեղեցկությունը: Հենց այդ օրերին էլ զինվոր որդուս հետ հանդիպեցի Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին, և նա առաջարկեց լուսանկարվել հայ զինվորի հետ:

Օգոստոսի 5-ին վերադարձանք տուն և դեռ տեղ չհասած՝ մտածում էինք նորից Արցախ մեկնելու և նոր պատմական վայրեր այցելելու մասին:

Օգոստոսի 6-ին Վաղարշապատում ներկա գտնվեցինք կրտսեր որդուս` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, ծանրամարտիկ Զավենի զինվորական երդման արարողությանը: Այդ օրը կրկնակի հիշարժան դարձավ մեզ համար, երբ հանդիսավոր արարողությունից առաջ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Լ. Բաղդասարովը, պատահականորեն մոտենալով ինձ, առաջարկեց ծնողների անունից շնորհավորանքի խոսք ասել:

Եվ այսպես, ամեն օր, ժամ և րոպե մտովի ապրում ենք մեր զինվոր որդիների հետ և աղոթում, որ արշալույսները Հայոց աշխարհում խաղաղությամբ բացվեն և մեր զինվորները վերադառնան իրենց հայրական օջախները:

Հավելեմ, որ այս տարի հունվարի 6-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ներկա էի Սուրբ Ծննդյան պատարագի արարողությանը, և ավարտից հետո, եկեղեցու բակում, մոտենալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ասացի. «Պարոն նախագահ, տա Աստված՝ խաղաղությունը հավերժ թևածի Արցախի 277 համայնքներում»:

Շնորհավոր Անկախության տոնդ Արցախ, թող տարեդարձներդ քայլեն դարեդար…

Գառնիկ Մարգարյան

Արարատ քաղաքային համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,

երկու զինվորի հայր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: