Հայերեն   English   Русский  

​Պետք է ոչ թե դեմքերը փոխել, կառավարությունը փոխել, այլ արդարությունը վերականգնել. Արթուր Ալեքսանյան


  
դիտումներ: 6556

«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը «Ամարաս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Արցախյան ազատամարտի վետերան, պատերազմի տարբեր ուղղությունների ու ջոկատների հրամանատար, 1994-2004 թթ. ԱԱԾ կից Հատուկ մարտական ստորաբաժանումների վարչության պետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանն է:

- Պարոն Ալեքսանյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչ բացթողումներ կնշեք:

- Ձեռքբերումներից ամենակարևորը մեր պետականությունն է, անկախությունը, որի համար ազգովի արյուն ենք թափել: Երկրորդ` ազգային պահպանության հարց լուծվեց, նկատի ունեմ և՛ Սփյուռքի, և՛ Արցախի: Եթե Հայաստանն անկախություն չունենար, չէր կարողանա Արցախին սատարել:

Խոսքի ազատության առումով կարող եմ արձանագրել, որ լավ ցուցանիշներ ունենք: Հետխորհրդային երկրներից այս առումով առաջատար դիրքերում ենք:

Բացթողումներ կարելի է մատնանշել տնտեսության ոլորտում: Տնտեսական բացթողումները և դրանց հետևող հանգամանքները հանգեցրին նրան, որ մեծ արտագաղթ սկսվեց: Դա բերեց այն, որ դեմոգրաֆիկ աղետի մեջ հայտնվեցինք: Գնացածների մեծամասնությունն այնտեղ ամուսնացել է, լեզու ու մշակույթ է կորցրել: Կարծում եմ` սրանք ամենամեծ բացթողումներն են, որ այս պահին արձանագրել ենք:

Ասեմ, որ կարող էին չլինել այս տնտեսական ճգնաժամն ու բացթողումները, եթե ճիշտ ղեկավարվեր և ամեն ինչ ճիշտ պլանավորվեր:

Մենք ընդամենը տնտեսության անունը փոխեցինք: Ասում ենք՝ ազատ տնտեսություն, ազատ շուկա, բայց իրականում շատ քիչ ազատություն ունենք շուկայում, իրականում շատ քիչ առաջխաղացում ունենք: Եվ այդ բացթողումները սկսվել են նրանից, որ մեր երկրում գոյություն ունեն մոնոպոլիաներ, մենաշնորհներ ունեցող մարդիկ բիզնեսում: Հենց այդ մենաշնորհներն էլ անարդարություն են ծնել, ուստի այսօր, կարելի է ասել, համատարած անարդարություն է մեր տնտեսության մեջ:

Կարծում եմ՝ ելքը կլինի շուտով՝ առաջիկա ԱԺ ընտրություններում, որովհետև բոլոր ուժերը և ժողովուրդը վերջապես հասկացել են, որ իրենք իրենց իրավունքների համար պիտի պայքարեն: Կարող եմ արձանագրել, որ նաև Սփյուռքն է շատ ակտիվացել Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտերում: Սա ուրախալի է, բայց շատ քիչ է: Նրանց պետք է տեղ տրվի իրավական ատյաններում: Մեր նոր ստեղծված քաղաքական-հասարակական թիմով քննարկում ենք այդ հարցը: Առաջարկում ենք, որ ԱԺ-ում ստեղծվի վերին պալատ, որտեղ պետք է ընտրվեն պատգամավորներ Սփյուռքից և Արցախից: Այսպիսով նրանք կունենան իրավական ուժ և կկարողանան պայքարել արատների դեմ, որ այսօր կան ստվերային տնտեսության մեջ: Լավագույնները պետք է գան ու մասնակցեն մեր տնտեսական ու իրավական կյանքին:

- Անկախության համար պայքարելիս ինչպիսի՞ն էիք տեսնում անկախ Հայաստանը, ինչպիսի՞ Հայաստանի համար էիք պայքարում:

- Անշուշտ, ոչ ներկա վիճակի Հայաստանի համար: Շատ պարզ, ընդգծված պատկեր ուներ այն ժամանակվա մեր անկախության նկարագիրը: Այն ժամանակ վերելք էինք ապրում ու մտածում էինք, որ մինչև վերջ այդպես ազգովի միասնական ենք լինելու, սիրով, անկեղծ, մեկը մյուսին հասնող, մեկը մյուսին հարգող, բայց կյանքը կամաց-կամաց ցույց տվեց, որ առօրյա դժվարությունների պատճառով հեռանում ենք անկախության սուրբ գաղափարից: Ցավում եմ, որ այսօր այս պատկերն է: Սա իմ երազած երկիրը չէ:

Ազգովի փորձ չունեինք, ազգը պատրաստ չէր: Կարող է ակտիվիստները, առաջնորդները գաղափարապես պատրաստ էին, բայց ազգը պատրաստ չէր:

- Անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս երբեմն ասվում է, որ 1991-ին պարզապես պատրաստ չէինք անկախության: Դուք էլ ակնարկեցիք: Ձեր գնահատմամբ` այն ժամանակ հայությունը որքանո՞վ էր պատրաստ անկախությանը:

- Ժողովուրդը պատրաստ չէր: Ժողովուրդը հավատում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց չէր պատկերացնում, որ այդ ամենն օրենքներով պետք է ամրապնդել:

Զարմանում եմ, որ մարդիկ ընտրությունների ժամանակ կարող են գումար վերցնել ու դրա դիմաց տալ իրենց քվեն: Անգամ հիմա անհրաժեշտ քաղաքական մշակույթ չունենք, վախ կա մեջս, որ նույնը կարող է կրկնվել: Բայց քառօրյա պատերազմից հետո փոփոխությունների փորձ է արվում, կառավարությունը հրաժարական տվեց: Հույսով սպասում ենք, բայց պիտի զգոն լինենք, հանգիստ չպետք է մեր տանը նստենք ու հեռուստացույցով արդյունքներին հետևենք, բոլորս պետք է մասնակից լինենք, դիտորդ դառնանք, պատասխանատվություն զգանք:

Պետք է ազգովի վերադառնանք 88-91 թվականներ, 25 տարի մտովի հետ պետք է գնանք ու նույն վերելքին հասնենք: Այն ժամանակ հիշում եմ` ի՜նչ փայլուն ընտրություններ էին, ամեն մարդ պատասխանատվություն էր զգում: Ցավում եմ, որ այսօր անկախության մասին հիշում ենք միայն համերգներով ու ինչ-որ պարգևատրումներով, անկախության ակունքներում կանգնած շատ շատերն էլ մոռացված են:

- Ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:

- Անարդարությունը: Ամենամեծ բացթողումը անարդարությունն է, ոչ միայն հայաստանցիների, այլև ողջ հայ ժողովրդի համար: Պետք է մեր նախագահն ամեն ինչ անի արդարությունը վերականգնելու համար: Պետք է ոչ թե դեմքերը փոխել, կառավարությունը փոխել, այլ արդարությունը վերականգնել: Մեկին մյուսով փոխարինելով՝ ոնց որ թոզ փչեն աչքներիս: Հրաժարական տալիս շատ լավ կլիներ, որ մատնանշեին ամեն մի նախարարի բացթողումները և պատասխանատվության կանչեին սխալների համար: Բայց չարվեց, ուղղակի ուղարկվեցին տուն իրենց թալանածով: Բոլորի մասին չեմ ասում, մեջները մաքուր, պրոֆեսիոնալ ղեկավարներ կային:

Բայց հույսս չեմ կտրում, հավատում եմ, որ մի բան կփոխվի, որովհետև հասկացել ենք, որ ինքներս մեր սխալները պիտի ուղղենք, ուժեղանանք և պահանջենք, որ բոլորը մեզ հետ որպես հավասարի, որպես գործընկերոջ հետ խոսեն:

Ապրիլին հարձակվեցին, որովհետև կասկածներ ունեին, որ թուլացել ենք, բայց հետո տեսան, որ 10 միլիոնը միավորվեց, շարան-շարան դեպի Արցախ են գնում, վայրկենական մատները կրծեցին թշնամիները և մեր դատավորները այլ երկրներից, որոնք սպասում էին, որ պիտի պարտվենք:

- Իսկ ո՞րն եք համարում ներկայում մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը:

- Արդարությունը վերականգնելը: Արդյունքում նաև սերն ու միասնությունը ազգի մեջ վերականգնելը:

- Պարոն Ալեքսանյան, ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր երկրի համար: Ձեր գնահատմամբ` ինչպե՞ս հաղթահարեցինք փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ի՞նչ քայլեր ձեռնարկենք:

- Դասերը քաղվել են: Ինչ եղել, եղել է, առաջ նայենք, կարևորը, որ չպարտվեցինք, կարևորը, որ նորից միասնական դարձանք: Սա ամենակարևորն է: Ինչքան տեղյակ եմ, համապատասխան միջոցներ են տրամադրվել ու բոլոր բացթողումները հիմա քայլ առ քայլ շտկվում են: Մենք, «Ամարաս» ջոկատով պատերազմին մասնակցելով, չենք համարել, որ մեր պարտքը կատարել ենք, հիմա էլ բանակի կողքին կանգնած ենք:

Իսկ 800 հա կորստի առումով մի բան գիտեմ`պատերազմը շախմատ խաղալ չի, պահի տակ այդպես ստացվեց, իրենք առաջ եկան, բայց երկրորդ պահին, երբ մենք հավաքվեցինք ու գնացինք հասանք այնտեղ, հնարավորություն կար հետ վերցնելու: Մենք թոհուբոհի կենտրոնում ենք եղել, հրամանի էինք սպասում, որ հետ վերցնենք, նույնիսկ գոռում, խնդրում, աղաչում էինք, որ հրաման տային: Բայց հետ վերցնելն էլ էր քիչ, պետք էր նույնիսկ առաջ գնալ, իսկ հետ վերցնելն ու առաջ գնալը շատ-շատ զոհեր կպահանջեր:

Կարծում եմ` պատրաստ չենք եղել այն ժամանակ: Հիմա մշակած ծրագրեր կան: Թող նորից սկսեն, մինչև Կիրովաբադ գնալու ենք այս անգամ:

- Պարոն Ալեքսանյան, իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:

- Ես միշտ լուսավոր եմ տեսնում: Ես Հայաստանի ապագան տեսնում եմ որպես անկախությունն ամրապնդած համազգային պետություն: Հայաստանի ապագան տեսնում եմ ուժեղ բանակով, ուժեղ սահմանադրությունով և օրինապահ քաղաքացիներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: