Հայերեն   English   Русский  

​Հայկական «չոր», բայց արևահամ բիզնեսի հաջողության գաղտնիքը


  
դիտումներ: 6693

Հայաստանի արևը, արևահամ մրգերը, Հայաստանի ջուրը, Հայաստանի բնությունը, Հայաստանի լեռները, հայերի հնարամտությունը և այլն, և այլն…

Հայաստանի հարստություններն ու գրավչությունը բնութագրելու համար երևի հաճախակի են, չէ՞, հնչում նման արտահայտություններ: Բայց հրեաները մի հին ասացվածք ունեն, ասում են` եթե այդքան խելացի ես, ինչո՞ւ ես այդքան աղքատ: Սրանով մեր վերոբերյալ որակումները պետք է որ ջախջախվեին, քանի որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդ պաշտոնապես աղքատ է: Այսինքն` եթե այդքան հարստություն ունենք, մարդիկ էլ հնարամիտ են, աշխատասեր ու արարող, ապա ինչո՞ւ է Հայաստանում ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես աղքատ: Առավել ևս, որ կան օրինակներ, որոնք հուշում են` հնարամիտներն ու աշխատասերները գործ են սկսում, սկսում են ինքնուրույն, առանց հովանավորների օգնության, առանց «տանիքների», հաճախ՝ առանց մեծ գումարների, ու երևակայե’ք` հաջողության են հասնում:

Օրերս ծանոթացա այդպիսի 3 երիտասարդների` երկու եղբոր ու նրանց ընկերոջ հետ, որոնք 4 տարի առաջ մտահղացել են միավորել Հայաստանի արևը, արևահամ մրգերը, Հայաստանի բնությունը, լեռները, հայերի հնարամտությունն ու աշխատասիրությունը և ստեղծել են մի հետաքրքիր փոքր բիզնես: Նրանք «Արփա» անունով հայկական չրեր են պատրաստում, փաթեթավորում և իրացնում: Ու հաջողվում է: Նրանցից Հարություն Բարխուդարյանը` գաղափարը հղացողն ու «Արփա» անվանումով չրերի արտադրությամբ զբաղվող «Հ.Բարխուդարյան Ա/Ձ» համահիմնադիրը, չզլացավ մեզ ներկայացնել, թե ինչպես սկսեցին, ուր են հասել, և որ ամենակարևորն է, ինչպես են հասել:

«Մենք մեր գործունեությունը սկսեցինք թղթե տոպրակներից. թղթե փաթեթներ էինք պատրաստում ու փաթեթավորմամբ էինք զբաղվում: Հետո որոշեցինք չիր փաթեթավորել: Արդեն չորրորդ տարին է՝ զբաղվում ենք չրի փաթեթավորմամբ: Հիմա չիրն էլ ենք մենք արտադրում, դե նաև փաթեթավորում: Միտքը, ճիշտն ասած, առաջացավ այսպես. մենք ունեինք մրգի այգիներ ու տնային պայմաններում չրեր էինք պատրաստում: Մի օր էլ, տանը նստած, թղթի փաթեթների մեջ չիր էինք լցնում, որ տանեինք մորաքրոջս համար: Տանելու ճանապարհին այս միտքը ծագեց, թե ինչո՞ւ ոչ, կարելի է նաև թղթե տոպրակի մեջ չիր փաթեթավորել: Գաղափարն իրեն արդարացրեց, ու արդեն չորրորդ տարին է, ինչ արդարացնում է»,- «Անկախի» հետ զրույցում պատմեց Հարություն Բարխուդարյանը:

Այսպես սկիզբ առավ «Արփա» չրերի պատմությունը: Թղթե գեղեցիկ փաթեթների միջից աչքով են անում ծիրանաչիրն ու դեղձաչիրը, սալորաչիրն ու էլի շատ ու շատ արևահամ, քաղցր չրեր` հուշելով, որ երեք երիտասարդների աշխատասիրության, ձեռներեցության ու հավատի շնորհիվ իրենց պատմությունը դեռ երկար պետք է շարունակվի: Երիտասարդներն իրենց բիզնեսը հաջողակ են համարում: Դե իհարկե, երբ իմանում ենք, որ բիզնեսը սկսելուց հետո այս 4 տարիների ընթացքում ձեռներեցները 70 տոկոսով ավելացրել են իրենց արտադրանքի ծավալները, մենք էլ ենք սկսում այն հաջողակ համարել. հաջողակ ու հետաքրքիր, մրցունակ գաղափար: Մարդիկ չեն ծուլացել, նստել ու մտածել են` այգին կա, միրգը կա, չիր պատրաստել կարողանում ենք, ինչո՞ւ մի քիչ էլ ջանք ու եռանդ չթափել, ավելին չանել ու չրերին ապրանքային տեսք, «հանդերձանք» չտալ ու չփորձել վաճառել:

չիր

Բարձր որակի, գեղեցիկ փաթեթավորման ու լավ համի շնորհիվ «Արփան» ընդունվեց սպառողների շրջանում: Իհարկե, երիտասարդները չեն ասում, թե ամեն ինչ փայլուն է ու իրենց ուզածով է առաջ գնում, բայց դժգոհ էլ չեն ու նշում են` տարին տարվա վրա վաճառքը ավելանում է, իսկ դա պայմանավորված է թե՛ փաթեթավորմամբ, որը տարբերվում է շուկայում մրցակիցների փաթեթավորումից, թե՛ փաթեթների պարունակության որակով: Հաջողության հասնելու համար, նշում է Հարություն Բարխուդարյանը, պետք է աշխատասիրություն, պետք է կարողանալ սեփական գործին հավատարիմ մնալ ու միշտ որակ ապահովել: Միշտ: Ձեռներեց երիտասարդը վստահ է` որակը երբեք չպետք է ընկնի, ընդհակառակը` ամեն տարի պետք է բարձրանա, և ամեն տարի պետք է աշխատել, որ շուկայում լավագույններից մեկը լինես:

«Մեր գլխավոր ու ամենամեծ ներդրումն աշխատասիրությունն էր: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչքան գումար պահանջվեց որպես սկզբնական ներդրում, բայց մեծ գումարների ներդրումներ չէին դրանք: Ամենից շատ պահանջվեց ջանք ու եռանդ, կազմակերպչական ճիշտ աշխատանք: Ես, եղբայրս ու ընկերս սկսեցինք ու հիմա էլ երեքով շարունակում ենք` ներդնելով մեր աշխատասիրությունը: Իսկ աշխատասիրության շնորհիվ կարող ես արդյունք ունենալ»,- ընդգծում է Բարխուդարյանը` հավելելով, որ աշխատասիրությունն էլ պայմանավորված է ոչ թե աշխատաժամանակի տևողությամբ, այլ նոր գաղափարների ու մտքերի ներդրմամբ: Պետք է հասկանալ, թե շուկային ինչ է պետք այս պահին, եթե աշխատում ես առևտրային կետերի ու ցանցերի հետ, որպեսզի այնտեղ արտադրանքդ լավ ցուցադրված լինի: Այդ ամենը աշխատանք է:

Բացի աշխատասիրությունից, որպեսզի բիզնեսում հաջողակ լինես և ձեռնարկդ էլ հաջողությամբ պսակվի, Հարություն Բարխուդարյանն առանձնացնում է որոշ հատկանիշներ. պետք է լինել բարի, կամեցող, մրցակիցներին վերաբերվել որպես ընկերոջ ու բարեկամի և ոչ երբեք որպես թշնամու: «Իմ կարծիքով` ոչ մի արտասովոր բան պետք չէ, ուղղակի պետք է լավ մարդ լինես ու հավատաս քո մտքին»,- եզրափակում է Բարխուդարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: