Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է անչափահասների բռնաբարության մեջ


  
դիտումներ: 593

Ադրբեջանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Ավստրիան ներկայացրած երկակի օլիմպիական չեմպիոն Պետեր Զեյզենբախերին երկու անչափահաս աղջիկների բռնաբարելու պաշտոնական մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հաղորդում է «Հագգին» լրատվական կայքը:

Զեյզենբախերը նրանց մարզիչն է եղել 2000-ական թվականներին: Վիեննայի դատախազությունը հայտարարել է, որ ենթադրյալ հանցագործություններն իրականացվել են 1999-2004 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

Պնդվում է, որ Զեյզենբախերն աղջիկներից մեկին բռնաբարել է 1999 թվականին, երբ վերջինս 11 տարեկան է եղել, իսկ այնուհետև մի քանի անգամ իր գործողությունները կրկնել է մինչև 2002 թվականը: Նշվում է նաև, որ 2004թ. նա հարձակվել է 13-ամյա աղջնակի վրա: Բացի այդ, նա մեղադրվում է 2001թ. Խորվաթիայի հավաքների ժամանակ 16-ամյա մարզուհու բռնաբարման մեջ:

Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա 56-ամյա Պետեր Զեյզենբախերին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ իր հաճախորդը գիտակցում է մեղադրանքների լրջությունը, սակայն չի մեկնաբանելու դրանք, որպեսզի «մեդիա-կրկես չսկսվի»: «Ներկայումս նա գտնվում է Ադրբեջանում և Վիեննա կգա՝ դատավարությանը մասնակցելու համար»,-նշել է փաստաբանը:

Զեյզենբախերն առաջին ձյուդոիստն է, ով հաջորդաբար՝ 1984 և 1988 թվականներին, դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ամառային մարզաձևերում նա Ավստրիայի ամենաանվանի մարզիկն է:

Ադրբեջանի հավաքականը Զեյզենբախերն առաջին անգամ ղեկավարել է 2012թ., սակայն 2014 թվականին լքել է իր պաշտոնը: Նրա ղեկավարությամբ Էլխան Մամեդովը դարձել է ադրբեջանական ձյուդոյի պատմության մեջ աշխարհի առաջին չեմպիոնը: 2015թ. Զեյզենբախերին կրկին հրավիրել են Ադրբեջան: Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերին նրա ղեկավարած հավաքականը երկու արծաթե մեդալ է նվաճել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: