Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԻՊ-ին ֆինանսավորում է Սաուդյան Արաբիան


  
դիտումներ: 804

Հիլարի Քլինթոնի և նրա 2016 թ. քարոզարշավի նախագահ Ջոն Պոդեստայի միջև էլեկտրոնային նամակների արտահոսքի երկրորդ փուլը ցույց է տալիս նախագահի Դեմոկրատական թեկնածուի արտաքին քաղաքականության դիրքորոշման անհամապատասխանությունները:

2000 նոր հաղորդագրությունները, որոնք տարածվել են երկուշաբթի օրը, վերջին չորս օրվա ընթացքում երկրորդ թողարկումն էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից, որը խոստացել էր, որ պարոն Պոդեստայի 50,000 նամակները «էական» լույս կսփռեն ներկայիս նախընտրական քարոզարշավի վրա:

2014 թ. օգոստոսի նամակագրության մեջ Քլինթոնը ուղարկել է ութ կետանոց ծրագիր պարոն Պոդեստային, որն այդ ժամանակ նախագահ Բարաք Օբամայի խորհրդականն էր, ուրվագծելով ռազմավարություն, թե ինչպես պետք է հաղթել Իսլամական պետությանը` ներառյալ Սիրիայում և Իրաքում քրդական ուժերին աջակցության միջոցով:

Օբամայի կառավարման վերջին շրջանում երևաց, որ հենց նման քայլեր են ձեռնարկվել ԻՊ-ին հաղթելու համար:

Նամակագրությունից պարզ է դառնում, որ նախագահի թեկնածուն նշում է Ծոցի երկրները` Սաուդյան Արաբիան և Կատարը, որպես ԻՊ-ի «գաղտնի», «Ֆինանսական և նյութատեխնիկական» հովանավոր, չնայած ԱՄՆ-ի հետ նրանց առերես համագործակցության:

«Քանի դեռ ռազմական գործողություններն առաջ են գնում, մենք պետք է օգտագործենք մեր դիվանագիտական և ավելի ավանդական հետախուզական ակտիվները` Կատարի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար, որոնք գաղտնի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն են տրամադրում Իսլամական պետությանը և տարածաշրջանի այլ արմատական սուննի խմբերին»,- գրել է Քլինթոնը:

Սաուդյան Արաբիայի և Կատարի կառավարությունները հերքում են ԻՊ-ին զինելու մասին մեղադրանքները, թեև քննադատները նշում են, որ ահաբեկչական խումբը և պետությունները ունեն ընդհանուր թշնամի` ի դեմս նախագահ Բաշար ալ-Ասադի և ալավիական կառավարության:

Վերլուծաբանները ենթադրում են, որ Պոդեստայի նամակների լուսաբանումը ռուսական կառավարության ձեռքի գործն է, որն օգտագործում է Wikileaks-ը որպես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելու գործիք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: