Հայերեն   English   Русский  

​Ամենակեղտոտ նախագահական բանավեճը. Քլինթոնն ու Թրամփը միմյանց անցյալի մութ էջերն են հանրայնացնում


  
դիտումներ: 1274

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններից առաջ նախագահի երկու հիմնական թեկնածուների բուռն քարոզարշավը շարունակվում է: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը և Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն երկրորդ անգամ հեռուստաբանավեճ են ունեցել: Մինչև ընտրությունները նրանք հանրության առջև կբանավիճեն ևս մեկ անգամ:

Եթե առաջին բանավեճի հաղթողը Հիլարի Քլինթոնն էր, ապա երկրորդ բանավեճում անվերապահորեն հաղթող որոշելը դժվար է: Թեկնածուներից յուրաքանչյուրի գրասենյակը պնդում է, որ հաղթողն իրենք են: Իսկ NBC News-ի հարցումների արդյունքներով` հարցվածների 23 տոկոսը բանավեճի արդյունքում դրական առումով փոխել է իր կարծիքը Թրամփի մասին, Քլինթոնի մասին ավելի լավ կարծիք է կազմել հարցվածների 17 տոկոսը:

Հարցվածների 44 տոկոսը հաղթող է համարել Դեմոկրատական կուսակցության թեկնածուին, 34 տոկոսը` Հանրապետական կուսակցության թեկնածուին, իսկ 21 տոկոսը որևէ մեկին հաղթող չի ճանաչել: Նշենք, որ նույն աղբյուրի հարցումներով` առաջին հեռուստաբանավեճից հետո հարցվածների 52 տոկոսն էր Քլինթոնին հաղթող ճանաչել:

Մինչ Քլինթոնն ու Թրամփը, միմյանց վրա ցեխ շպրտելով, փորձում են ավելի շատ համակիրներ ձեռք բերել, մամուլը նրանց բանավեճը համարում է երբևէ եղած ամենակեղտոտ բանավեճը: Թեկնածուները մրցակցում են ոչ թե իրենց ծրագրերով ու գաղափարներով, այլ միմյանց անցյալի մութ հետքերը բացահայտելով, միմյանց վատաբանելով:

«Նախագահական երկրորդ բանավեճը կատաղի էր ու զզվելի, որը ցույց էր տալիս ազգում առկա քաղաքական դառը տարաձայնությունները և Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթոնի միջև թշնամությունը: Նման բան երբևէ չի եղել ժամանակակից քաղաքականությունում… Թրամփն ու Քլինթոնը ոչ թե պարզապես չեն սիրում միմյանց, այլ կարծես ատում են միմյանց»,- գրում է Foxnews-ի լրագրող Մայքլ Գուդվինը:

Այսպես, բանավեճից օրեր առաջ հրապարակվել էր 2005-ով թվագրվող մի ձայնագրություն, որտեղ Թրամփը, տեղյակ չլինելով, որ տեսախցիկը միացրած է, վատ մտքեր էր ասել կանանց մասին և հավելել, որ կարող է կանանց ինտիմ մասերին հանգիստ դիպչել, քանի որ ինքն աստղ է: Թրամփը հրապարակումից հետո ներողություն խնդրեց և հայտարարեց, որ դա հանդերձարանում կայացած հիմար խոսակցություն է: Եվ նախագահի հանրապետական թեկնածուն բանավեճն օգտագործեց` հանրությանը համոզելու, որ եթե ինքը միայն խոսել է, ապա Հիլարիի ամուսինը գործել է:

Թրամփը բանավեճին եկել էր չորս կանանց հետ, որոնցից երեքը պնդում էին, որ ժամանակին սեռական ոտնձգությունների են ենթարկվել Բիլ Քլինթոնի կողմից, իսկ Հիլարի Քլինթոնն էլ, տեղեկանալով ամուսնու արարքների մասին, հետապնդել, նվաստացրել է իրենց: Թրամփը նաև Քլինթոնին մեղադրել է բռնաբարված կնոջը ծաղրելու մեջ. 1980-ականներին Քլինթոնը, որպես փաստաբան, պաշտպանել է մի տղամարդու շահերը, որը մեղադրվել է 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Հրապարակված ձայնագրությունում իրականում Քլինթոնը ոչ թե տուժածի վրա է ծիծաղում, այլ գործի մասին խոսելիս է ծիծաղում:

Թրամփը նաև սպառնացել է ընտրվելու դեպքում Քլինթոնին փակել ճաղերի հետևում: Նա հիշեցրել է անձնական, չպաշտպանված էլեկտրոնային փոստով պաշտոնական նամակագրության գործը: Քլինթոնը 33 հազար նամակներ էր ջնջել` գործի քննության ժամանակ պնդելով, որ դրանք անձնական բնույթ են ունեցել:

ԱՄՆ նախագահի թեկնածուներն անդրադարձել են նաև Սիրիայի խնդրին: Քլինթոնը պնդել է, որ ԱՄՆ-ն պետք է պայքարի Ռուսաստանի դեմ Սիրիայում: Նա առաջարկել է ոչ թռիչքային գոտիներ սահմանել` ռուսների հանդեպ ճնշում գործադրելու համար:

Թրամփը, ինչպես նախկինում, համեմատաբար պրոռուսական դիրքորոշում է ցուցաբերել: Նա հարց է բարձրացրել, թե ինչ վատ բան կա, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասին պայքարեն ԻՊ-ի դեմ: Միաժամանակ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում Թրամփը խուսափել է հստակ գործողություններ ու դիրքորոշումներ արտահայտելուց:

Մրցապայքարի այս թեժ փուլում «Վիկիլիքսը» հրապարակել է Քլինթոնի նամակների ևս մեկ խումբ: Ըստ բրիտանական Independent պարբերականի` Քլինթոնի 2014-ով թվագրվող նամակներից պարզ է դառնում, որ նրա կարծիքով Քաթարը և Սաուդյան Արաբիան ԻՊ-ին ֆինանսական ու նյութական աջակցություն են ցույց տալիս: Հրապարակումների համաձայն` Քլինթոնը ֆինանսական աջակցություն է ստանում նաև այն ընկերության ղեկավարությունից, որն աջակցում է ԻՊ-ին: Ֆրանսիական Lafarge ընկերությունը, որի ղեկավարն է եղել Քլինթոնը 80-ականներին, պարբերաբար վճարումներ է կատարում Քլինթոնի հիմնադրամին, միաժամանակ Սիրիայում իր բիզնես շահերը պաշտպանելու համար խոշոր գումարներ է վճարում ԻՊ-ին ու նաև այլ զինված խմբավորումների:

Իսկ Թրամփի հեղինակավոր կուսակիցները նրա դեմ արշավ են սկսել` պահանջելով, որ նա հրաժարվի ընտրություններում որպես նախագահի թեկնածու մասնակցելուց: #NeverTrump արշավի մասնակից կուսակցական առաջնորդները հայտարարել են, որ հրաժարվում են պաշտպանել Թրամփի թեկնածությունը: Արշավին միացել են անգամ հայտնի հեռուստաաստղեր ու հանրային դեմքեր:

Ինչևէ, ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարին քիչ ժամանակ է մնացել: Նախագահի թեկնածուներն առջևում ունեն ևս մեկ հեռուստաբանավեճ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: