Հայերեն   English   Русский  

Վարչապետը հանձնարարել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել


  
դիտումներ: 540

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները՝ վարչապետը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ:

Սպորտի ոլորտի հետ կապված հանձնարարվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներն ըստ այդ միջոցառումների վերաբաշխելու վերաբերյալ առաջարկություններ. «Կարծում եմ, որ հասկանալի է՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը մեր առօրյա կյանքում անընդհատ պետք է զգանք, որ ամեն օր այդ ուղղությամբ քայլ ենք կատարել: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր կներկայացնենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճ»,-նշել է վարչապետը :
Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: