Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում ծաղկում են ակտիվիտների հետապնդումներն ու ձերբակալությունները. Human Rights Watch


  
դիտումներ: 688

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել 75-էջանոց զեկույցով, որը վերաբերվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց քննադատներին հետապնդելու փաստերին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, զեկույցում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները լայնածավալ հետապնդումների են ենթարկում իրենց ընդդիմախոսներին՝ փորձելով խեղդել քննադատական ձայները կեղծ քաղաքական մեղադրանքների միջոցով:

«Իշխանությունների օրենսդրական և քաղաքական սահմանափակումները նպատակ ունեն կաթվածահար անել անկախ կազմակերպությունների գործունեությունը: Հետապնդվում են նաև իշխանությունների ընդդիմախոսներին պաշտպանող փաստաբանները: Քննադատների մի խմբին ազատ արձակելուց անմիջապես հետո ձերբակալում են մյուսներին: Արդյունքում, հետապնդվողները ստիպված են լինում լքել երկիրը»,- նշված է զեկույցում:

Զեկույցում ընդգծված է, որ գլոբալ ճգնաժամի և նավթի գնանկման արդյունքում Ադրբեջանի իշխանությունները փորձում են Եվրոպական միությունից, միջազգային ֆինանսական հաստատություններից ֆինանսական աջակցություն ստանալ: Միևնույն ժամանակ միայն ընթացիկ տարում իշխանությունները ձերբակալել են 20 երիտասարդ ակտիվիստների՝ նրանց մեղադրելով թմրանյութերի տարածման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ:

«Իշխանությունները պետք է անմիջապես ստեղծեն անկախ խմբերի գործունեության համար պայմաններ, թույլ տան նրանց աշխատել օտարերկրյա դոնորների հետ և չեղարկեն բոլոր սահմանափակումները: Քաղաքական պատճառներով ձերբակալված ակտիվիստները պետք է առանց որևէ պայմանի ազատ արձակվեն»,- նշված է զեկույցում:

Տվյալ զեկույցը կազմելիս հարցվել է 90 իրավապաշտպան, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ և քաղաքական կուսակցությունների անդամներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: