Հայերեն   English   Русский  

Դանակահարություն համագյուղացիների միջև


  
դիտումներ: 700

Շիրակի մարզի Հառիճ համայնքում համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: 62-ամյա Վարշամ Հ-ն նախ տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց, որտեղից էլ՝ «Գյումրի» բժշկական կենտրոն: Հառիճի համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանի փոխանցմամբ, դեպքի մասին ինքն իմացել է առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ի սահմաններում, տուժածին անձամբ է իր մեքենայով տեղափոխել Արթիկի հիվանդանոց:

«Գյումրի» ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը փոխանցեց՝ տուժողն իրենց մոտ է տեղափոխվել Արթիկի հիվանդանոցից՝ շտապօգնության մեքենայով.

«Տուժողի մոտ հայտնաբերվել է որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք: Կազմակերպվել է վիրահատություն՝ որովայնահատում, որից պարզվել է, որ վերքի ուղղությունը ձախից աջ է, հասնում է մինչև ենթալյարդային տարածությունը, վնասվել է ճարպոնը և լյարդ-տասներկումատնյա աղիքային կապանը»:

Կարևոր կենսական օրգանների վնասում չի եղել, հիվանդի վիճակն այս պահին միջին ծանրության է, գտնվում է հետվիրահատական փուլում:

Վիճաբանող մյուս կողմը՝ նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Մանուկ Մ-ն հարցաքննվել է: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ հայտնել է՝ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: