Հայերեն   English   Русский  

Նկարիչ, որ ստեղծագործում է հնարավորի ու անհնարի սահմանագծին` ժայռից կախված արվեստանոցում


  
դիտումներ: 11074

Անկեղծորեն զարմացա` ծանոթանալով այս երիտասարդ, տաղանդավոր նկարչի հետ, որն ապրում ու ստեղծագործում է Երևանում, իսկ նրա կտավներն արդեն հայտնի են աշխարհում: Ոչ ստանդարտ մտածողություն ու ապրելակերպ, արվեստի յուրօրինակ ընկալում ու ինքնարտահայտման շատ տպավորիչ ձև, երբ իրականությունը սկսվում, բայց շարունակվում է անիրականության մեջ` տանելով ֆանտաստիկ ու անսպասելի մի աշխարհ:

Նկարիչ, քանդակագործ Արշակ Սարգսյանի հետ հանդիպման առաջին տպավորությունը մի բառով կարելի է բնութագրել այսպես` անսպասելի...

Հանդիպումը նրա առանձնատուն-արվեստանոցում էր, մի կառույց, որը նույնպես իր դիրքով, ճարտարապետական լուծումներով ու բովանդակությամբ աննախադեպ էր ու անսպասելի: Հսկա մի շինություն` կառուցված ուղիղ ժայռի վրա, Հրազդանի կիրճի անզուգական տեսարանով, որը տեսանելի է հենց արվեստանոցի ներսից` շնորհիվ 6 մետրանոց բարձրությամբ ապակեպատ կառուցվածքի: Արշակն ասում է, որ ոչինչ այստեղ պատահական չի ընտրվել, ո՛չ արվեստանոցի դիրքը, ո՛չ ձևը, ո՛չ էլ կառուցվածքը: Ամեն ինչ խիստ հաշվարկված է, որպեսզի նկարիչը ոչ միայն հարմարավետ ստեղծագործի, այլև սերտ շփման մեջ լինի բնության ամեն մասնիկի հետ:

Արվեստանոցում հսկայական բազմաֆիգուր կտավներ են` հեքիաթային, երևակայական, առասպելական կերպարներով: Ժանրային առումով ֆիգուրատիվ նկարչություն է: Նաև քանդակներ կան, որոնք կերտված են ոչ թե քարից կամ կավից, այլև գործվածքից: Առհասարակ նրա կերպարների մեջ առանցքային դեր ունի հագուստը` իբրև կերպարի կերտման ամբողջականություն: Իսկ բովանդակային առումով դրա հիմքում հեքիաթն է, առասպելը. «Ամեն արվեստագետ իր մեջ հեքիաթ պիտի ունենա: Եթե այդ հեքիաթը չկա՝ մեծ արվեստ էլ չկա»,- ասում է նա:

Արշակ Սարգսյանի ստեղծագործությունը ժամանակակից արվեստի ամենաէքսցենտրիկ դրսևորումներից է: Զարմացած, հիացած, մի քիչ վախեցած ու առհասարակ շատ հակասական զգացումներով նայում եմ նրա քանդակներից մեկին. «Թռչնամարդ է,- պարզաբանում է հեղինակը,- բայց ես կարծում եմ, որ դիտողը պետք է ինքը զգա, թե ինչ կերպար է: Իմ արվեստը հենց էդ տեսակ է. դու ազատ ես քո կարծիքի մեջ, դու ես որոշում` սա ինչ է: Իմ նկարչությունն ավելի շատ զգացողական է` բնությունից եկած էլեմենտներով»:

Նկարիչը կարծում է, որ ժամանակակից արվեստը շատ բարդ է, և պարտադիր չէ, որ բոլորը հասկանան. առավել կարևոր է, որ ստեղծագործության միջոցով մարդկանց զգայական ազդակներ հասնեն:

Արշակ Սարգսյանի հայրը ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանն է: Արշակը խոստովանում է, որ իր ճաշակի, մտածողության ձևավորման և ստեղծագործական աճի վրա մեծ ազդեցություն է գործել հենց այն միջավայրը, որտեղ ինքը մեծացել է: Արշակի տաղանդը, սակայն, ի վերուստ է տրված: Ընդամենը 6 տարեկան էր, երբ Հենրիկ Իգիթյանը, տեսնելով տղայի ինքնատիպությունը, կազմակերպեց նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Նույն տարիքում էր, երբ Գյումրիում իր քանդակների ցուցահանդեսը եղավ: Հետո արդեն բազմաթիվ անհատական ու խմբային ցուցահանդեսներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` Նիկոսիա, Բրեմեն, Լոնդոն, Մոսկվա…

Վերջին անհատական ցուցահանդեսը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում էր: Հրավերն ուղարկել էր Սլովենիայի ժամանակակից արվեստի ինստիտուտը: Սակայն նկարչի ցուցադրման հիմնական վայրը, կարելի է ասել, Լոնդոնն է: Արդեն 10 տարուց ավելի է` նրա աշխատանքները ներկայացվում են լոնդոնյան հասարակությանը, Լոնդոնի լավագույն ցուցասրահներից մեկում: Արվեստագետն ամեն տարի մեկ-մեկուկես ամսով մեկնում է Լոնդոն, որը նրա համար առաջին հերթին ոգեշնչման քաղաք է, և որտեղ նա իրեն զգում է նույնքան յուրային, որքան Երևանում:

Արշակ Սարգսյանը` իբրև հաջողության հասած արվեստագետ, կարծում է, որ միայն ստեղծագործական տաղանդը բավարար չէ կայանալու և հաջողության հասնելու համար. «Ինձ համար Հայաստանում արվեստի հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ արվեստագետների մեծ մասը հետաքրքիր մտածել չգիտի: Նյութի վրա նյութ քսելը դեռ արվեստ չի: Կյանքը շատ է փոխվել, և ժամանակակից արվեստագետը պիտի շատ հետաքրքիր մտածելակերպ ունենա, պիտի կարողանա նաև իր միջավայրը փոխել, դնել ինչ-որ չափանիշներ, ճաշակ թելադրել թեկուզ իր ապրելակերպով: Դա է արվեստը: Իսկ առհասարակ արվեստը ժամանակի մեջ է արժևորվում»:

Արվեստագետի կայացման և հաջողության հասնելու կարևոր պայմաններից մեկն էլ, ըստ նրա, դրական միջավայրն է. «Եթե դու և քո արվեստը դրական աուրայի մեջ եք, եթե քո կողքի մարդիկ քեզ ընդունում են այնպես, ինչպես կաս, ապա հաջողության կհասնես,- համոզված է արվեստագետը,- պիտի նաև կապված լինես բնությանը, բայց միաժամանակ` աշխարհին, ու երբ սարերից Լոնդոն գնաս, մարդկանց թվա, թե դու լոնդոնցի ես: Պիտի կարողանաս ապրել, և այն, որ դու ծնվել ես, արդեն իսկ ֆենոմենալ երևույթ է: Իսկ ամեն մի մասնագիտություն ինքնաճանաչողության և ինքդ քեզ հասկանալու ճանապարհ է, որը նաև ամենամեծ ուժն է ամրապնդելու և ավելի պաշտպանված դարձնելու քո էներգետիկ դաշտը: Կյանքը բողոքներով ապրելով` դու քեզ ուղղակի կործանում ես»:

Արշակի արվեստանոցի հատակին մի գեղեցիկ հայկական գորգ է փռված, որը կարելի է ասել, պատմական գորգ է. այն պատկանել է Գրիգոր Խանջյանին և ժամանակին զարդարել մեծ նկարչի արվեստանոցը: Սակայն դա Խանջյանից երիտասարդ նկարչին հասած միակ արժեքավոր իրը չէ. այստեղ է նաև նրա մոլբերտը, որի վրա Արշակը կերտում է իր յուրահատուկ կերպարները` պարուրելով նրանց խանջյանական շնչով:

Հոկտեմբերի 28-ին «Օպերա սուիթ» հյուրանոցի 13-րդ հարկում տեղի կունենա Արշակ Սարգսյանի «Հոգու երևակայական դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Անտիկյան» ցուցասրահը: Նկարչի աշխատանքներն այնտեղ կցուցադրվեն մեկ ամիս, ինչը հիանալի հնարավորություն կտա ժամանակակից արվեստի սիրահարներին տեսնելու ու զգալու այս տաղանդավոր ու արտասովոր արվեստագետի ստեղծագործությունը:

Ի դեպ, Արշակի ստեղծագործության մասին ինքնատիպ ու շատ դիպուկ է գրել նրա ընկերներից մեկը` ՍոնաՀամալյանը, ինչը, կարծում եմ, է՛լ ավելի կմեծացնի արվեստագետի աշխատանքները տեսնելու հետաքրքրությունը. «Եթե մի քիչ կոպիտ ասենք՝ սա մի անհնարին հանդիպում է լինելու։ Սակայն Սարգսյանի աշխարհում այդ շփումների ենթադրյալ անհնարինությունը վերաբերում է զուտ անձնական ընտրությանը։ Եթե դու վախենում ես թռիչքից, ապա հաստատ լռված կմնաս կանխատեսելիության տարածքում, հարմարավետության քո մասնավոր գոտու զուսպ շրջանակներում: Համարձակվի՛ր պատկերացնել, թե ինչ կլինի ցատկելուց հետո, այսինքն՝ համարձակվի՛ր փարվել անհայտին, և դու, հնարավոր է, հայտնվես թռչնասլաց մի բարձունքում, որը երբեք հնարավոր չես համարել, չնայած քիթդ մի քիչ կարյունոտվի ու մի երկու ոսկորկկոտրես»:

Картинки по запросу արշակ սարգսյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: