Հայերեն   English   Русский  

«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»


  
դիտումներ: 1625

Հետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ-մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին

ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:

Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:

Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ: Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ, երբ «Անկախի» տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:

Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:

Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:

Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:

Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:

Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:

Ի միջի այոց, ՀՀ Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:

«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: