Հայերեն   English   Русский  

Սպասենք մինչև…


  
դիտումներ: 1697

Նախորդ համարում անդրադարձել էինք այն հարցին, որ «Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայաստանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին» «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրել էր,

որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակցի:

Ինչեր են «մոգոնել» «Հայփոստում»

Նշել էինք նաև, որ «Հայփոստի» արգենտինացի կառավարիչները, ստանձնելով ընկերության կառավարումը, ստանձնել էին նաև որոշ պարտավորություններ, օրինակ` աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանում, աշխատավարձերի փուլային բարձրացում և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի բարեկամները մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց», բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին, թե կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձերից, նրանց ստիպում են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել:

Անցյալ շաբաթվա ընթացքում «Անկախին» այս ընկերության կադրային «քաղաքականության» վերաբերյալ այլ մանրամասներ հայտնեցին: Օրինակ` նշեցին, որ մարզերում «Հայփոստի» բաժանմունքների տնօրենները ստանում են ընդամենը 50-60 հազար դրամ աշխատավարձ, այն դեպքում, երբ ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնող մարմիններն ընկերության կառավարումը ստանձնելիս պարտավորվել էին որոշ չափով աշխատավարձերը բարձրացնել: Ավելին, որոշ գրասենյակներում աշխատակիցների կրճատումներն արվել են այնպիսի անտրամաբանական ձևերով, որ, օրինակ, ստացվել է` բաժնի վարիչն այժմ նաև պարտավոր է կատարել բաժանմունքի հավաքարարի պարտականությունները, մեկ այլ բաժնի վարիչի վրա են դրվել միանգամից երկու կամ երեք բաժինների աշխատանքները և այլն: Աշխատակիցներն էլ վախենում են «ծպտուն» հանել, քանի որ հաջորդ վայրկյանին նրանցից կպահանջեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Իսկ վերևում մեր հիշատակած «իրենց մարդիկ» ուղղակի ազատ ման են գալիս, մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանում ու ոչնչից գլուխ չեն հանում, քանի, որ ո՛չ ոլորտի մասնագետ են, և ո՛չ էլ համապատասխան աշխատանքային փորձ ունեն, որ հասկանան, թե հիմնարկում ինչ աշխատանքներ, երբ և ինչպես են իրականացվում: Մի խոսքով` նրանց պարտականություններն էլ են կատարում ցածր աշխատավարձով «հները», որոնք չեն վայելում բարձրագույն ղեկավարության հովանավորությունը…

Գոնե հերքելու համարձակություն ունենային

Այս բոլոր խոսակցությունների կապակցությամբ «Անկախին» չհաջողվեց «Հայփոստից» պաշտոնական պարզաբանում ստանալ, որովհետև «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարներով ոչ ոք չպատասխանեց:

Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությանը, որից հարցրել էինք, թե արդյոք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞, կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են, ապա տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում` 2013 թվականի հունվարից մինչ այսօր, տեսչությունը «Հայփոստ» ընկերության աշխատողներից աշխատանքային իրավունքների կամ աշխատանքային օրենսդրության որևէ խախտման մասին որևէ դիմում-բողոք չի ստացել:

«Մեր վերահսկողությունը, աշխատանքի պետական տեսչության մասին օրենքի համաձայն, իրականացվում է երկու եղանակով. մեկը նախապես` տարեսկզբին հաստատված ժամանակացույցի համաձայն, իսկ մյուսն իրականացվում է, ըստ անհրաժեշտության` դիմում-բողոքների հիման վրա: Ըստ էության, մեզ մոտ այս տարվա ընթացքում դիմում-բողոք չկա, որպեսզի դրանց հիման վրա վարույթ իրականացվի»,- տեղեկացրեց Վարազդատ Դանիելյանը:

«Հայփոստում» աշխատողների աշխատանքային իրավունքների կամ դրանց խախտման վերաբերյալ ստուգումներ աշխատանքի պետական տեսչությունը կատարել է 2007 թ. վերջին կամ 2008 թ. սկզբին: Այդ ժամանակ տեսչությունը ստուգումներ է իրականացրել աշխատողների աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների, աշխատավարձերի չափի և վճարման սահմանված կարգերի, հավելումների և այլնի վերաբերյալ, քանի որ այդ ոլորտներում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, խախտումներ շատ են լինում: Այն ժամանակ տեսչությունը վարչական տույժեր է կիրառել ընկերության նկատմամբ, որովհետև շատ խախտումներ են եղել:

Դանիելյանը հիշեց նաև, որ դեռևս 2011 թ. վերջերից «Հայփոստի» շուրջ 8 աշխատողներ իրենց աշխատանքային իրավունքների վերաբերյալ տարբեր հարցերով հայցադիմումներ են ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, և այդ բոլոր գործերով աշխատանքի պետական տեսչությունը դատական նիստերին ներգրավվել է որպես պահանջ չունեցող երրորդ անձ: Այսինքն` աշխատանքի պետական տեսչությունը պետական հսկողության և վերահսկողության ոլորտում հանդես է գալիս ոչ թե որպես լիազոր մարմին, այլ ուղղակի մասնակցություն է ապահովում և հայտնում տեսչության դիրքորոշումն այդ խախտումների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեկ էլ երբ Աշխատանքի պետական տեսչությունը կարող է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել «Հայփոստում», Վարազդատ Դանիելյանը հայտնեց, որ մինչ այժմ ստուգումների ժամանակացույցները ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումներ իրականացնելու տրամաբանությամբ չեն անցկացվել: Այդպիսի ստուգումների սկզբունքը դեռ նոր է ներդրվում համակարգում, ու հենց ստուգումների ժամանակացույցը հաստատվի, ըստ այդ ժամանակացույցի իրենք նոր տեսչական ստուգում կիրականացնեն «Հայփոստում»: «Բայց եթե հանկարծ որևէ քաղաքացու դիմում-բողոք լինի տեսչությունում, անմիջապես տեսչությունը պետք է նույն օրվա ընթացքում ստուգում սկսի»,- հավելեց տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետը:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: