Ըստ հաղորդման՝ ոստիկանները թաքցրել են գողության դեպքը. հարուցվել է քրեական գործ
Մասնավորապես՝Ալիդա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ժամը 15:40-ի սահմաններում, երբ գտնվել է աշխատանքի վայրում, իրեն է զանգահարել դուստրը՝Մարի Հ.-ն, և հայտնել, որ իրենց տան պատուհանը բաց է, իսկ տան իրերը` ամբողջությամբ խառնված: Ինքը զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հաղորդել կատարվածի մասին: Դեպքից քիչ անց ինքը գնացել է տուն և նկատել, որ տնից բացակայումեն ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար:
Ահազանգով իրենց տուն եկած ոստիկանության աշխատակիցները խոստացել են գտնել գողություն կատարած անձանց և խնդրել են իրեն հանցագործության մասին հաղորդում տալու փոխարեն, արձանագրության մեջ նշել, թե, իբր, տան խառնաշփոթ վիճակն առաջացրել է դուստրը, ինչն էլ ինքը կատարել է, մինչդեռ ոստիկանության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, դեպքին օրինական ընթացք չեն տվել:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: