Հայերեն   English   Русский  

Հայաստանցիները խուսափում են իրենց ճանաչել աղքատ՝ մենթալիտետից ելնելով. Հ. Խառատյան


  
դիտումներ: 1146

Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի համաձայն՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս՝ 2014թ-ի համեմատ նվազելով ընդամենը 0,2 տոկոսային կետով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով զեկույցին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսը աղքատ է, իսկ երիտասարդության 70 տոկոսը իր ապագան չի պատկերացնում երկրում:

Պարոն Ադիբեկյանը նշեց, որ իրենց վերջին հետազոտության համաձայն՝ փոքր ու միջին բիզնեսի մեկ երրորդը կամ չի աշխատում, կամ փակվել է, սա նշանակում է միջին դասի այն մասը, որը գոյատևում էր և ինչ-որ մեկին աշխատանք էր տալիս, բավականին կրճատվել է. «Փեսացուները ծերացել են՝ հիմա միջին տարիքը 30-ն է, հարսնացուները ծերացել են՝ 27 տարեկան, դա կապված է նրա հետ, որ նրանք գոնե պետք է տնտեսական հիմք ունենան, որ ընտանիք ունենան։ Դրա հետևանքով ծնելիությունն է կրճատվել։ Դա լուրջ խնդիր է»,- նշեց սոցիոլոգը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր հերթին նշեց, որ ԱՎԾ զեկույցը իրական պատկերից շատ հեռու է , որովհետև պետք է հաշվարկեն հասարակության ամենաբարձր և ամենացածր եկամուտ ունեցող 10 տոկոսը, սակայն Հայաստանում խոշոր եկամուտներ ունեցող ընտանիքները երբեք չեն համաձայնվել ընդգրկվել հետազոտությունների դաշտ:

Նա նշեց՝ լավ է, որ ԱՎԾ-ն նման հետազոտություն է անցկացնում, բայց դրանում որակական առումով իրական պատկեր չկա ոչ աղքատության սահմանի, ոչ էլ աղքատության սրության մասին. «Եթե, օրինակ, աղքատության վերին սահմանը դրամային հաշվարակով 41 հազար դրամ է, այսինքն՝ ծախսային իմաստով դրանից պակասներն են աղքատ, նշանակում է 42 հազար դրամը մեկ շնչի հաշվով արդեն աղքատ չէ՞, կամ 50 հազար ստացող թոշակառուն աղքատության չափանիշների մեջ չի՞ տեղավորվում: Իմ գնահատականով՝ մեր հասարակության երկու երրորդը ռեալ աղքատության շրջանակում է»:

Տիկին Խառատյանը նկատեց, որ հայաստանցիները խուսափում են իրենց ճանաչել որպես աղքատ՝ մենթալիտետից ելնելով. «Ամենածանր կացության մեջ գտնվող մարդն ինքն իրեն սուբյեկտիվորեն աղքատ գնահատականը չի տալիս, ինչն ավելի շատ մենթալիտետի հետ է կապված. Հայաստանում ամոթ է աղքատ լինելը: Սա որակական հետազոտությունների արդյունք է: Մարդիկ աղքատ բնորոշում են տալիս միայն նրանց, ովքեր օրվա հացի կարոտ են, քաղցած են, կացարան չունեն:: Մեր հասարակության ընկալմամբ՝ եթե մեզ մոտ մեկը ուսուցիչ է աշխատում, ապա նա միջին դաս է, անկախ նրանից՝ եկամուտն ինչքան է»,- ասաց նա:

Հրանուշ Խառատյանը հիշեցրերց, որ մենք ծերացող հասարակությունում ենք ապրում: «Ընդհանուր տարիքային կառուցվածքը նույնպես փոխվում է. 1990 թվականին Հայաստանում 0-15 տարեկանների տարիքային խումբը կազմել է մեր բնակչության 32.2 տոկոսը, սա ընդհանրապես միջին հաշվով մոտ է նորմալ կենսագործունեություն ունեցող հասարակություններին։ 2015 թվականին մեր երկրում 0-15 տարեկանների տոկոսը կազմել է 22.7։ Սա շատ լուրջ փոփոխություն է»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: