Հայերեն   English   Русский  

Խաղաղ մեկնարկ. Կարլսեն-Կարյակին առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի


  
դիտումներ: 785

Ուրբաթ օրը Նյու Յորքում տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի առաջին պարտիան: Աշխարհի չեմպիոնը խաղում էր սպիտակ խաղաքարերով:

Մեկնարկային պարտիայում Կարլսենը ընտրել էր քիչ հանդիպող Տրամպովսկու սկզբնախաղը: Այնուամենայնիվ, նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Կարլսենը ընտրում է այս սկզբնախաղը, և Կարյակինը պատրաստ էր իրադարձությունների նման ընթացքին: Առաջին մի քանի քայլերը հանրահայտ Կարլսեն-Կրամնիկ պարտիայի կրկնությունն էին, որում Կարլսենը հաղթանակ էր տոնել, սակայն Կարյակինը 5-րդ քայլում այլ շարունակություն ընտրեց: Պարտիայում բավականին շուտ տեղի ունեցան բազմաթիվ փոխանակումներ և ստացվեց վերջնախաղ, որտեղ սպիտակները ունեին նավակ և ձի, սևերի նավակ և փղի դիմաց;

Ավելի լավ զինվորային կառուցվածքի շնորհիվ սպիտակները ունեին մինիմալ առավելություն, սակայն շատ դժվար կլիներ այն զարգացնել: Համաձայն իր մարտական բնավորության՝ Կարլսենը ամեն դեպքում փորձեց գտնել թուլություններ սևերի պաշտպանությունում, սակայն Կարյակինը բավականին հաջող վերախմբավորեց իր ֆիգուրաները և պաշտպանեց բոլոր խոցելի կետերը: Աշխարհի չեմպիոնը փոխանակեց նաև նավակաները՝ հուսալով ստանալ առավելություն «ձին փղի դեմ» վերջնախաղում, սակայն այստեղ ևս առավելության չկարողացավ հասնել: Սպառելով պայքարը շարունակելու բոլոր ռեսուրսները՝ խաղի 42-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի:

Նոյեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի մրցախաղի երկրորդ պարտիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: