Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ի մղձավանջը սկսվել է


  
դիտումներ: 992

Քաղաքական պայքարն արդեն դուրս է եկել միջկուսակցական մրցակցության տիրույթից ու մտել ներկուսակցական խաղերի ու ինտրիգների փուլ:

Եթե նախկինում կարելի էր միայն ենթադրություններ անել` դատելով հատուկենտ երևակվող դրվագներից ու դեպքերից, ապա այժմ դրանք սովորական առօրյա են դարձել:

Որ իշխող ՀՀԿ-ն ներկուսակցական լուրջ խմորումների փուլում է, երևում է ամեն ինչից: Նախ` դա հստակ երևաց Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի ու դրան հաջորդած ներիշխանական վերադասավորումների ընթացքում: Եթե համեմատաբար ավելի արագ կատարվեց նոր վարչապետի ընտրությունը, ապա հասարակությունը երկար ժամանակ ուշի ուշով հետևում էր, թե ինչպես է իշխանական բուրգը վերադասավորվում, ինչպես են վերաբաշխվում կառավարական պաշտոններն ու պորտֆելները, ովքեր և ինչպես են պաշտոններ ստանում: Ինտրիգը հատկապես սրվեց ԱԺ նախագահի, քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավարի, նախարարների, քաղաքական ու հայեցողական մյուս կարևոր պաշտոններն ու դիրքերը բաժանելիս:

Այդ ժամանակ ՀՀԿ մի շարք անդամներ ասացին, որ կուսակցության ներսում լուրջ կադրային խնդիր կա: Նրանք, ովքեր իսկապես համապատասխանում են նախարարի պորտֆել կրելու չափանիշներին, փորձում են հրաժարվել, իսկ գործադիր պաշտոնների համար ՀՀԿ-ն պատրաստված թեկնածուներ շատ չունի: Սա, թերևս, ապացուցվեց այն ժամանակ, երբ կառավարությունը կազմավորվեց հիմնականում նախկին պաշտոնյաներից:
Առաջին շարժառիթը, որ ՀՀԿ-ի ներսում տարաձայնությունների տեղիք տվեց, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, Գալուստ Սահակյանի` ԱԺ նախագահ ընտրվելն էր, ավելի ճիշտ` նշանակումը, քանի որ հանրապետական պատգամավորներին հրահանգվել էր քվեարկել Գալուստ Գրիգորիչի օգտին: Եվ ուշագրավ էր, որ նրա թեկնածությունը պաշտպանող հանրապետականները միայն մեկ արժանիք էին հիշում` փորձառությունը: Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ, ինչը ոչ միայն ընդդիմության սրտով չէր (ընդդիմադիրները չմասնակցեցին քվեարկությանը), այլև` հենց ՀՀԿ-ականների: Ընտրության օրը, ինչպես հիշում ենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության` տարաբնույթ սկանդալային պատմությունների հերոս Մհեր Սեդրակյանը չկարողացավ զսպել իր դժգոհությունը, ԱԺ նախագահ դառնալու հավակնություններն ու չիրականացած ցանկությունները: Մեզ հասած տեղեկություններով` Գրիգորիչի ԱԺ նախագահ դառնալու հանգամանքով ոգևորված չեն նաև երիտհանրապետականները: Մամուլը նույնիսկ ուշադրությամբ հետևեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի դիմախաղին ու արձանագրեց, որ Գալուստ Սահակյանի յուրաքանչյուր սայթաքումին Շարմազանովը քմծիծաղով կամ ժպիտով է արձագանքում: Բայց դա շուտով հարթվեց:

ՀՀԿ շարքերի ամրության առումով հաջորդ «թեստը» թերևս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ընտրությունն էր, որն ընթացավ դարձյալ հակասությունների ծիրով, թե ինչու խմբակցության ղեկավարի դիրքում ամենահարմար թեկնածուն համարվեց ընդամենը 3 տարի առաջ ՀՀԿ շարքերը համալրած Վահրամ Բաղդասարյանը: Հին հանրապետականներն այս որոշման դեմ գաղտնի, թե վախվորած, բայց, այնուամենայնիվ, բողոքեցին, սակայն նույն` վերևների ձեռքը սեղանին խփելու տարբերակով համակերպվեցին այդ մտքի հետ ևս:

Մինչև ե՞րբ կհաջողվի զսպել կուսակիցների ախորժակը

Որ հանրապետական կուսակցությունում խմորումները շարունակվում են, հստակ արտահայտվեց նաև հուլիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախընտրական զարգացումներից: Այստեղ բավականին ուշագրավ քաղաքական ինտրիգների շարան արձանագրվեց:
Առաջադրված 4 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ական էին (ըստ ԿԸՀ տվյալների): Այդ երեք թեկնածուներից Վաչագան Ադունցին առաջադրել էր հենց ՀՀԿ-ն, և նա համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, մյուս երկու ՀՀԿ-ականները ինքնառաջադրված Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանն էին: Առաջինը Սյունիքի գործող մարզպետի ընկերն է, երկրորդը` անցյալ տարի Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը: Ընդ որում, այս երկու թեկնածուներն ընկերներ են ու հենց սկզբում հայտարարեցին, որ միևնույն ճակատն են ներկայացնում:
Ինքնառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները բարձրաձայնեցին նաև, որ Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը, և վերջինս հենց այս թեկնածուի միջոցով փորձում է պահպանել իր դիրքերը Գորիսում, հետագայում նաև վերահաստատել դիրքերն ընդհանրապես Սյունիքում: Ու թեև Արա Բուդաղյանը ինքնաբացարկ ներկայացրեց և հայտարարեց, որ աջակցում է Տիգրան Կարապետյանին, հենց նույն օրը Տիգրան Կարապետյանն էլ, որ համարվում էր գորիսեցիների ճնշող մեծամասնության համակրանքն ու, ամենայն հավանականութամբ, վստահությունը վայելող թեկնածուն, անսպասելի ինքնաբացարկ ներկայացրեց` հայտարարելով, որ ստեղծված պայմաններում դա ամենաճիշտ որոշումն էր:
Իսկ ի՞նչ պայմաններ էին ստեղծված: Առաջին հայացքից` գուցե նախկին ու նոր մարզպետների մրցակցությունը. փաստորեն հաղթեց նախկին մարզպետը: Բայց ոչ: Սուրիկ Խաչատրյանը, ինչպես մեզ հայտնեցին լավատեղյակ անձինք, հաջողել էր ավելի շուտ կուսակցական վերնախավին ներկայացնել իր թեկնածուին և ընտրություններում իր թեկնածուի համար պաշտպանություն ապահովել: Եվ երբ մյուս երկու ՀՀԿ-ականներն ինքնառաջադրվեցին, ՀՀԿ-ն արդեն Գորիսում առաջադրված թեկնածու ուներ: Սկզբում գործերն այնքան էլ վատ չէին առաջ գնում, քանի դեռ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը չէին հայտարարել, որ Գորիսում, ճիշտ է, ՀՀԿ-ն առաջադրել է Ադունցի թեկնածությունը, բայց ՀՀԿ-ականները սատարում են իրենց:
Դա ճակատագրական սխալ էր, որ ՀՀԿ-ի վերևներում ընկալվեց որպես ՀՀԿ միասնականությանը սպառնացող վտանգ, քանի որ ինքնառաջադրված ՀՀԿ-ականները հայտարարում էին (և Գորիսից հասնող լուրերն էլ դա հաստատում էին),որ Գորիսի ՀՀԿ-ականները սատարում են ոչ թե Սուրիկ Խաչատրյանի առաջարկած ու ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին, այլ ինքնառաջադրված կուսակցական ընկերոջը: Իսկ դա նշանակում էր, որ շարքային ՀՀԿ-ականները դուրս էին գալիս «ի վերուստ» եկած հրահանգների դեմ: Ակնհայտ էր, որ ընտրություններում հաղթելու էր Տիգրան Կարապետյանը: Սա, իր հերթին, նշանակում էր, որ ՀՀԿ-ն կպարտվեր ՀՀԿ-ականներին: Դա արդեն կարող էր վարակիչ լինել կուսակցության մյուս կառույցների համար, ինչի նախադրյալները կային: Նման դրսևորումն անկառավարելի կդարձներ կուսակցական ամբողջական օրգանիզմը: Եվ ՀՀԿ-ում հստակ որոշեցին` Տիգրան Կարապետյանը պետք է ինքնաբացարկ հայտնի: Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր էր:
Մյուս ուշագրավ հանգամանքը վերաբերում է մայիսի 24-ին կայացած ՀՀԿ 15-րդ համագումարին: Համագումարի նախօրյակին, ինչպես մեզ պատմեց մեկ այլ երիտհհկական, պետք է ընդլայնվեր ՀՀԿ ԳՄ կազմը. այնտեղ պետք է հայտնվեին նոր անուններ: Այսպես, յուրաքանչյուր հեղինակավոր ՀՀԿ-ական առաջադրել է իր ուզած թեկնածությունները, որոնք պետք է դառնային ՀՀԿ ԳՄ անդամ` հետագայում կշիռ բերելով իրենց առաջադրած հեղինակավորին: Այդ անունների շարքում եղել են նաև անձինք, որոնք ՀՀԿ շարքերը համալրել են 1-2 տարի առաջ: Սա առաջացրել է ՀՀԿ հավատարիմ զինվորների` Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու նրանց «թևի» ներկայացուցիչների զայրույթը: Նրանք այս հարցի կապակցությամբ դիմել են Սերժ Սարգսյանին, որն էլ համաձայնել է քաղաքական մարտերի իր «կռվող» զինվորների նկատառումներին, ու վերջին պահին ՀՀԿ ԳՄ կազմը համալրողների ցուցակը վերախմբագրվել է: Սա էլ եղել է իրավիճակային լուծում` ակնհայտ արտահայտված դժգոհության ալիքը սկզբնավորման պահից իսկ կանխելու նկատառումներով:

Ըստ երևույթին, սեփական կուսակիցների` իշխանություն վայելելու ցանկությունները շատ երկար չի հաջողվի զսպել, եթե իրերն այսպիսի ընթացք ունենան:
Այս ամենը գալիս են հաստատելու նախկինում հրապարակված մեր այն դիտարկումները, որ ՀՀԿ-ն, արտաքին ճնշումը` ընդդիմության ազդեցությունը չեզոքացնելով, արդեն ներքին համախմբվածությունը կորցնելու և օրեցօր թուլանալու է: Դրանից բխող բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: