Հայերեն   English   Русский  

«Մարդիկ սկսել են վախենալ խոսել կոռուպցիոն դեպքերի մասին». Վարուժան Հոկտանյան


  
դիտումներ: 680

Հրապարակվել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, որի վիճակագրությունը անդրադառնում է նաև Հայաստանին և տարածաշրջանին:

Նախորդ հարցումը կատարվել էր 2013 թվականին: Հայաստանում հարցման մեջ ներգրավված է եղել 1527 անձ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ամփոփելով արդյունքները, նշեց, որ այս տարի ևս, ինչպես 2013-ին, Հայաստանը մտահոգիչ ցուցանիշներ է ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությանը և այդ պայքարում իրենց դերի ընկալմանը. հարցվածների 63 տոկոսը կարծում է , որ շարքային քաղաքացու ներգրավվումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխի:

Սա ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշն է. «Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել չի ցանկացել հարցվողների 52 տոկոսը: Այս ցուցանիշը հարցման մեջ ընդգրկված տարածաշրջանի 42 երկրների մեջ ամենացածրն է, և նույն պատկերն էր նաև 2013թ. հարցման ժամանակ, չնայած այն ժամանակ այդ տոկոսն էլ ավելի բարձր էր: Սա վկայում է կամ հասարակության անտարբերության մասին, կամ նրանում տիրող վախի մթնոլորտի, կամ էլ նրա կողմից Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խաղաղ ձևերի անարդյունավետության մասին»:

Հայաստանցի հարցվողների 67 տոկոսը (2013թ. այն նույնպես 67 տոկոս էր) չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի: Այս ցուցանիշով Հայաստանը նույնպես տարածաշրջանի 42 երկրների մեջ գտնվում է վերջին տեղում. «Ամենալուրջ խնդիրը այն է, որ մարդիկ խուսափում էին նախկինում բարձրաձայնել կոռուպցիայի մասին, քանի որ մտածում էին, որ ոչինչ չի փոխվի, հիմա մարդիկ սկսել են վախենալ հետևանքներից ոչ միայն Հայաստանում, այլ նույնիսկ արևմտյան Եվրոպայի երկրներում»,- նշեց Վարուժան Հոկտանյանը:

Հարցման մեջ ընդգրկված հաստատություների (կառույցների)/ոլորտների ներկայացուցիչներից կոռուպցիայի մեջ առավել ներքաշված են ընկալվում պետական պաշտոնյաները (հարցվածների 45 տոկոսը), Հանրապետության Նախագահը և իր աշխատակազմը (44 տոկոս) և հարկային մարմինների պաշտոնյաները (43 տոկոս):

Եթե 2013 թ. Հայաստանում անցկացված հարցման ժամանակ բնակչության 21% էր կարծում, որ իշխանությունը ինչ-որ քայլեր անում է կոռուպցիայի դեմ, այժմ այդ թիվը 14% է:

«Հայաստանի հարցվողների 77 տոկոսը նշել է, որ հասարակությունում ընդունելի չէ հայտնել կոռուպցիոն դեպքերի մասին: Սա նույնպես տարածաշրջանի կտրվածքով ամենաբարձր տոկոսն է, այսինքն՝ այդ «ստուկաչի» հոգեբանությունը առավել տարածված է այստեղ»,-եզրափակեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: