Հայերեն   English   Русский  

​Վանի թագավորության կարևորագույն գտածոներ` Օշականի և Արամուսի հնավայրերում


  
դիտումներ: 5175

Օշականում և Արամուսում ընթացող հնագիտական պեղումները հաջողությամբ են պսակվել. հայ-գերմանական և հայ-ավստրիական հնագիտական խմբերը բացահայտել են բավական ուշագրավ նյութեր:

Պեղումների արդյունքների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել արշավախմբերի ղեկավար, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի և հնագիտության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Հայկ Ավետիսյանի հետ:

- Պարո՛ն Ավետիսյան, Օշականում ընթացող 4-ամյա պեղումները հաջողությամբ են պսակվել: Ի՞նչ բացահայտումներ են կատարվել:

- Նախ՝ մի փոքր նախաբան: Օշականն Արագածոտնի մարզի հայտնի բնակավայրերից է` հագեցած հնագիտական հուշարձաններով` սկսած վաղնջական ժամանակներից մինչև միջնադար:

Մեր արշավախումբը գործնականում շարունակեց ընդհատված աշխատանքները, որոնք երջանկահիշատակ Ստեփան Եսայանն էր իրականացրել մինչև 70-ականների վերջը:

Սովետական Միության փլուզումից հետո նորանկախ պետությունը մշակույթը չէր մոռանում, բայց մշակույթի և հատկապես հնագիտության համար դեռ հերթ չէր հասնում: Մի դիպված օգնեց այնտեղ պեղումները շարունակելուն, երբ «Արմենտելը» պետք է ալեհավաք տեղադրեր և օրենքով սահմանված կարգով ֆինանսավորեց տարածքի զննումը: Սրանից չորս տարի առաջ Գերմանիայից մի խումբ երիտասարդներ եկան Մյունխենի և Հալեի համալսարաններից. նրանք հետաքրքրվում էին Վանի թագավորությամբ և առաջարկեցին, որ ղեկավարեմ աշխատանքները:

Մի փոքր ծրագիր առաջարկեցի, որը մտավ շրջանառության մեջ, հնագիտության և ազգագրության ամբիոնի, հնագիտության լաբորատորիայի և Հնագիտության ինստիտուտի հետ մեկտեղ սկսեցինք այդ աշխատանքները: Դրանք միտված էին գործնականում շարունակելու այն ամենը, ինչ ամփոփվել էր Եսայանի կողմից «Օշական 1» գրքում: Պեղեցինք 11 դամբարանային համալիր, որոնք վերաբերում են վաղ երկաթե դարին, Ք.ա. XI-IX դարերով է հասակագրվում դրանց տարիքը:

Մի հուշարձան էլ կա, որ նոր է: Նախկինում ենթադրություն է եղել, որ այն սկյութական դամբարան է, բայց ոչ, դա փոքր ամրոց է կամ դղյակ: Այն գտնվում է Օշականի տարածքում՝ Դիդիկոնդ բլուրի հարևանությամբ՝ Քասախի կիրճում՝ շատ ռազմավարական նշանակություն ունեցող հրվանդանի վրա, որը գործնականում իրենից ճանապարհների և ջրային ռեսուրսների պահակակետ է ներկայացնում:

Այսպիսով, Օշականում հուշարձանների երկու խումբ ենք բացահայտել` դամբարանների համալիրը և դղյակը: Պայմանական դղյակ ենք անվանում, բայց չի բացառվում, որ այն կարող է նաև կուլտային նշանակությամբ տաճարային շինություն լինել: Այն իր հնագիտական նյութով բրոնզե դարից մինչև Վանի թագավորություն և ավելի ուշ ժամանակաշրջանի հնագիտական միջավայր է ցույց տալիս:

Գտածոն մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Օշականի տարածքն աչքի է ընկնում իր քաղաքակրթական, Հայաստանին բնորոշ հնագիտական մշակույթների անընդհատականությամբ, որը շատ կարևոր է հասկանալու համար այն խնդիրները, որոնք կապված են մեր տնտեսության, մշակույթի, հավատալիքների, պետական կազմավորման հետ և կարևոր են ինքնության համար:

Հետաքրքիր նյութեր են. պաշտպանական համակարգին բնորոշ ճարտարապետական շինություններից կամ կառուցապատման որոշակի ստանդարտներ ունեցող համալիրներից բացի, կան նաև հնագիտական հավաքածուներ` սև, փայլեցված մակերեսով և զարդանախշերով խեցեղեն, զենքի տեսակներ և պերճանքի առարկաներ` մետաղական իրերի մեջ: Ունենք նաև մի քանի ոսկրաբանական նյութ, որն ուսումնասիրվում է սեռ ու տարիք որոշելու համար:

- Պեղումներն Օշականում շարունակվելո՞ւ են:

- Պետք է ասեմ, որ իրոք որակյալ պեղումներ են, ու եթե հնարավորություն լինի հետագայում շարունակել՝ կշարունակենք: Մեր դրսի գործընկերները նաև ֆինանսական խնդիրներ ունեն: Եվրոպական երկրներում Սիրիայից փախստականներին ընդունելու համար այդ ծրագրերից ահագին գումարներ են կրճատվել: Մենք էլ ֆինանսական խնդիր ունենք: Բայց համագործակցությունը կաբինետային հնագիտության մակարդակով շարունակվում է:

Այս պաուզան էլ լավ է, որպեսզի ի մի բերենք այդ ամենը, հրատարակենք գրքով, հետո շարունակենք:

Գիտեք, հնագիտությունն այսօր օրվա պահանջ է: Առաջիկա 20 տարում հնագիտության և ազգագրության ոլորտում մենք ռեսուրսի կարիք ունենք, և ամեն տարի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 4-5 ուսանող աշխատանքի է անցնում: Մենք այս տարի համապատասխան բաժին ենք բացել, ցավոք, միայն 5 դիմորդ ընդունվեց: Վստահ եմ, որ նորաբաց բաժնի հանրահռչակման արդյունքում դիմորդների թիվը կավելանա:

- Արամուսում ևս 12 տարվա աշխատանքներն արդյունք են տվել: Ի՞նչ բացահայտումներ են արվել Արամուսում:

- Այստեղ արդյունքները բավականին լավ են, մեծ քանակությամբ հոդվածներ ունենք, միջազգային կոնֆերանսների ենք մասնակցում, գիրք ունենք հրատարակած: Սակայն հուշարձան, մանավանդ նման տիպի բնակավայր պեղելը մի սերնդի խնդիր չէ: Հուսով եմ, որ մի 100 տարի դեռ այդ հուշարձանները կպեղվեն, և մեր հաջորդներն այդ ամենն ի մի կբերեն:

Արամուսն իրենից ներկայացնում է Վանի թագավորության քաղաք-բնակավայր, և այնտեղ հարևանությամբ ժամանակին ունեինք մի արձանագիր կոթող, որը ներկայացնում էր արքայի արշավանքը Դարանի քաղաքի գրավման փաստագրումով: Խնդիր կար հասկանալու, թե որտեղ է այդ քաղաքը: Էմմա Խանզադյանը դեռևս 70-ական թվականներին դիտարկումներ կատարեց Արամուսի բլուրներում, որտեղ հիմա մենք ենք պեղումներ անում, և ստացվեց, որ արքայի նշած քաղաք-ամրոցները կուտակված են այդ տարածքում: Գործնականում Կոտայքի դաշտավայրն է, որի բլրակների վրա են բնակավայրերը, որոնք Տուշպային բնորոշ կառուցապատում ունեն:

Բացվել է պաշտպանական շատ հետաքրքիր համակարգ` մի քանի շերտ պարսպապատերով: Ամրոցն ունի բավականին լավ ժամանակագրական ամբողջականություն բրոնզե դարից մինչև միջնադար, մենք Բագրատունիների ժամանակի նյութ ունենք նաև, բայց ավելի հիշարժան է Վանի թագավորության իրողությունների շարքը, որը ներկայացված է երկու միջնաբերդերի, ինչպես նաև դարավանդային կառուցապատումներով: Կան տնտեսական նշանակության շենքեր, ունենք նաև կուլտային բնույթի կառույցներ, հարթակներ, որոնք, ըստ երևույթին, տաճարների մաս պետք է կազմեն:

Ցավոք սրտի, այդ բոլոր հուշարձանները հազարամյակներ շարունակ ավերվել են ոչ միայն մելիորատիվ աշխատանքների հետևանքով. հաջորդ սերունդը եկել է և ռազմավարական նշանակություն ունեցող այդ բլրակները վերագործարկել է, մի կողմից շարունակությունն ենք տեսնում, մյուս կողմից մի քիչ փչացրել են շերտերը:

Հնագիտական նյութի բավական հարուստ հավաքածուներ ունենք. խեցեղենի տեսականու բազմազանություն, զենքի տեսակներ, պերճանքի առարկաներ, քարե գործիքներ, տնտեսական համալիրների մասին հետաքրքիր դիտարկումներ ունենք, կուլտային բնույթի գտածոներ` կոթողներ արձանների ձևով, այսինքն՝ այն, ինչ բնորոշ է Վանի թագավորության պետական ստանդարտին: Եվ դա Հայկական լեռնաշխարհում VIII-VI դարերի միջակայքում նույնատիպ է, ինչը ցույց է տալիս մեկ մշակութային ընդհանրության այն ստանդարտը, որը կերտվեց պետականության ստեղծմամբ և հետագայում ժառանգվեց նաև հաջորդ մեր պետականության ժամանակաշրջաններում. պետության կառավարման ստանդարտները, ամրաշինական եղանակները շատ երկար գոյատևեցին: Այնպես որ ժամանակակից ճարտարապետության մեջ մեր նվաճումներն էլ խարսխված են այն ժառանգության վրա, որը Վանից, Տուշպայից է գալիս:

- Պարո՛ն Ավետիսյան, երկու պեղումներն էլ արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ է իրականացվել: Ինչպիսի՞ն է արտասահմանյան գործընկերների ներդրումը հնագիտական պեղումներում:

- Նրանք գումարներ են ներդնում, մենք՝ նույնպես: Երկու բյուջեները միասին ապահովում են ուսումնասիրությունների ողջ ընթացքը: Չնայած փոքր գումարներ են դրանք, բայց կարևոր է համագործակցությունը: Այդ ձևը շատ ընդունված է ու կարևոր: Եվրոպացի գիտնականներին հետաքրքրում են Հին Արևելքը և Առաջավոր Ասիան, որի մասն ենք մենք:

Համագործակցության շրջանակներում օտարերկրյա հեղինակավոր ամսագրերում օտար լեզվով գիտական հոդվածներ են հրապարակվում: Մի բան է, երբ մենք ենք դա ներկայացնում, այլ բան է, երբ համատեղ է դա արվում. այստեղ խաբելու կամ մեր մշակույթն ավելի հինը դարձնելու խնդիր չունենք: Այդ առումով արդյունքները բավականին լավ են, նաև տարածքի ճանաչելիության հարց կա` տարածքը գրավիչ դարձնելու, տուրիստներ և ներդրումներ գրավելու տեսանկյունից:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված Վանի թագավորության նկատմամբ հետաքրքրությունը միջազգային ասպարեզում:

- Ասեմ` այն խնդիրները, որոնք դիտարկվում են Վանի թագավորության պատմության, մշակույթի շրջանակներում, կապված են հին առաջավորասիական կամ Արևելքի պետական կազմավորումների, քաղաքակրթության հետ. Ասորեստան, Սկյութական աշխարհ, Իրանական բարձրավանդակ, Խեթական աշխարհ: Այդ շրջապատում, այդ պետությունների միջև տեղակայված Հայկական լեռնաշխարհը գործնականում ստեղծեց պետականության նոր ստանդարտ, որը մրցունակ էր իր մշակույթով, տնտեսական համալիրով, կուլտերով, և ունենք արձանագրություններ, որոնք մատնանշում են այդ հզոր պետության գոյությունը:

Հին արևելքը գրավում է աշխարհին, որում մենք ունենք մեր տեղն ու դերը: Եվ ամենակարևորը՝ լեռնաշխարհի տարածքում ցեղերն ու ցեղային միությունները, որոնք ստեղծեցին այդ հնագիտական աշխարհը, որի ավարտն ազդարարվում է Վանի թագավորությունով, ժողովրդագրական տեսանկյունից կլասիկ ցուցիչ է, թե ինչպես այդ թոհուբոհի մեջ լեռնաշխարհի տարածքում կարող է ձևավորվել մի ստանդարտ, որը պետության ձևով կարող է հանդես գալ և հետո նրա լինելությունը շարունակվի:

- Խոսեցիք Օշականի և Արամուսի գտածոների կարևորության մասին: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք պատմության տեսանկյունից:

- Մի քանի հարթության վրա կարող ենք արժևորել: Նախ՝ հուշարձաններն են ուսումնասիրվում և հանրահռչակվում: Երկրորդ` հնագիտական նյութի և տեղանքի առևտրայնացման հնարավորությունները, այսինքն՝ պեղված տեղանքը կդառնա տուրիստական գոտի, զբոսաշրջիկներ կգան, նաև ներդրումներ կարվեն: Երրորդ` սոցիալական հարց է լուծվում տեղի բնակիչների համար, նրանք որպես բանվորական ուժ ներգրավվում են աշխատանքներում և գումար են ստանում: Չորրորդ` կրթական բաղադրիչը, մեր ուսանողներն են մասնակցում այդ աշխատանքներին, դիպլոմային ու կուրսային աշխատանքներ պատրաստում: Այսինքն՝ այդ աշխատանքներն ունեն կրթական, գիտական, դաստիարակչական նշանակություն:

Եվ պատմական առումով. Վանի թագավորության ֆենոմենն այն է, որ Հայկական լեռնաշխարհում փաստեցինք առաջին միասնական սահմաններով պետության ստանդարտը, որի կառավարման համակարգն ամբողջությամբ պետության ձեռքին էր` սկսած տնտեսական համալիրից մինչև արտաքին քաղաքականություն: Եվ այդ ստանդարտի մեջ, անշուշտ, իրենց դերն ու նշանակությունն ունեն մեր նախնիները:

Խոսքը մի պետական համակարգի մասին է, որի գոյությունն ապահովեց հայկական միջավայրի շարունակությունը, անընդհատականությունը. այնուհետ գալիս են Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ և այդպես մինչև երրորդ հանրապետություն: Կարևոր է, որ Վանի թագավորությամբ գործնականում լեռնաշխարհի ողջ տարածքում փաստում ենք մեկ պետություն: Եթե մինչ այդ խոսում էինք պետական կազմավորումների մասին, և դրանց ինտեգրումը մեկ միասնական պետության մեջ ուշանում էր, Վանի թագավորության ժամանակ այդ համատեքստում ունենք պետություն լեռնաշխարհի մասշտաբով: Եվ այդ պետության անընդհատականությունը փաստագրում ենք մինչև այսօր: Ճիշտ է, 30 հազար քկմ տարածքում, ոչ թե 300 հազար, բայց, այնուամենայնիվ, այդ գենետիկան կա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: