Հայերեն   English   Русский  

Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար


  
դիտումներ: 1450

Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:

Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», - նշել է փորձագետը:

Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:

Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:

Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:

Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:

Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:

Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:

«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:

Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: