Հայերեն   English   Русский  

​Բիզնեսը ճիշտ հաշվարկի արվեստ է. պետք է միշտ սառը դատել


  
դիտումներ: 3053

Հայ ամենաերիտասարդ կին գործարարը բացում է իր հաջողության գաղտնիքները

Հատկապես պետական ու քաղաքական գործիչները՝ նրանք, ովքեր պետությունը, հասարակությունը, մեզ բոլորիս են ներկայացնում, պետք է եթե ոչ իդեալական, ապա գոնե իդեալականին մոտ տեսք ունենան: Սա երիտասարդ կին գործարար ու նորաձևության մասնագետ Քրիստինե Գրիգորյանի համոզմունքն է, որ ստեղծել է հայկական ամենահաջողակ նորաձևության ստուդիաներից մեկը՝ «Կվիստին» (Kwisty):

«Հանրապետության խորհրդարանում հագուկապի առումով հեղաշրջում արեցինք, և հիմա պաշտոնյաների 90 տոկոսը հագնվում է մեր ստուդիայում»,- նշում է Գրիգորյանը, որ բացի կանացի նորաձև հագուստ ստեղծելուց, համարվում է նաև տղամարդկանց համար Հայաստանի ամենավարպետ կոստյում կարողներից մեկը:

Քրիստինե Գրիգորյանը 2016 թվականին ճանաչվել է Հայաստանի ամենապրոֆեսիոնալ հագուստի դիզայներ:

Հագուստ կարելու արվեստը՝ մոդելավորումից մինչև կարել, Քրիստինե Գրիգորյանը սովորել է Միլանում և Փարիզում: Մինչ այդ, սակայն, երկու բարձրագույն կրթություն ու մասնագիտություն է ստացել՝ իրավաբանական և տնտեսագիտական: Նա Հայաստանի միակ դիզայներն է, որ ստեղծում է հագուստի հավաքածուներ և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: «Կվիստիում» են հագնվում հայ բազմաթիվ գործարարներ, հասարակական, քաղաքական գործիչներ, երգիչ-երգչուհիներ և այլն:

2016 թվականին նա արժանացել է ՀՀ վարչապետի կողմից ամեն տարի շնորհվող «Ամենաերիտասարդ կին գործարար» տիտղոսին, դրանից առաջ՝ «Տարվա հայուհի» տիտղոսին: Կարելի է շատ երկար շարունակել Քրիստինե Գրիգորյանի տիտղոսները, մրցանակներն ու պարգևները: Բայց ուշագրավ ու շատ հետաքրքիր է ոչ այնքան նրա տիտղոսների ու պարգևների թվարկումը, որքան նրա հիմնադրած «Կվիստիի» հաջողության պատմությունը:

«Ապահովված ընտանիքից եմ, հայրս շոկոլադի գործարանի տեր է, քույրս՝ անգլերեն թեքումով մասնավոր դպրոցների ցանցի սեփականատեր. կարող էի շատ հանգիստ դրսում գործունեություն ծավալել և ամեն ինչ այնտեղ շատ ավելի հեշտ կունենայի ստացածս կրթությամբ ու լեզուների իմացությամբ: Բայց քանի որ հայրենասեր եմ (այս ասելով՝ ցույց է տալիս սպորտային հագուստի հավաքածուի բոլոր նմուշների մեջ օգտագործվող հայկական խորհրդանշանը՝ ՀՀ դրոշի գույներով երիզները), որոշեցի գալ Հայաստան»,- «Անկախին» պատմեց Գրիգորյանը:

Դա 2009 թվականն էր: Սկսում է աշխատել Հայաստանում և ուսումնասիրել շուկան, միաժամանակ հայկական միջավայրում աշխատելու փորձ ձեռք բերել, հայերեն սովորել՝ սկսած այբուբենից, որովհետև հայկական կրթություն չուներ, հայերեն չգիտեր: Աշխատելու ընթացքում էլ հենց նորաձևության սեփական ստուդիան, սեփական ապրանքանիշն ու հագուստի սեփական հավաքածուները ստեղծելու միտքն է առաջանում, ու ստեղծվում է «Կվիստին» (KWISTY): Անունն էլ պատահական չէ, ինչպես նշում է Գրիգորյանը, այն միջին սեռացված անուն է և ընտրված է այնպես, որ հիշեցնի հեղինակի անունը, բայց և չկրկնի այն:

«Այստեղ միայն ես չեմ աշխատում. սա թիմ է, շատ մարդիկ են աշխատում ինձ հետ միասին, ու չէի ցանկանա, որ բրենդը կոչվեր միայն իմ անունով կամ ազգանունով, ինչպես այս ոլորտում ամենուր կարելի է հանդիպել: Ես դա ճիշտ չեմ համարում, ուստի ստեղծեցի միջին սեռացված անուն, այնպես, որ և՛ տղմարդիկ, և՛ կանայք մեր հագուստը հագնելիս անհարմար չզգան՝ կապված անվան հետ: Ու այդպես ստեղծվեց «Կվիստի ֆեյշն ստուդիոն» (Kwisti fashion studio)»,- ասաց «Կվիստիի» հիմնադիրը:

Քրիստինե Գրիգորյան

Բրազիլական սերիալներից ավելի հետաքրքիր է «Կվիստիի» առաջին քայլերի պատմությունը: Քրիստինե Գրիգորյանի ծնողներն ու ընտանիքի անդամները դեմ էին նրա՝ Հայաստան վերադառնալու որոշմանը: Հայրը ոչ մի լումա չի ներդնում Քրիստինեի հայաստանյան ձեռնարկությանի մեջ, բայց դա չի վհատեցնում երիտասարդ ձեռներեց աղջկան:

«Երբ վերադարձա Հայաստան, իմ ընտանիքն այդ որոշումս շատ ծանր տարավ, այնքան ծանր, որ անգամ չեկան օդանավակայան ինձ ճանապարհելու,- ժպտալով հիշում է նա:- Եկա, մեր հարազատներն էին այստեղ, ես նրանց մոտ էի ապրում, քանի որ հայրս անգամ մեր տունը չտվեց, որ ապրեմ, ամեն կերպ ուզում էր այնպես անել, որ վերադառնամ իր մոտ: Բայց չկոտրվեցի, այդ բոլոր դժվարությունները հաղթահարեցի, ընտանիքս, փառք Աստծո, ամեն ինչ հասկացավ: Թող տպավորություն չստեղծվի, թե անառողջ ընտանք ունեմ կամ ինչ-որ լուրջ կոնֆլիկտներ ենք ունեցել, մենք շատ համերաշխ, խաղաղ ընտանիք ենք, բոլորս իրար հանդեպ սիրով ու ջերմությամբ լցված, ուղղակի նրանք չէին ուզում, որ վերադառնայի ու հաստատվեի Հայաստանում, այդ պատճառով էլ այդպես ստացվեց սկզբում»:

Բայց ունենալով լավ կրթություն ու լինելով շփվող մարդ՝ Քրիստինե Գրիգորյանը Հայաստանում էլ շատ կարճ ժամանակում կարողանում է ստեղծել լավ շրջապատ ու ժամանելուց 10 օր հետո արդեն բավական բարձր վարձատրվող աշխատանք ուներ:

«Այստեղ էլ անընդհատ կարում էի, զգեստներ էի ստեղծում, դա իմ հոբբին էր: Ու քանի որ համապատասխան կրթություն էլ ունեի՝ այդ հոբբին ինձ, բացի հիմնական աշխատանքից, լրացուցիչ եկամուտ էր բերում: Եվ մտածեցի, թե ինչու չստեղծեմ «Կվիստին», այսինքն՝ սեփական հավաքածուները, ապրանքանիշը, սեփական ստուդիոն, որտեղ մարդկանց համար կստեղծեմ բարձրակարգ հագուստ, ինչո՞ւ չստեղծեմ իմ գործը, որը կդառնա բարձր վարձատրվող հոբբի: Ամենաիդեալական աշխատանքը հոբբին է, երբ մարդը սիրով է անում է իր գործն ու դա իդեալական է ստացվում: Այդպես որոշեցի ստեղծել «Կվիստին»,- պատմում է Գրիգորյանը:

Ներկայումս «Կվիստիում» մշտական աշխատանք ունի 10 հոգի: Բայց քանի որ ընկերությունը, բացի անհատական հագուստ ստեղծելուց, նաև որոշ կազմակերպությունների համար ծառայողական արտահագուստ ու համազգեստներ էլ է ստեղծում է, խոշոր պատվերների դեպքում դերձակների թիվը, որոնց հետ «Կվիստին» պայմանագրեր ունի, ավելանում է:

Քանի որ շատերն են լավ գաղափարներ ունենում, բայց վախենում են սեփական բիզնեսը սկսել առաջին հերթին այն թյուր կարծիքի պատճառով, թե բիզնես սկսելու համար մեծ ներդրումներ ու «տաք» թիկունք է հարկավոր, Քրիստինե Գրիգորյանին խնդրեցինք նաև պատմել, թե ինչ միջոցներով ու ներդրումներով սկսեց սեփական գործը: Իսկ սկսելիս նա ունեցել է ընդամենը մեկ կարի և մեկ օվերլոկի մեքենա: Տարածքի վարձակալության, նյութերի, այլ ծախսերի համար գումարներն էլ մյուս աշխատանքից ստացված եկամուտից էր ներդնում:

«Սկզբում այդ երկու մեքենաներն էին, և ես աշխատելով, կարելով-կարելով՝ զարգացա: Քանի որ շատ համարձակ եմ, մի ընկերության ցույց տվեցի իմ աշխատանքները, նրանք վստահեցին ինձ, որ կարող եմ լավորակ գործ անել ու իրենց ուզած աշխատանքը կատարել, ինձ հետ պայմանագիր կնքեցին ու պատվեր տվեցին: Ես էլ նրանցից կանխավճար վերցրեցի, այդ գումարով կարի մեքենաներ գնեցի, աշխատողներ վարձեցի ու այդ պատվերը կատարեցի: Փաստորեն, բացի ստեղծագործական մասից, արդեն ունեցա նաև արտադրական մասը»,- պատմեց Քրիստինե Գրիգորյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ հատկանիշների շնորհիվ կարողացավ ստեղծել սեփական բիզնեսը, կայացնել ու հաջողության ճանապարհով այն առաջ տանել, մեր զրուցակիցը ցույց է տալիս իր մազերը (նրա սանրվածքն այնպիսին է, որ մի կողմից մազերը կարճ են կտրված, մյուս կողմից՝ երկար): Ասում է՝ առհասարակ կարճ մազերով կանայք շատ ուժեղ են, ակտիվ ու նախաձեռնող, հատկապես՝ բիզնեսում, իսկ երկար մազերով կանայք ավելի նուրբ, կանացի ու ավելի մեղմ են: Իր սանրվածքն ասիմետրիկ է, քանի որ իր մեջ երկու հատկանիշները մեկտեղված են՝ բիզնեսն ու ստեղծագործական հակումը: Բայց միաժամանակ, նրա դիտարկմամբ, երբ զբաղվում ես սիրելի գործով ու տրվում ես դրան, երբ անգամ ֆինանս կամ եկամուտ չես ակնկալում, այլ ուղղակի բավականություն ես ստանում քո գործով զբաղվելուց, ապա եկամուտները գալիս են ինքնըստինքյան:

«Հաջողության հասնելու համար առաջին հերթին ու ամենակարևոր պայմանը գործդ՝ աշխատանքդ սիրելն է ու նվիրված աշխատելը: Աշխատասիրությունը, հատկապես սիրով աշխատելը շատ կարևոր է: Եվ ինձ թվում է՝ չպետք է շատ համեստ լինել, պետք է համարձակ լինել ու տարբեր տեղերում կարողանալ քեզ ու աշխատանքդ ճիշտ ներկայացնել»,- վստահեցնում է Քրիստինե Գրիգորյանն ու սկսում թվարկել նորաձևության այն բոլոր ներկայացումները, ցուցադրությունները, որտեղ միշտ իրենք են բացումն անում, միշտ առանձնանում են նրանով, որ ինքնատիպ են, տարբերվող, հատուկ իրենց համար երաժշտություն է գրվում և այլն: Եվ իրենք չեն ամաչում այդ մասին ասելուց, ճիշտ ներկայանում են ու ներկայացնում իրենց ստեղծածը: Իհարկե, առանց մեծամտանալու: «Գոռոզամտությունն ու մեծամտությունը ընդհակառակը,- նշում է Գրիգորյանը,- խանգարում են իսկական հաջողությանը: Բիզնեսում մի ասույթ կա՝ ամենալավ կապիտալը բարի համբավն է: Հենց այդ համբավը ձեռք բերելու համար է պետք ավելի ակտիվ լինել»:

Բիզնեսն էլ պետք է յուրահատուկ լինի, որպեսզի հաջողություն ունենա, քանի որ շաբլոնն ու ստանդարտ լուծումները հաջողությունների չեն հանգեցնում: Ըստ նրա՝ բիզնեսմենը պետք է լինի սառը դատող ու ամեն ինչ անի՝ ելնելով հաշվարկներից, քանի որ բիզնեսը ճիշտ հաշվարկի արվեստ է: Բայց Գրիգորյանը երբեմն այդ հաշվարկները «շրջանցելով» է ստեղծագործում: Ինքն էլ իրեն կատարյալ բիզնես լեդի չի համարում, քանի որ կարծում է՝ էմոցիոնալ է ու հաճախ սառը չի դատում, մի խոսքով՝ ստեղծագործող է, որի արդյունքն էլ «Կվիստին» է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: