Հայերեն   English   Русский  

​Այսօր Հանրայինի մեծ հեռուստատեսային ընտանիքը տոնում է իր 60-ամյակը


  
դիտումներ: 4601

1956 թ. նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարեց Հայաստանում հեռուստատեսության մեկնարկը: Մինչև 1957 թ. փետրվար ամիսը հեռուստատեսությունը փորձնական շրջանում էր: Փետրվարին տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հաղորդումները սկսեցին շաբաթական չորս անգամ եթեր հեռարձակվել 2 ժամով:

1957 թ. օգոստոսի 6-ին հեռուստատեսության եթերը համալրեց «Շաբաթվա նորություններ» տեղեկատվական հաղորդումը, որը 1958-ի փետրվարից դարձավ պարբերական: Այդ ժամանակ էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը: Հետագայում հեռուստադիտողը սկսեց վայելել օպերային ներկայացումներ և բալետներ, ստեղծվեց հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1977 թ. նոյեմբերից հեռուստաալիքը սկսեց հեռարձակումը Երեւանի Նորքի բարձունքում տեղակայված նորակառույց հեռուստաաշտարակից, որը «Օրբիտա-2» արբանյակի շնորհիվ ունի 311,7 մետր բարձրություն: 1978-ից հաղորդումների մի մասը եթերում էր հայտնվում գունավոր պատկերով:

Հաղորդումների միջին տևողությունը հասավ 12 ժամի: Այդ տարիներին Հայաստանում կար մոտ 500 000 հեռուստացույց, որոնցից 100 000-ը՝ գունավոր: Այսօր Հանրայինի մեծ հեռուստատեսային ընտանիքը տոնում է 60-ամյակը՝ բազմաթիվ բարձրորակ հաղորդումներով ու հեռուստանախագծերով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: