Հայերեն   English   Русский  

Արման Աբովյան. Իմ ամբողջ մանկությունը մնաց այնտեղ, այն հիվանդանոցում` արյունոտ թանզիֆների, վիրավորների ճիչերի ու Արմինեի հետ


  
դիտումներ: 2052

Դեկտեմբերի 7- Երևան: Ես 14 տարեկան եմ: Դպրոցում, ֆիզիկայի ժամին, զանգից մի քանի րոպե առաջ սկսեց ցնցվել, պատուհանները թափվեցին, մենք դուրս վազեցինք բակ: Տնօրենն ու ուսուցիչները վերջինը դուրս եկան դպրոցից: Երեխաները չէին լալիս, անգամ` առաջին դասարանցիները:

Դեկտեմբերի 8: Հայրս գիշերը գնաց Լենինական, մայրս թաքուն լաց էր լինում, որ մեզ չվախեցնի: Մենք դասարանով որոշեցինք որպես կամավոր գնալ հիվանդանոց:

Դեկտեմբերի 9- Երևան, Միքայելյանի անվան հիվանդանոց: Վիրավորներ, վիրավորներ, վիրավորներ ամենուրեք` միջանցքներում, անցուղիներում, հարկերում, ամենուրեք արյան հոտ և սև ինչ-որ բանով կեղտոտված թանզիֆներ: Մի աղջկա բերեցին, ես ու Գրիգորը նրան պատգարակով քարշ ենք տալիս 4-րդ հարկ: Աղջիկը փոքր է, 7-8 տարեկան: Անունն Արմինե է: Ոտքերի փոխարեն ոսկորներից ու մսից շիլա է: Որոշեցի՝ այցելելու եմ նրան:

Դեկտեմբերի 10- Հիվանդանոց եկան բժիշկներ Լենինգրադից ու Ֆրանսիայից, ասում են, որ նույնիսկ 2 իսկական ամերիկացի կա և մի բուժքույր նույնպես այնտեղից է, ասում են` սևամորթ: Ամսի 8-ից դասարանից ոչ ոք տանը չի եղել: Ցերեկ ու գիշեր, գիշեր ու ցերեկ խառնվել է աղաղակների, մահերի, հայհոյանքների, սպիտակ խալաթների մի մղձավանջային խճանկարի մեջ: Առաջինը վատացավ մեր դասարանի Նվարդիկը, 3 օր անքուն, տարան տուն:

Դեկտեմբերի 11- Դասարանցի Շուբին Պետյան` մոլոկան, 2 մետր հասակով թիկնեղ տղա, թաքուն լաց էր լինում հիվանդանոցի դիահերձարանի մոտ: Միայն ես տեսա, բայց որոշեցի մյուսներին չասել: Ջնջխված ոտքերով Արմինեն դեռ ուշքի չի եկել: Բժիշկը հարցրեց` նրա ինչն եմ, ստեցի, ասացի` եղբայրն եմ:

Դեկտեմբերի 12- Սովորեցի ծխել մենթոլով ինչ-որ զզվելի ծխախոտներ: Վրայիցս քրտնքի ու վալիդոլի հոտ է գալիս: Եկավ հայրիկը` դուրս թափվող աչքերով նայեց, գրկեց ու ասաց տուն գնալ: Հրաժարվեցի: Հայրիկս ձեռքս ամուր սեղմեց, կյանքում առաջին անգամ՝ ինչպես տղամարդու ձեռքն ու գնաց: Նկատեցի, որ գրպանիս մեջից երևում էր ծխախոտի տուփը: Հայրիկս ոչինչ չասաց:

Դեկտեմբերի 13- Դասարանից ոտքի վրա մնացինք միայն ես, Գուրգենը, Արսենը, Արմենն ու Արամայիսը: Արդեն մենք էլ կարող ենք գնալ, արտասահմանից եկած բժիշկներն ու բուժանձնակազմն արդեն բավական են: Տպավորություն է, թե հիվանդանոցը վերածվել է Բաբելոնի` գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուները լսվում են ամեն կողմից: Ուզում եմ ուտել ու քնել:

Դեկտեմբերի 14- Վերև բարձրացա՝ Արմինեի մոտ: Բժիշկն ասաց, որ նրան տարել են: Միջանցքում լսեցի, թե ինչպես էին ասում, որ նա մահացել է: Էլ ոչինչ չեմ հիշում: Արթնացա տանը: Մայրս ասում էր, որ ուշաթափվել եմ ու ինձ տուն են բերել:

Դեկտեմբերի 15- Վերջ: Իմ ամբողջ մանկությունը մնաց այնտեղ, այն հիվանդանոցում` արյունոտ թանզիֆների, վիրավորների ճիչերի ու Արմինեի հետ:

1988 թվական դեկտեմբերի 7: Հայաստանի սարսափելի երկրաշարժի օրն է, որ խլեց շուրջ 30 հազար կյանք Լենինականում ու Սպիտակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: