Հայերեն   English   Русский  

​Սիրիայում հակադիր ճամբարներում գործող Ռուսաստանն ու Թուրքիան կրկին «բարեկամներ» են


  
դիտումներ: 3429

Սիրիայում շարունակվում է տարբեր երկրներ ու տարբեր աշխարհաքաղաքական շահեր ներկայացնող ուժերի միջև պայքարը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական մակարդակներում:

Վերջին օրերին սիրիական կառավարական ուժերը մեծ հաջողություններ են արձանագրել Հալեպում: Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին մի քանի շաբաթներում ահաբեկիչներից ազատագրվել է նրանց կողմից զբաղեցրած տարածքի շուրջ 60 տոկոսը: Ահաբեկիչները հեռացել են նաև Հալեպի հին թաղամասերից: Կառավարական ուժերը ազատագրված տարածքում բացահայտել են ահաբեկիչների պահեստներից մեկը՝ թունավոր քիմիական նյութերով, որոնցով ինքնաշեն ռազմամթերք են պատրաստել:

Հաջողություններ են արձանագրվել նաև Դամասկոսում: Հաղորդվում է, որ այստեղ շուրջ 3 հազար գրոհայիններ վայր են դրել զենքերը: Կառավարական ուժերին է հանձնվել շուրջ 500 միավոր հրացան, ինչպես նաև նռնականետեր: Մարտադաշտը թողած գրոհայիններն իրենց ընտանիքների հետ ավտոբուսներով Իդլիբ նահանգ են տեղափոխվել:

Միաժամանակ Հալեպի մոտակայքում գտնվող Ալ-Բաբ բնակավայրի ուղղությամբ ակտիվ ռազմական գործողություններ է իրականացնում թուրքական զինուժը, որը, ի դեպ, Սիրիայի տարածքում է գտնվում հակառակ այդ երկրի իշխանությունների կամքի և թույլտվության:

Դիվանագիտական մակարդակում ևս ռուսական և սիրիական կողմը գոնե ժամանակավոր հաջողություններ ունի: Ռուսաստանը և Չինաստանը, օգտվելով վետոյի իրավունքից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Հալեպում յոթօրյա հրադադար հայտարարելու մասին բանաձևի քվեարկությունը: Բանաձևին դեմ է արտահայտվել նաև Վենեսուելան: Հրադադարի մասին բանաձևը մշակել էին Նոր Զելանդիան, Եգիպտոսը և Իսպանիան:

Մինչ այդ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանաձևը սադրող քայլ էր համարել՝ նշելով, որ բանաձևում զինյալների հեռանալու մասին խոսք չկա: Իսկ պարզապես հրադադարի դեպքում ահաբեկիչներին հնարավորություն կտրվեր լրացնել զենքի և սպառազինության պակասը, նոր ուժեր կուտակել և նոր թափով շարունակել պայքարը Սիրիայի կառավարական ուժերի դեմ:

Չնայած կանխատեսվող հարաբերությունների լարմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ այս հարթակում ևս կողմերը համաձայնության են հասել: Նոյեմբերի 24-ին, նույն օրը, երբ նախորդ տարի թուրքական հարվածից ռուսական օդանավը կործանվեց, Ալ-Բաբի մոտակայքում հարձակում էր իրականացվել թուրքական ուժերի նկատմամբ: Զոհվել ու վիրավորվել էին մի քանի թուրքական զինծառայողներ: Ենթադրվում էր, որ հարձակումն իրականացրել էին Սիրիայի կառավարական ուժերը: Սիրիայի տարածք ներխուժած Թուրքիան սպառնացել էր պատասխան հարվածներ հասցնել Դամասկոսին: Այդ օրերին էր նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Սիրիայի տարածքում գտնվող թուրքական զինուժի նպատակը Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելն է:

«Մենք հավակնություններ չունենք սիրիական հողերի նկատմամբ: Այն պետք է պատկանի իրական տերերին: Մենք այնտեղ ենք արդարության վերականգնման համար: Մենք այնտեղ ենք մտել, որպեսզի վերջ դնենք բռնապետ Ասադի կառավարմանը»,- թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ ասել էր Էրդողանը:

Հիշեցնենք, որ թուրքական տանկերը դեռևս օգոստոսի 24-ին են ներխուժել Սիրիայի տարածք: Այստեղ նրանք աջակցություն են ցուցաբերում այսպես կոչված՝ սիրիական չափավոր ընդդիմության ուժերին, իբրև թե պայքարում են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ, ինչպես նաև պայքարում են քրդական ուժերի դեմ, որոնց համարում են նույնքան վտանգավոր, որքան ԻՊ-ի ահաբեկիչներին: Ի դեպ, քրդերն էլ են ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում:

ՌԴ ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությունից հետո նշել էր, որ դա չի համապատասխանում երկու երկրների միջև Սիրիայի հարցով պայմանավորվածություններին: Իսկ Կրեմլը հայտարարել էր, որ Էրդողանի նման մոտեցումն իրենց համար նորություն է: Հայտարարությանը հաջորդեց երկու երկրների հեռախոսազրույցը, ապա նաև Թուրքիայի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա: Այստեղ տեղի ունեցած քննարկումներից հետո Թուրքիան գոնե բարձրաձայն Սիրիայի տարածքում գործելու այլ նպատակների մասին խոսեց:

Մոսկվա այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության նպատակը ոչ թե Ասադին տապալելն է, այլ ահաբեկչության դեմ պայքարը: «Նախ և առաջ պետք է հասկանալ, թե որն է ավելի կարևոր՝ Ասադի ճակատագի՞րը, թ՞ե երկրի ճակատագիրը: Անկասկած, Սիրիայում ապրող բազմաթիվ էթնիկ խմբերի ճակատագիրն ավելի կարևոր է, քան մեկ մարդու ճակատագիրը, մասնավորապես՝ Բաշար Ասադինը»,- հայտարարել է նա:

Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս Յըլդըրըմը նշել է, որ կարևորում են հարաբերություններն այդ երկրի հետ: «Մենք կարող ենք խոսել մեր հարաբերություններում նոր դարաշրջանի մեկնարկի մասին: Դա ընդգծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումներում»,- ասել է նա:

Սիրիա

Միևնույն ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ռուս-թուրքական բանակցություններն ամբողջովին վերականգնվել են, և մշտական շփումների մեջ են ոչ միայն երկու երկրների նախագահները, այլև ռազմական և այլ գերատեսչություններ:

Մեդվեդևի խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի համար առաջնային է Սիրիայում իրավիճակի կարգավորումը: «Մենք փաստեցինք, որ Սիրիայում ընդհանուր իրավիճակի կայունացումն առաջնահերթություն է մեր երկրների համար և, անխոս, օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար, էլ չասենք Սիրիայի մասին, որն այժմ շատ ծանր վիճակում է գտնվում»,- հանդիպման արդյունքներն այսպես է ներկայացրել ՌԴ վարչապետը:

Դժվար է հավատալ, որ Թուրքիայի նպատակները նախագահի մակարդակով բարձրաձայնվելուց հետո հանկարծ փոխվեցին: Այստեղ պարզապես նպատակը խմբագրվեց, որպեսզի որևէ բան չխանգարի Սիրիայում հակադիր շահեր ունեցող Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամությանը: Բնականաբար, ամեն կողմ Սիրիայում իր շահերը կշարունակի հետապնդել, բայց պաշտոնապես կբարձրաձայնվի այն, ինչը չի խանգարի նրանց բարեկամական դիվանագիտական հարաբերություններին:

Իսկ Սիրիայում 2011-ից ի վեր շարունակվող պատերազմի հետևանքները որևէ կազմակերպություն դժվարանում է ստույգ հաշվել: Ուշագրավ տվյալներ է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Այս կազմակերպության տվյալներով՝ 2016-ի նոյեմբերի դրությամբ Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարող շուրջ 4700 միգրանտ է խեղդվել: Սա ռեկորդային ցուցանիշ է, որը մոտ 6 անգամ գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Եվ սա այն պարագայում, երբ այս տարի կիսով չափ կրճատվել է Միջերկրական ծովով Եվրոպա հասած միգրանտների թիվը: Նախորդ տարի ծովը հատել էր մոտ 730 հազար միգրանտ, այս տարի՝ ընդամենը 344 հազար:

Իսկ Սթենֆորդի համալսարանի գիտնականների՝ արբանյակից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Սիրիայում պատերազմի հետևանքով ջրի պաշարները կրճատվել են 50 տոկոսով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: