ԵԱՀԿ Մինսկի խումբն ի ցույց է դնում իր կենսունակությունը
Կայացել է Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը
Իսկ այս տարվա վերջին հանդիպումը կայացավ հոկտեմբերի 27-ին, Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:
Մինչ այդ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին օգոստոսի 10-ին Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ և սեպտեմբերի 4-ին Նյուպորտում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնությամբ:
Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, մեկը մյուսից հետ չմնալով, իրենց խաղաղարար դերն են շեշտադրում ու փորձում հանդես գալ որպես տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանող ազդեցիկ ուժ: Սրանով նաև փորձ արվեց աշխարհին ցույց տալու, որ չնայած հնչող քննադատություններին ու ադրբեջանական կողմի հայտարարություններին, ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հարցի կարգավորման հարցում դեռևս անելիք ունի, ինչը և կշարունակի իրականացնել:
«Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Տասնամսյա դադարից հետո երկու երկրների նախագահները հանդիպեցին օգոստոսի սկզբին` հայ ադրբեջանական սահմանում փաստացի տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին:
Բոլոր երեք հանդիպումների ընդհանրությունն այն է, որ կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, այն է` հարցը չունի ռազմական լուծում: Գործնական քայլեր, գոնե բարձրաձայնված, որպես այդպիսին, չկան: Փարիզյան հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկխոսության շարունակումը և վստահության ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առաջընթացի հասնել խաղաղ բանակցություններում:
Գնահատելով նախագահների վերջին հանդիպումը` Էդվարդ Նալբանդյանն այն բնութագրել է որպես «օգտակար, անկեղծ և կառուցողական»:
«Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից դեռ մայիս ամսին տարածաշրջան իր այցելության ընթացքում առաջարկվել էր Փարիզի հանդիպմանը քննարկել վստահության ամրապնդման միջոցների իրագործումը: Այդ առաջարկը ողջունվել էր եռանախագահների կողմից։ Մեր մոտեցումները համընկնում են եռանախագահների դիրքորոշման հետ առ այն, որ այդ միջոցների իրականացումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։ Ադրբեջանի մոտեցումն այլ է։ Իրենք այլ ծայրից են մոտենում՝ կարծելով, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա դա կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման համար։ Սա հայտնի ադրբեջանական մոտեցում է, որը եղել է նաև նախկինում»,- ասել է Նալբանդյանը` ամփոփելով վերջին հանդիպման արդյունքները։
Նալբանդյանի կարծիքով` հանդիպման շնորհիվ ևս մեկ քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը, ինչը բարդ գործընթաց է, ու մեկ կամ մի քանի հանդիպումներով հնարավոր չէ բեկումնային առաջընթաց ակնկալել:
«Վերջին տարիների ընթացքում՝ 2008-ից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին և պարզելու հնարավորությունների շրջանակը դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարժվելու համար: Կարծում եմ` այս իմաստով հանդիպումը դրական էր»,- ասել է Նալբանդյանը:
Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում բանակցությունները կշարունակվեն ԱԳ նախարարների մակարդակով: Իսկ երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման ժամկետ է նշվում 2015-ի սեպտեմբերը, երբ Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նիստը:
Միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարություններ են տարածել` ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այսպես, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Թարդը, բարձր գնահատելով նախագահների մակարդակով հանդիպումը, կարևորել է, որ հետագայում ևս նման մակարդակով հանդիպումներ տեղի ունենան:
Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական քայլ է համարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի հանդիպումը դրական քայլ էր: Շնորհակալություն Օլանդին»:
Գործնական տեսանկյունից նման հանդիպումները կարևոր են հատկապես նրանով, որ դրանց արդյունքում համեմատական խաղաղությունը կամ այսպես կոչված` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը պահպանվում է: Դա, իր հերթին, հայկական կողմին հնարավորություն է տալիս շահած ժամանակն օգտագործելու տնտեսությունը կայացնելու, երկիրը հզորացնելու ու միջազգային ասպարեզում ամուր դիրքերում կանգնելու համար: Մնում է, որ մեր պետական այրերն այնքան խելոք գտնվեն, որ կարողանան հերթական անգամ տրված հնարավորությունը ճիշտ օգտագործել: