Հայերեն   English   Русский  

​«Արևիկին» հեռվից պետք է նայես, կկրակեն, եթե շատ մոտենաս»


  
դիտումներ: 6862

Արդեն երկու տասնամյակից ավելի է` Երևան-Իջևան-Տավուշ ճանապարհին անցնող-դարձողները չեն նկատում «Արևիկին»:

Կապույտ ցուցանակին սպիտակով նշված դեպի Ադրբեջան ուղղությունը, բնականաբար, փակ է, իսկ «արծաթագույն հայուհին»` Երևանից դեպի ձախ, Շամշադինից էլ դեպի աջ բոլորի աչքից աննկատ կանգնած: Հայ-ադրբեջանական շփման գծում կանգնեցված արձանը` ձեռքերը վեր պարզած արևի շողերով ողողված հայուհին, ժամանակին խորհրդանշել է դեպի Հայաստան մուտքը` գրկաբաց ընդունելով և բարի գալուստ մաղթելով Ռուսաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից մեր երկիր ժամանող հյուրերին:

Նախկին Կայանավանն այժմ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մի թաղամասն է: Հուշակոթողի տեղադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանի խոսքով` այն կանգնեցվել է մոտ 1979-80-ական թթ. և կոչվում է «Մայր Հայաստան», որը երիզող շրջանակը մոտ մեկ ամիս առաջ ուժեղ քամուց ընկել է: Հայուհու արձանն այժմ գտնվում է ականապատ տարածքում, որին մոտենալ պարզապես հնարավոր չէ: Հայ-ադրբեջանական սահմանին կանգնած «Արևիկը», ըստ Այգեհովիտ համայնքի ղեկավարի, անհապաղ պետք է դուրս բերվի վտանգավոր հատվածից և տեղափոխվի այլ միջավայր:

«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա միանշանակ ասեմ, որ կողմ եմ, որ մեր հայուհին այդտեղից դուրս բերվի, ինչի՞ պետք ա նա կանգնի սահմանին, էդ կեղտերի (նկատի ունի ադրբեջանցիներին-Մ.Խ.) դեմ դիմաց: Այնտեղ պետք ա լինի առյուծ, արծիվ, այսինքն` մեր ժողովրդի ուժը խորհրդանշող ինչ-որ մի արձան, ոչ թե հայուհին: Հայաստան մտնող գլխավոր ճանապարհն էր, մեր շփումը հիմնականում Թիֆլիսի հետ էր, որտեղ հասնելը 110 կմ էր, իսկ Երևան` 160 կմ»,- նշեց Լևոն Գրիգորյանը:

Ի դեպ, տարածքը հատկանշական է այն առումով, որ հիմա հակամարտող կողմերը գերիներին փոխանակում են Կայան-Ղազախ հատվածում, հենց այնտեղ, որտեղ ժամանակին գործել է «Խաղողագործության և պտղաբուծության» գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական կենտրոնը, որի նախկին տնօրեն, գյուղատնտես Լյովա Մայիլյանը հիշեցնում է, որ այդտեղ` արձանից մինչև ադրբեջանական Բալա Ջաֆարլի գյուղ, եղել են Այգեհովիտի տնկարանները, մարդիկ աշխատել, պտղատու ծառեր են աճեցրել, զարգացրել գյուղատնտեսությունը: Նախկին ՀԿԿ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի պատմելով` արձանի հանդիսավոր բացում տեղի չի ունեցել: Արձանից մոտ 10 կմ դեպի Ղազախ ժամանակին դափնեկուռ ջահերով «Հայոց օջախն» էր, հայկական ճաշացանկով խոհանոցն այժմ ադրբեջանական տարածքում է:

«Դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիները տարածաշրջանի երեք պետությունները խորհրդանշող մի կոթող տեղադրեցին, որն ուներ ակնհայտ քաղաքական իմաստ: Իրենք իրենց շատ մեծ էին պատկերել, իբր ճնշում են Հայաստանին ու Վրաստանին: Ի հեճուկս դրա` մեր շրջանի ղեկավարությունը տեղադրեց «Արևիկի» հուշարձանը: «Արևի» դիրքն այնպիսին էր, որ ադրբեջանական այդ բնակավայրի մինչև վերջին տունը տեսադաշտում էր: 17 մետր բարձրությամբ մեր գեղեցկուհին դարձել էր Հայաստան այցելող զբոսաշրջիկների պարտադիր կանգառը, իջնում, լուսանկարվում էին հուշարձանի մոտ, ապա նոր շարունակում ճանապարհը»,- հիշում է Այգեհովիտի բնակիչ, նախկին գյուղապետ, գյուղատնտես Հենրիկ Հովսեփյանը:

Արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ադիբեկ Գրիգորյանն է (1924-1996): «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանում Ադիբեկ Գրիգորյանի ստեղծագործություններից նշված է չորս աշխատանք, որոնց մեջ ամենահայտնին, թերևս, Մատենադարանի բակում տեղադրված Գրիգոր Տաթևացու արձանն է: Իսկ «Արևիկի» մասին ոչինչ չկա:

«Արևիկին» հիմա մոտենալ չի թույլատրվում, հեռվից պետք է նայել, տարածքն ամբողջությամբ ականապատված է: Հուշարձանը գտնվում է ադրբեջանական հենակետերին հանդիպակաց, դա է պատճառը, որ գրեթե չի եղել կրակոց, որ արձանին դիպած չլինի: Արևիկի տարածքը գտնվում է մեր զինվորների հսկողության ներքո: Այստեղ խորհրդային տարիներին գործում էր նաև ոստիկանության հենակետ, ինչպես նաև կառավարության ընդունելությունների տունը, որտեղ բազմիցս են ձեռք սեղմել Հարավային Կովկասի ղեկավարները: Այգեհովիտցիները հիշում են, որ Դեմիրճյանի, Քոչինյանի օրոք հարևան հանրապետություններից բազմաթիվ հյուրեր են ընդունել, այստեղ եղել են Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ինչպես նաև Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

Այգեհովիտցիների ցանկությունն է արձանը հանել և տեղափոխել առավել անվտանգ վայր, թեև համայնքի ղեկավարի խոսքով՝ տեղափոխելը ևս կարող է վտանգավոր լինել, եթե այնտեղ ապամոնտաժող տեխնիկա, կռունկ աշխատի: «Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ուժեղ քամուց ընկան «արևի շողերը», սակայն սահմանագլխին Մայր Հայաստանը կանգուն է, իսկ եթե կանգուն է, ուրեմն Հայաստանը կա ու կլինի»,-«Արևիկի» մասին պատմությունը եզրափակեց այգեհովիտցի Հենրիկ Հովսեփյանը:

Մայա Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: