ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԲՈՅԵԴՈՎ
Համենայն դեպս, երբ պարսիկները նրան խոշտանգեցին ու սպանեցին՝ պղծելով մարմինը, Թեհրանի հայերը Գրիբոյեդովին թաղեցին հայկական եկեղեցու բակում: Իսկ ամիսներ անց ռուսական կառավարության պահանջով դիակը տեղափոխվում է Ռուսաստան:
Դագաղն ուղեկցող մի ռուս պաշտոնյա գունեղ է ներկայացնում հայ ժողովրդի լացն ու կսկիծը Գրիբոյեդովի մահվան կապակցությամբ: Իսկ Լոռիում՝ Դվալի լեռներում, դեպի Էրզրում ճամփորդող Պուշկինը հանդիպում է Գրիբոյեդովի դին տեղափոխողներին:
Ո՞վ էր Ալեքսանդր Գրիբոյեդովը. ռուս ազնվական, գրող, դիվանագետ, որի կյանքը լի էր արկածներով, իսկ մահը շատ ավելի ցավ պատճառեց հայությանը, քան իր հայրենակիցներին:
Դեռ մահից առաջ նա նամակ էր ուղղել իր ընկեր Բերդիչևին. «Մնաս բարով, եղբայր Ստեպան, հազիվ թե մենք նորից իրար տեսնենք: Ալլահայր խանն իմ անձնական թշնամին է, նա իմ գլուխը կուտի: Նա ինձ չի պարգևատրի պարսիկների հետ կնքած պայմանագրի համար... Այնտեղ իմ գերեզմանն է, զգում եմ, որ այլևս չեմ տեսնելու Ռուսաստանը»:
Եվ իրոք. 1829 թ. հունվարի 30-ին ամբոխը շահի դրդմամբ հարձակվեց դեսպանատան վրա, սպանեց և խոշտանգեց ողջ անձնակազմին` 54 մարդու: Սա կարող էր նոր պատերազմի առիթ դառնալ, չէ՞ որ սպանվել էր ռուսաց կայսեր հավատարմատար-դեսպանը, որը Պարսկաստանում զբաղվում էր ռազմատուգանքների գանձումով և տեղի հայության արտագաղթը կազմակերպելով: Սակայն ռուսական կաբինետը ռուս-պարսկական պատերազմից արդեն քաղել էր առավելագույնը, և Գրիբոյեդովի մահը կայսրն ընդունեց անտարբեր, իսկ կատարվածը շուտով մոռացության տրվեց:
Շահը, իր որդու` Խոսրով-Միրզայի պարանոցից թուր կախելով, ուղարկեց Ռուսաստան` կայսեր մոտ` ներողություն խնդրելու: «Իմ անմիտ, տգետ ժողովրդի գործած հանցանքի համար, թափված ռուս թանկագին արյան դիմաց, ահա քեզ հարազատ ժառանգս և թուրս: Սպանիր նրան, և արյունը թող լվացվի արյունով»: Նիկոլայ Առաջինն ասում է ծնկաչոք արքայորդուն. «Վեր կաց, արքայորդի, ես չեմ կամենում արյունն արյունով լվանալ»: Բայց և չի մերժում Ֆաթհ Ալի շահի ուղարկած թանկարժեք նվերը՝ «Շահ» ադամանդը:
Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովը ծնվել է 1795 թ. հունվարի 15-ին Մոսկվայում՝ ազնվականի ընտանիքում: Մանկուց աչքի է ընկել ուշիմությամբ, ջանասիրությամբ, և արդեն 8 տարեկանից ծնողները նրան հանձնել են Մոսկվայի համալսարանի ազնվական երեխաների համար նախատեսված բաժանմունք:
Ավարտել է նախ Մոսկվայի համալսարանի բանասիրական և իրավաբանական, ապա` ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Սակայն Գրիբոյեդովի տարերքը գրականությունն էր: Ստեղծագործել է պատանեկան տարիներից: Դեռ ուսանողական տարիներին հրատարակել է «Երիտասարդ ամուսիններ» կատակերգությունը:
1812 թ. Նապոլեոնի դեմ սկսված հայրենական պատերազմին Գրիբոյեդովը մասնակցեց որպես կամավոր և ուսումը շարունակեց միայն ռուսական զորքի հաղթական վերադարձից հետո: Նա նաև ազատական, հեղափոխական հայացքների տեր էր ու համակրելուց զատ մասնակցում էր ուսանողական ընդվզումներին:
Առհասարակ, չնայած ստացած կրթությանն ու ազնվական ծագմանը, Գրիբոյեդովն արկածախնդիր էր: Նա առիթը բաց չէր թողնում վեճի կամ կռվի բռնվելու այլախոհների հետ: Եվ հաճախ գործը հասնում էր մենամարտի:
1817 թ. Մոսկվայում մենամարտեցին կոմս Զավադովսկին ու կոմս Շերեմետևը: Գրիբոյեդովը կոմս Շերեմետևի մարտավկան էր: Մենամարտի ժամանակ Շերեմետևը մահացու վիրավորվեց, և Գրիբոյեդովը մենամարտի հրավիրեց կոմս Զավադովսկու մարտավկա Յակուբովիչին: Նրանց մենամարտը կայացավ մեկ տարի անց, Թիֆլիսում, Յակուբովիչը վիրավորեց Գրիբոյեդովի դաստակը: Ի դեպ, հենց վիրավոր դաստակի շնորհիվ հետագայում ճանաչվեց նրա խոշտանգված մարմինը Թեհրանում:
1818 թ. Գրիբոյեդովը նշանակվեց ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Պարսկաստանում: Այդ ընթացքում, աշխատանքի բերումով, եղել է Երևանում, Էջմիածնում, հանդիպել կաթողիկոսին, ծանոթացել Էջմիածնի գործունեությանը, գրադարանին, տպարանին… Մի քանի տարի Պարսկաստանում անցկացնելուց հետո վերադարձել է Թիֆլիս ու դարձել ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական գրասենյակի քարտուղար:
Թիֆլիսում անցկացրած տարիները բարեբեր էին Գրիբոյեդովի համար: Այստեղ նա ձեռնարկեց «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որն ավարտեց տարիներ անց: Թիֆլիսում Գրիբոյեդովը ծանոթացավ ու ամուսնացավ 16-ամյա Նինայի հետ, որն առանձնակի հայատյացությամբ աչքի ընկնող իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի՝ հետագայում Հայկական մարզի առաջին կառավարչի դուստրն էր:
Նինան հետագայում ամուսնու գերեզմանին փորագրել տվեց. «Քո իմաստնությունն ու գործերն անմահ կմնան ռուս ժողովրդի հիշողության մեջ, բայց ինչո՞ւ իմ սերը քեզանից երկար ապրեց»:
Շուտով Գրիբոյեդովը կնոջ հետ տեղափոխվում է Պետերբուրգ: Այստեղ նա մասնակցում է դեկաբրիստների շարժմանը: Դեկաբրիստների ապստամբության ճնշումից հետո նրան նույնպես ձերբակալեցին, սական շատ չանցած` ազատ արձակեցին, քանզի դատարանը բավարար ապացույցներ չուներ նրան աքսորելու համար:
Գրիբոյեդովն աքսորի փոխարեն նոր նշանակում ստացավ Կովկասում:
1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Գրիբոյեդովը Երևանյան զորախմբի հրամանատար կոմս Իվան Պասկևիչի (ևս մեկ հայատյացի) դիվանագիտական ծառայության ղեկավարն էր ու մասնակցեց Երևանի, Նախիջևանի, Սարդարապատի գրավմանը: Պատերազմի ավարտից հետո կառավարության կողմից պարգևատրվեց «Երևանի գրավման համար» մեդալով:
Նա ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո` 1828 թ. փետրվարի 10-ին, մասնակցեց Թուրքմենչայի բանակցություններին ու Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը: Հենց Գրիբոյեդովի ջանքերով պայմանագրի մեջ մտցվեց 15-րդ կետը, համաձայն որի` պարսկահայերին թույլատրվում էր գաղթել հյուսիս և հաստատվել Արաքսի ձախ ափին:
Հենց սրանից է առաջացել Գրիբոյեդովի հայասիրության մասին առասպելը: Իրականում, որպես ռուս դիվանագետ և չինովնիկ, նա սոսկ կատարել է ռուսական կաբինետի պատվերն ու դրանով նպաստել Պարսկահայքի հայաթափմանը:
Ռուսական կաբինետի ձգտումն էր ոչ միայն Պարսկահայքի հայաթափումով, վերաբնակների միջոցով ուժեղացնել Ռուսահայաստանի տնտեսությունը, այլև տնտեսապես թուլացնել Պարսկաստանը: Արդյունքում շուրջ 50 հազար պարսկահայեր, լքելով իրենց բնակավայրերը, տեղափոխվեցին Արաքսի ձախ ափ ու հաստատվեցին ռուսական տիրապետության սահմաններում:
Գրիբոյեդովի կյանքն ընդհատվեց հենց Պարսկաստանում, որտեղ նա Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո մնաց որպես Ռուսաստանի դեսպան: Գրիբոյեդովն իր հանդուգն ու գոռոզ բնավորությամբ գրգռեց պարսիկների զայրույթը: Թեհրանում Ֆաթհ Ալի շահի ընդունելության ժամանակ, հակառակ ընդունված կանոնների, արհամարհելով պարսկական ավանդույթն ու օրենքները, նա հրաժարվեց շահի մոտ մտնել կոշիկները հանած, մտավ ցեխոտ կոշիկներով: Դա զայրացրեց պալատականներին, որոնք էլ լուրը տարածեցին քաղաքում ու գրգռեցին առանց այն էլ ռուսների դեմ վրեժի ցասումով լցված ամբոխին:
Ամեն դեպքում նա իր կյանքի վերջին րոպեներն անցկացրեց քաջությամբ: Ականատեսները հետագայում պատմում էին, որ ռուս դեսպանն արիաբար մարտնչել է մինչև վերջին պահն ու ընկել սուրը ձեռքին:
Հայ հոգևորականությունը չմոռացավ Ալեքսանդր Գրիբոյեդովի «ծառայությունները» հայ ժողովրդին, և Էջմիածնում նրա համար հոգեհանգստի պատարագ տրվեց: