Հայերեն   English   Русский  

​Իրանը ևս դարձել է Սիրիայում հրադադարի հաստատման երաշխավոր. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար


  
դիտումներ: 889

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին դարձել է Սիրիայում հակամարտության կարգավորման երաշխավոր:

Ըստ թուրք նախարար Չավուշօղլուի` Թուրքիան շահագրգռված է սիրիական հակամարտության` քաղաքական ճանապարհով կարգավորմանը և ցանկանում է հրադադարի ռեժիմը տարածել Սիրիայի տարածքում: Չավուշօղլուն ընդգծել է, որ Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկանները պետք է լքեն այդ երկիրը:

«Սիրիայի ժողովուրդը վստահում է Թուրքիային: Նախքան Աստանայում կայանալիք հանդիպումը պետք է դադարեցնել կառավարական ուժերի և ընդդիության միջև զինված բախումները, և եթե չհաջողվի հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը, ապա խաղաղ բանակցություններն անիմաստ են»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Նախօրեին Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության էին եկել համապարփակ հրադադարի ռեժիմի հաստատման ծրագրի շուրջ, որը կներկայացվի Սիրիայի հակամարտության կողմերին:

Համաձայնագրով նախատեսված գործողությունները ընդգրկում են Սիրիայի այն բոլոր շրջանները, որտեղ մարտեր են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և Ասադի ռեժիմի ուժերի միջև: Հրադադարի շուրջ համաձայնագիրը չի տարածվում ահաբեկչական կազմակերպությունների վրա:

Հրադադարի մասին համաձայնագրի հաջողության դեպքում Ասադի ռեժիմն ու ընդդիմությունը Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ Աստանայում կսկսեն հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված քննարկումներ:

Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էին սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: