Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Նախիջևանից. Էրդողան


  
դիտումներ: 1549

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, որը վերաբերում է երկրի անվտանգության ապահովման հարցին: Մասնավորապես, նա հասկացրել է, որ Թուրքիայի անվտանգության հարցերը լուծվում են ոչ թե երկրի ներսում, այլ դրա սահմաններից դուրս: Այդ տեղերից մեկը, որտեղ լուծվում է հարցը, Էրդողանը նշել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը` Թուրքիայի հետ սահմանակից ադրբեջանական տարածքը:

«Մենք պետք է ոչնչացնենք Թուրքիայի դեմ սպառնալիքները դեռևս սաղմնային վիճակում: Ոչ մի րոպե պետք չէ մոռանալ այն մասին, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեփ, Հաթայ, Կարս կամ Արդվին նահանգներում, այլ սիրիական Հալեպում և Իդլիբում, Կիպրոսում, Նախիջևանում, Բաթումում և Բալկաններում»,- հայտարարել է նախագահ Էրդողանը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ելույթ ունենալիս:

Էրդողանը նշել է, որ այն ուժերը, որոնք չեն կարող բացահայտ մարտահրավեր նետել Թուրքիային, փորձում են գաղտնի գործել: «Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ավելի վաղ անամոթաբար մեղադրում էին Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից հրաժարվելու մեջ, այսօր Անկարայից պահանջում են տարածաշրջանում դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները: Անկարային խորհուրւդ են տալիս Սիրիայի տարածք զորքերը 20 կմ-ից ավել չմտցնել, սակայն ինչ էլ որ ասեն, մենք շարունակելու ենք գնալ մեր ճանապարհով»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեջբերում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: