Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը ցույց տվեց, թե Հայաստանում իրականում ինչ վիճակ է. Բորիս Մուրազի
Այսօր, «Խառն ամուսնությունները Հայաստանում և հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով ծավալված քննարկման ժամանակ, ասաց իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ խնդիրն ունի մի քանի ասպեկտ: Առաջինն հասարակությունում առկա խտրական վերաբերմունքն է: Երկրորդը՝ հենց կնոջ նկատմամբ առանձնակի խտրական վերաբերմունքն է՝ հասարակության վերահսկողական վարքը նրա անձնական կյանքի նկատմամբ: Երրորդը պետական քաղաքականությունն է, որը նպաստում է ազգայնամոլական կարծիքի հնչեցմանը և դրանց անպատասխան թողնում հենց պետական մարմիների կողմից:
Ավանդական հասարակությունում կինը ընկալվել է որպես համայնքի սեփականություն, բոլոր տղամարդիկ որոշում են կայացրել, թե նա ում հետ պետք է ամուսնանա: Հիմնական խնդիրը վերաբերում էր գենի շարունությանը, հայ գենը չի շարունակվում, կտրվում է:
Այստեղ առկա է նաև անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում:
Ըստ իրավապաշտպանի՝ նկատելի է, որ խտրական վերաբերմունք ցուցաբերվում է քաղաքական գործիչների կողմից, որոնք ոչ միայն դատապարտվում են, այլև բարձրանում կարիերայի աստիճաններով: Նման օրինակներից է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի ունեցած հրապարակային ելույթները`դաշնակցությանը հարող երիտասարդների կողմից DIY ակումբի հրկիզման փաստի առնչությամբ: Արծվիկ Մինասյանը հայտարարել էր`ինքը համոզված է, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային պահպանողական գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: «Ցանկացած այլ երկրում նման խտրական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչը դուրս կշպրտվեր ասպարեզից»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
«Սինջար» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր հերթին նշեց, որ վերջին տարիներին նկատվում է առաջխաղացում այն առումով, որ խնդիր սկսել է վերբարձրացվել իրավապաշտպանների կողմից:
Ըստ նրա՝ սևամորթ տղամարդու և հայ կնոջ ամուսնական նկարի նկատմամբ վերաբերմունքը ցույց տվեց, թե Հայաստանում իրականում ինչ վիճակ է.«Շատերն ասում են, որ Հայաստանում նման խնդիր չկա, թե՝ բոլորն իրար հետ լավ են: Իրականում այդպես չէ: սա ցույց տվեց հանրությունն ինչ վիճակում է և թե ինչ անելիքներ կան»:
Մուրազին շեշտեց, որ համանման խնդիր եզդիական համայնքում էլ կա. արգելում են կնոջ ու տղամարդու արտահամայնքային ամուսնությունները. «Սա կրոնական խնդիր է, կրոնավորները պետք է մտածեն բարեփոխումներ կատարելու մասին»:
Բորիս Մուրազին նշեց, որ իրավական գործիքները նույնպես պատշաճ չեն գործում. «Օրենքի գոյությունը չի ապահովում իրավական մթնոլորտի առկայությունը: Օրինակ՝ շատ եզդի ընտանիքներ իրենց աղջիկներին ութերորդ դասարանից հետո դպրոց չեն ուղարկում`ասելով ավանդույթն է այդպիսին, բայց պետությունը չի բռնում նրանց ձեռքը` ասելով, որ կան օրենքներ, որոնց առջև ձեր ավանդույթները չեն գործում ու մեզ անգրագետ քաղաքացիներ պետք չեն»,-ասում է Բորիս Մուրազին: