Հայերեն   English   Русский  

​ՍՅՈՒՆՅԱՑ ՏՈՒՆԸ


  
դիտումներ: 4598

Սյունյաց իշխանական տունը սերել է Հայկ Նահապետի որդի Սիսակից, այդ իսկ պատճառով պատմությանը հայտնի է նաև Սիսակյան տոհմանունով: Հայկ նահապետը Հայոց Ձորի ճակատամարտից հետո հայոց երկիրը բաժանեց իր զարմի միջև: Սիսակին բաժին հասավ Սյունյաց աշխարհը, և Սիսակի սերունդները՝ որպես աշխարհակալ, Սյունիքում իշխեցին վաղնջական ժամանակներից մինչև XII դարը:

Իսկ Վաղարշակ հայոց արքան Սյունիներին մեծ պատիվների արժանացրեց՝ նրանց վստահելով Մեծ Հայքի արևելյան սահմանագլխի կուսակալ-հրամանատարի և արքունի զորքերի սպարապետի պաշտոնը:

Սյունյաց աշխարհն իր ռազմավարական դիրքով շատ կարևոր էր: Սյունյաց լեռնաշխարհը հսկում էր հարավից դեպի հայոց միջնաշխարհ տանող ճանապարհները: Հենց Սյունյաց երկրով էր անցնում Պարսկաստանից Այրարատ եկող ամենակարճ ճանապարհը, և բնականաբար, Սյունյաց տունը կարևոր պատվար էր հայոց երկրի անվտանգության և ապահովության համար:

Սյունյաց տոհմն ամենազորեղն էր հայ նախարարների մեջ: Գահնամակով նրանք առաջինն էին, և սահմանված էր, որ Սյունիները հայոց բանակին պետք է տային 19400 հեծյալ:

Սյունիները նաև արտոնյալ էին, Արշակունի արքաներից հետո նրանք երկրորդն էին երկրու. Սյունյաց աշխարհակալն իրավունք ուներ բազմելու արծաթյա գահին, կրելու մարգարտյա վարսակալ, ոսկյա մական, վարազակիր մատանի: Սյունյաց իշխաններն իրավունք ունեին նաև մեկ ոտքին կրելու կարմիր կոշիկ (կարմիր և ծիրանի գույները արտոնյալ կարգավիճակ էին սահմանում հայոց երկրում):

Սյունյաց իշխանական տոհմի զինանշանը նկարներում կամ բարձրաքանդակներում չի պահպանվել, սակայն հաշվի առնելով նրանց վարազակիր մատանին և տոհմում Վարազ, Վարազվաղան անունների առատությունը՝ կարելի է ենթադրել, որ Սյունիների տոհմային զինանշանն էլ վարազն է եղել:

Սյունյաց իշխանանիստը հաճախ է փոխվել: Տարբեր տարիների իշխանանիստ է եղել Ծղուկք գավառի Շաղատ գյուղաքաղաքը, Վայքի Եղեգիսը, Սիսիանը (Սյունի), ավելի ուշ շրջանում՝ Կապանը և Բաղք-Բաղաբերդը, որ նաև թագավորության մայրաքաղաքն էր:

Սյունյաց իշխանական տան վաղ շրջանի պատմությունից քիչ բան է հայտնի: 301 թ. Սյունյաց իշխանը հիշատակվում է այն իշխանների թվում, ովքեր ուղեկցեցին Գրիգոր Պարթևին Կեսարիա՝ կաթողիկոս օծվելու:

IV դարի 30-ական թվականներին Սյունյաց իշխանն էր Վաղինակ Սյունին, որ Խոսրով Բ Կոտակ արքայի (330-338) դեմ ապստամբած Աղձնիքի բդեշխի դեմ արշավող հայոց զորքի հրամանատարներից էր: Արքայի հրամանով բդեշխի տոհմը որձակոտոր արվեց, իսկ Սյունյաց իշխանն ամուսնացավ բդեշխի դստեր հետ և դարձավ Աղձնիքի բդեշխը՝ վարելով հայոց բանակի հարավային զորախմբի հրամանատարությունը:

Նրանից հետո Սյունյաց տանուտիրությունն անցավ Փիսակ Սյունուն, որը Տիրան արքայի օրոք (339-350) հայոց արքունիքի սենեկապետն էր՝ արարողապետը: Ապա Սյունյաց տանուտիրությունն անցավ Անդովկ Սյունուն: Քաջ ու անվեհեր այս իշխանը Արշակ Բ արքայի (350-368) զինակիցն էր և դեսպանորդը Սասանյան արքունիքում: Նա միաժամանակ Տիգրանակերտի բերդակալն էր: Անդովկ իշխանն իրեն փառավորեց շատ պատերազմներում ու ճակատամարտերում: Չտանելով պարսից Շապուհ Բ արքայի հասցրած անարգանքը հայոց երկրին՝ իր 3000-անոց գնդով ավերեց ու այրեց պարսից մայրաքաղաք Տիզբոնը և արքայական գանձերը թալանելով՝ եկավ ամրացավ իր հայրենի ոստան Սյունիքում: Շապուհ Բ արքան մեծաքանակ զորքով չկարողացավ ընկճել հայոց քաջ իշխանին:

Անդովկ Սյունու եղբայրը՝ Վաղինակ Սյունին, հայոց արևելյան զորքերի հրամանատարն էր:

Սյունյաց Անդովկ իշխանի դուստրը գեղեցհուհի Փառանձեմն էր՝ Սյունյաց լեռների պես հպարտ ու խրոխտ հայուհին, որ ամուսնու մահից հետո Արտագերս ամրոցում կազմակերպեց հայոց դիմադրությունը պարսից մեծաքանակ զորքի դեմ: Անվեհեր հայոց դշխոն մինչև վերջ դիմադրեց ի վերջո դավադրության հետևանքով գերվեց ու անարգալից մահվան դատապարտվեց:

Անդովկի որդին՝ Բաբկեն Սյունին, դարձյալ աչքի ընկավ բազում մարտերում: Նա Մանվել Մամիկոնյանից ստացավ Սյունյաց տանուտիրությունը: Բաբկեն Սյունու որդին էր Դարա Սյունին, որ Արշակ Գ արքայի դայակն էր և հայոց զորքերի սպարապետը: Նա իր վարած հռոմեամետ քաղաքականության համար սպանվեց հայոց Խոսրով Գ արքայի հրամանով:

Դարա Սյունուց սկսած՝ Սյունյաց տոհմի պարտականությունն էր նաև Կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը վաչկատուն ցեղերից:

Վաղ միջնադարում տարածաշրջանի քաղաքական, ռազմական կյանքում մեծ դերակատարություն ունեցավ մեծանուն զորավար և վարչական գործիչ, նվիրյալ ու հեռատես Վասակ Սյունին: Նա աջակցեց Մեսրոպ Մաշտոցին Հայաստանում դպրոցներ բացելու գործում: Ազգային այս նվիրյալը հետամուտ էր հայոց անկախության վերականգնմանը: Պարսից Հազկերտ Բ արքան, գնահատելով Վասակի կարողությունները, նրան նշանակեց հայոց և վրաց մարզպան: Վասակ Սյունին հանդիսացավ հայերի 450-451 թթ. ապստամբության կազմակերպիչն ու առաջնորդը: Եվ երբ մոտ էր արդեն հայոց թագավորության վերականգնումը, Սյունյաց իշխանի ծրագրերն ի դերև ելան հայ եկեղեցու և Մամիկոնյանների վարած ապազգային քաղաքականության հետևանքով:

Վասակ Սյունու քաղաքական գծի շարունակողներն էին նրան հաջորդած Վարազվաղան և Գդեհոն Սյունիները: Վերջինս սպանվեց Վահան Մամիկոնյանի կողմից՝ 481 թ. ծագած հակապարսկական ապստամբությանը չհարելու համար:

Սյունյաց և Մամիկոնյան տների միջև թշնամությունը խորանում էր: Մամիկոնյանները, աջակից ունենալով հայ եկեղեցին, Հայաստանում անարգել վարում էին իրենց բյուզանդամետ քաղաքականությունը: Վահան Սյունի իշխանը 571 թ. Կարմիր Վարդան Մամիկոնյանի արկածախնդրությանը ոչ միայն չմիացավ, այլև Սյունիքը հանելով մարզպանական Հայաստանի կազմից՝ մտցրեց Ատրպատականի վարչական կազմի մեջ:

Սյունյաց իշխանները, անմիջականորեն հարևան լինելով ցեղակից պարսիկների հետ, փորձում էին բարեկամական հարաբերություններ հաստատել նրանց հետ: Արաբական արշավանքների ժամանակ Գրիգոր Սյունին իր զորաբանակով պարսկական զորքերի կազմում մարտնչում էր արաբների դեմ:

IX դարի սկզբին Սյունիները, դաշնակցելով արաբական խալիֆայությունը ցնցած Խուրամյան Բաբեկի հետ, թոթափեցին արաբական լուծը: Իսկ Բուղայի արշավանքներից հետո՝ 860-ական թթ., վերադառնալով արաբական գերությունից, Սյունյաց իշխաններն ավելի զորեղացան՝ համախմբվելով Վասակ Սյունու իշխանապետության ներքո: Սյունյաց և Արծրունյաց իշխանները դաշնակցեցին Բագրատունիների հետ՝ վերականգնելու հայոց թագավորությունը:

Սակայն շուտով Սյունիները գժտվեցին Արծրունիների հետ Նախճավանի պատճառով: Սմբատ Ա Բագրատունի արքան, Նախճավանն անջատելով Վասպուրականից, հանձնեց Սյունյաց իշխաններին: Դա քաղաքացիական պատերազմի առիթ տվեց Հայաստանում, ինչն էապես թուլացրեց Բագրատունիների թագավորությունը:

970 թ. Սմբատ Սյունի իշխանը Սյունիքը հռչակեց անկախ թագավորություն՝ այն առանձնացնելով Բագրատունիների թագավորությունից: Սմբատ Բ Տիեզերակալ արքան ստիպված էր հաշտվել Սյունյաց անկախ թագավորության գոյության հետ: Սմբատ Ա Սյունին թագավորեց 970-998 թթ.: Հայոց շահնշահ Գագիկ Ա փորձեց վերացնել Սյունիքի անկախությունը, բայց կարողացավ միայն մի քանի գավառներ խլել: Սմբատ Առաջինին Սյունյաց գահին հաջորդեցին Վասակ Ա (998-1040), ապա՝ Սմբատ Բ (1040-1044) արքաները: Վերջինս Վասակ Առաջինի քեռորդին էր:

Վասակ Առաջինի դուստր Կատրամիդեն, ամուսնանալով հայոց Գագիկ Ա արքայի հետ (990-1020), դարձավ հայոց թագուհի: Նա հայտնի է շինարարական բեղուն գործունեությամբ, նա է, որ ավարտին հասցրեց Անիի Մայր տաճարի շինարարությունը:

Վասակ Ա թագավորը դաժանորեն ճնշեց Ցուրաբերդի գյուղացիների նոր ապստամբությունը՝ ավերելով Ցուր գյուղը և սրի քաշելով բնակիչներին:

Վասակ Առաջինը և Սմբատ Երկրորդը խաղաղ պայմաններում թագավորեցին, նրանց օրոք Սյունյաց թագավորությունը տնտեսական վերելք ապրեց: Սմբատ Բ-ն իր քրոջը կնության տվեց Լոռվա զորեղ գահակալ Դավիթ Անհողինին և նրան աջակցեց Դվնո ամիրային ջախջախելու գործում: Սմբատ Բ-ին Սյունյաց գահին հաջորդեց նրա եղբայրը՝ Գրիգոր Ա-ն (1044-1084), որ հարկադրված էր պայքար մղել սելջուկյան արշավանքների դեմ և երկրի անկախությունը պահպանեց տարածքային կորուստների գնով:

Գրիգոր Ա-ի մահից հետո Սյունյաց գահն անցավ Սենեքերիմյաններ տոհմին: Սենեքերիմը (1084-1103) Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայրն էր: Ինչպես պատմիչներն են հաղորդում, նա «յոյժ գեղեցիկ տեսլեամբ եւ առոյգ հասակաւ` հանճարեղ և իմաստուն» էր: Նա բարեկամացավ սելջուկ սուլթան Մելիքշահի հետ և երբեմն օգտագործելով այդ բարեկամությունը, երբեմն էլ սրի միջոցով ընդարձակեց Սյունյաց թագավորության սահմանները:

Սակայն Մելիքշահի մահից հետո Սյունիքի շուրջ թշնամական օղակը սկսեց սեղմվել: Քաջ արքան կարողանում էր դիմակայել թշնամիներին ու հաղթանակով էր դուրս գալիս պատերազմից: Դաշնակցելով նաև մահմեդական էմիրությունների հետ՝ նա կարողացավ ապահովել իր պետության անվտանգությունը: Այս զորեղ թագավորը դարձավ Անվո Վասակ Պահլավունի իշխանի և Գանձակի Փատլուն ամիրայի նյութած դավի զոհը: Պահլավունի իշխանը խաբեությամբ Բաղքից հանեց Սենեքերիմ արքային և հանձնեց թշնամուն, որի հրամանով նա սպանվեց:

Սենեքերիմին հաջորդեց որդին՝ Գրիգոր Բ-ն: Նրա պետության վրա հարձակվեց սելջուկ Չորթման ամիրան և չկարողանալով գրավել մայրաքաղաք Բաղքը՝ թալանելով հեռացավ:

Գրիգոր Երկրորդին Սյունյաց թագավորական գահին հաջորդեց Հասանը: Սրա օրոք սելջուկները պաշարեցին Բաղքը և Աչաղու գյուղի բնակիչների դավաճանության հետևանքով գրավեցին, թալանեցին ու ավերեցին այն: Սելջուկները առևանգեցին Բաղքում պահվող 10,000 ձեռագիր: Սյունյաց վերջին թագավոր Հասանը հեռացավ Արցախ՝ իր հայրենի Խաչեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: