Հայերեն   English   Русский  

Վարչապետն ԱԳՆ-ում հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հե


  
դիտումներ: 478

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին:

Վարչապետը կարևորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով և նշել, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար: «Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք: Համագործակցությունից ակնկալիքներն ու սպասումները չափազանց մեծ են՝ սկսած ներդրողներից, մասնագիտական մշակույթից, տուրիզմից, որովհետև մենք, առանց հանրությանը, առանց աշխարհին համապատասխան ազդակներ հղելու, առանց ցույց տալու, որ բաց ենք և սպասում ենք իրենց, մեր երկիրը չենք կարողանալու զարգացնել: Այս առումով, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ: Մենք պատրաստակամ ենք անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ»:

Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ նոր ձևավորված կառավարությունն ամփոփել է գործունեության 100 օրը և շեշտել, որ այս ժամանակահատվածում կառավարության թիմը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ծառացած խնդիրների ախտորոշման նպատակով: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հաշվետվությամբ կներկայացվեն այս ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները: «Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը: Եվ այդ առումով, մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով նախատեսվում է հարկային և մաքսային վարչարարության գործընթացի պարզեցում և ամբողջական անցում էլեկտրոնային համակարգի, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ վարչապետը շեշտել է, որ այն գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և հետևողական քայլեր են ձեռնարկվելու կոռուպցիայի ցուցանիշների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ՝ միջավայրը փոխելու միջոցով: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հրապարկվելիք հաշվետվության մեջ ներկայացվելու են նաև այդ ուղղությամբ կառավարության քայլերը: «Ներկայացնելու ենք, թե դրանց որ մասն է միտված բիզնես միջավայրին, որ մասն է ուղղված միջավայրի փոփոխությանը, որպեսզի կոռուպցիայի համար ստեղծվեն առավելագույն խոչընդոտները: Ստվերի դեմ չպայքարելով, կոռուպցիայի դեմ չպայքարելով, ստվերը սպիտակ դաշտ չտեղափոխելով, բիզնեսի համար արդար ու թափանցիկ միջավայր չստեղծելով՝ մենք չենք կարողանալու առաջընթաց ապահովել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: