Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանն արձագանքնել է ԱԺ-ում 2-րդ պալատ ստեղծելու առաջարկին


  
դիտումներ: 879

«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը առաջարկում է ԱԺ-ում վերին, 2-րդ պալատ ստեղծել, որտեղ կներկայացվեն պատգամավորներ՝ ոչ հայաստանաբնակ համայնքներից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեցին նախաձեռնության անդմաները՝ Ազատ Արշակյանն ու ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը:

Վերջինս նշեց, որ գաղափարին արդեն դրական են արձագանքել սփյուռքահայ մի շարք գործիչներ, այդ թվում՝ Հարութ Սասունյանը, Սերժ Թանկյանը, Ալբերտ Բոյաջյանը և այլք:

Պարոն Ալեքսանյանը նշեց, որ իրենց նպատակը ազգի համախմբումն է և երկրի զարգացումը. «Գաղափարն է այն, որ ԱԺ-ում ստեղծվի վերին պալատ, որտեղ համամասնորեն ներկայացվեն ոչ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ: Մենք առաջարկում ենք, որ աշխարհում սփռված հայերի համայնքներում ստեղծվեն հզոր ուժեր, որտեղ հնարավոր լինի ընտրել պատգամավորներ, որոնք կներկայացվեն մեր խորհրդարանի վերին պալատում»:

Նա պատմեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն արձագանքնել է իրենց առաջարկին. «Նա ասաց՝ եթե նախաձեռնել եք, ձեր գործն է, ստացվեց, լավ կլինի, կողջունեմ, եթե ոչ՝ դա ձեր խնդիրն է»:

Ազատ Արշակյանը գտնում է, որ ԱԺ վերին պալատի ստեղծման շնորհիվ Հայաստանն ավելի ժողովրդավարական կդառնա. «Սա մեկ օրվա գործ չէ, մենք այդքան ռոմանտիկ չենք: Դրա համար ժամանակ է պետք: ՀՀ ներքին հարցերով կզբաղվի այսօրվա խորհրդարանը, իսկ համահայկական հարցերով պատասխանատվություն կկրի վերին պալատը»:

Ազատ Արշակյանը շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, և դա լավ երևաց Վանաձորի ընտրությունների ժամանակ. «ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի լուրջ խնդիրներ կունենանք: Այժմ ընտրությունների մասին օրենքը հակասահմանադրական է, իսկ մայիսին ունենալու ենք հակասահմանադրական խորհրդարան»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: