Հայերեն   English   Русский  

Ազգային պատկերասրահը մեկ տարուց ավելի պատրաստվում է Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին


  
դիտումներ: 2965

Հայաստանի ազգային պատկերասրահում և կառույցի 12 մասնաճյուղերում 2016թ. կազմակերպվել է 61 ցուցադրություն:

Ամփոփելով ՀԱՊ 2016 թվականի գործունեությունն՝ այս մասին հունվարի 17-ին մշակութային օջախում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Ասուլիսին մասնակցել է նաև մշակութային օջախի գիտքարտուղար Արմինե Գաբրիելյանը:

Մայր թանգարանում անցկացվել են ցուցադրություններ՝ նվիրված Սարգիս Խաչատուրյանի 130 և Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակներին: Ցուցահանդեսներ են կազմակերպվել հետևյալ խորագրերի ներքո՝ Բաժբեուկ Մելիքյաններ. Երկու սերունդ, 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա, Բենիկ Պետրոսյան. Բրոնզե դար հետահայաց ցուցադրություն, Աբրահամյաններ, Զորավար Անդրանիկ 150-ամյակ, Իրանական արվեստ, Բորիս Կլեմենտև. «Բարեկամության կամուրջ» և Միրո Պերսոլյա. «Արտացոլանքից անդին», ինչպես նաև անցկացվել է Պլեներ Հայաստան -2016 միջազգային գեղանկարչական սիմպոզիումը:

Հատկանշական է, որ Հայաստանի ազգային պատկերասրահը 2016թ. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» խորագրով ցուցահանդես է իրականացրել Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում : ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանն առանձնահատուկ շեշտել է, որ նկատվել է մեծ ակտիվություն և Տրետյակովյան պատկերասրահում հերթեր են գոյացել:

Տարին հագեցած է եղել նաև տարաբնույթ այլ միջոցառումներով: Կազմակերպվել է գիտաժողով ` նվիրված Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին, ՀԱՊ աշխատակիցները Չինաստանի Դաշնային Հանրապետությունում և Մոսկվայի Գրաբարի գիտահետազոտական կենտրոնում մասնակցել են վերապատրաստումների: Արման Ծատուրյանն ասուլիսի ընթացքում առանձնահատուկ կարևորել է վերապատրաստումների կազմակերպումը, հավելելով, որ աշխատակիցները երկար ժամանակ չեն վերապատրաստվել:

Հայաստանի ազգային պատկերասրահը տարվա ընթացքում ստացել է մի շարք նվիրատվություններ, ինչպես նաև իրականացրել կրթական ծրագրեր ու կազմակերպել դասախոսություններ: Նշենք, որ կրթական ծրագրերին մասնակցել է 158 խումբ, շուրջ 2089 մասնակից: Իրականացվել է 12 նոր կրթական ծրագիր:

2016թ. ընթացքում Ազգային պատկերասրահ և նրա 12 մասնաճյուղ է այցելել 80 861 այցելու, որից մայր թանգարան՝ 55 795, իսկ մասնաճյուղեր` 25 066:

Պատասխանելով լրատվամիջոցների՝ պատկերասրահի շենքային պայմաններին և ցուցանմուշների պատշաճ պահպանությանն առնչվող հարցերին՝ Արման Ծատուրյանը նշել է. «Պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Խնդիրները շատ են: Մեր ժառանգությունը շատ վատ պայմաններում է պահվում: Այս առումով աշխատանք պետք է տարվի: Եթե նոր շենք կառուցելու հնարավորություն չկա, ապա պետք է պահպանման աշխատանքներ իրականացվեն»:

Անդրադառնալով 2017 թվականի ծրագրերին՝ ՀԱՊ տնօրենը շեշտել է, որ տարին հագեցած է լինելու տարաբնույթ ցուցահանդեսներով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ Նովոսիբիրսկում մարտին կբացվի Սարյանի աշխատանքները ներկայացնող մեծամասշտաբ ցուցահանդես: Նախատեսվում է նաև Ռուսաստանում ներկայացնել հայկական իմպրեսիոնիզմը: Բացառիկ ցուցահանդեսի շնորհիվ ռուս հասարակությունը կկարողանա պատկերացում կազմել հայ արվեստի և նրա անցած ճանապարհի մասին: Այս տարի երկու ցուցահանդես կանցկացվի Լեհաստանում:

Տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կկազմակերպվի Ազգային պատկերասրահում և կներառի ցուցանմուշներ նաև Ռուսաստանի թանգարաններից: Այն ներառելու է նաև երբևէ չցուցադրված աշխատանքներ: «Միջոցառմանը պատկերասրահը պատրաստվում է մեկ տարուց ավելի: Ներկայումս բանակցություններ են տարվում Մխիթարյան միաբանության հետ, որպեսզի Այվազովսկու «Քաոսը» ևս ցուցադրվի այստեղ»,-առանձնահատուկ շեշտել է ՀԱՊ տնօրենը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: