Հայերեն   English   Русский  

​Իտալացի դիրիժոր, որը սիրահարվելով` տեղափոխվել է Հայաստան


  
դիտումներ: 3144

Իտալացի դիրիժոր, 40-ամյա Ջանլուկա Մարչիանոն պրոֆեսիոնալ կյանքի մեծ մասն անցկացրել է Իտալիայից դուրս` աշխատելով Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկասի օպերային թատրոններում, գրում է Financial Times-ը:

Սակայն 2015 թվականի վերջին նա հաստատվել է Հայաստանում և աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Չնայած Մարչիանոն հաստատվել է Հայաստանում` նա շարունակում է գործունեությունը նաև այլ երկրներում:

Հաջորդ ամիս նա կլինի Բեյրութում, որտեղ ղեկավարում է «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնը, մարտին ու ապրիլին նա կներկայացնի «Սպիտակ գիշերներ» անդրանիկ փառատոնը Դուբայում:

Մարչիանոն նշում է, որ Կովկասում իրեն տան պես է զգում: Նա տեղափոխվել է Հայաստան, քանի որ «սիրահարվել է մի հրաշալի աղջկա»` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դաշնակահարուհուն, որին հանդիպել է Բեյրութում:

Իտալացի դիրիժորը սովորել է քաղաքի ռիթմին, հայկական հյուրասիրությանն ու առատաձեռնությանը:

«Եվրոպայում դա կորցրել ենք մենք»,-ասում է դիրիժորը:

Մարչիանոն ծրագրում է սովորել հայերեն, թեև նկատում է, որ հայերենը բարդ լեզու է` իր այբուբենով ու անսովոր քերականությամբ:

Ջանլուկա Մարչիանոն մի քանի անգամ պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթին: Նա ապրիլի 24-ին մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպված համաշխարհային նվագախմբի համերգին: Սեպտեմբերի 1-ին դիրիժորը մասնակցել է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ի արցախյան պրեմիերային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: