Հայերեն   English   Русский  

​Գլեդիս Բերեջիկլյանը միաձայն ընտրվել է Նոր Ուելսի վարչապետ


  
դիտումներ: 1214

Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանն այսօր ընտրվեց Ավստրալիայի ամենամեծ՝ 7 միլիոնից ավել բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ:

Ինչպես արդեն հայտնել ենք, նա այդ պաշտոնում փոխարինում է Մայք Բերդին, որը որոշել էր հեռանալ քաղաքանությունից:

Վաղ առավոտյան «Լիբերալ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած քվեարկությունը արդյունքում՝ Բերեջիկլյանը միաձայն ընտրվել է կուսակցության առաջնորդ և վարչապետ: Այսպիսով, նա դարձավ կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով:

Երդման արարողության իր խոսքում Գլեդիսը հիշեցրել է իր ընտանիքի պատմության ու անգլերեն սովորելու դժվարությունների մասին.

« Ես նախկինում չէի խոսել այս թեմայով, բայց իմ հայրը կաթսայապան էր, եռակցող և իր առաջին աշխատանքը Սիդեյի Օպերայի շենքում էր, ինչը հպարտություն էր իմ ընտանիքի համար: Մայրս 15 տարեկանում թողել է ուսումը՝ ընտանիքին օգնելու համար և դարձել է բուժքույր:

Ես Սիդեյում եմ ծնվել, բայց ծնողներս նոր գաղթականներ էին, ուստի մենք տանը հայերեն էինք խոսում: Երբ դպրոց գնացի, անգլերեն ոչ մի բառ չգիտեի: Մայրս ասում էր. «Անգամ եթե համոզված չես, թե ինչ է ուսուցիչը քեզ հարցնում, ձեռք բարձրացրու և գնա»: Սա է ինձ միշտ առաջ մղել ողջ կյանքում»,-պատմել է Բերեջիկլյանը:

Ավստրալիայի հայ համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել այս լուրը:

Ավստրալիայի հայ ազգային կոմիտեից Վաչե Ղահրամանյանը նշել է, որ հայ համայնքի համար այսօր հիանալի օր է:

«Գլեդիս Բերեջիկլյանն, որը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի դուստր է,այսօր բարձր պաշտոն է զբաղեցրել Նոր Ուելսում և սա հիշարժան օր է թե՛ հայ համայնքի, թե՛ ողջ Նոր Հարավային Ուելսի համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: