Հայերեն   English   Русский  

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները ՄԹ՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հնչած հարցերին


  
դիտումներ: 1690

Բարև Ձեզ, տիկնա՛յք և պարոնա՛յք:

Ուրախ եմ ողջունել Երևանում Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով նախարար, պարոն Դեյվիդ Լիդինգտոնին, ով առաջին անգամ չէ Երևանում, և առաջին անգամ չէ, որ մենք հանդիպում ենք. բազմաթիվ առիթներ են եղել` տարբեր միջազգային շրջանակներում: Ուրախ եմ, որ այսօր ևս մեկ հնարավորություն է ընձեռվել` շարունակելու մեր երկխոսությունը:

Գոհունակությամբ կարող ենք նշել, որ վերջին տարիներին մեր երկու երկրների միջև բավական ակտիվացել են քաղաքական երկխոսությունը, քաղաքական շփումները, և վստահ եմ, որ դա կունենա շարունակական բնույթ ապագայում: Գոհունակությամբ կարող ենք արձանագրել նաև, որ բրիտանական բիզնեսի կողմից վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով:

Մենք այսօր քննարկեցինք մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ամրապնդմանն ու ընդլայնմանը: Մենք ունենք ստորագրված մոտ տասը փաստաթուղթ, կարևոր է առավել ամրապնդել իրավապայմանագրային դաշտը:

Բավական ակտիվ են շփումները խորհրդարանների միջև: Կարծում եմ, որ մենք պետք է դրանք խրախուսենք:

Կարևոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել՝ առևտրատնտեսական համագործակցության առավել ընդլայնման, ամրապնդման համար:

Այսօր խոսեցինք տարբեր միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ես ներկայացրի մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը նվիրված Փարիզում կայացած գագաթաժողովի արդյունքները, այն ջանքերը, որոնք գործադրում է Հայաստանը` եռանախագահող երկրների հետ միասին` հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար:

Անդրադարձանք Սիրիայում, Իրաքում, ընդհանրապես` Միջին Արևելքում ընթացող իրադարձություններին: Ընգծեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համադրման կարևորությունը: Խոսեցինք նաև Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններից։

Այսօր մենք շարունակելու ենք մեր քննարկումները, և, կարծում եմ, երկու կողմերին հետաքրքրող բավական հարցեր կան, որոնց մենք կանդրադառնանք:

Շնորհակալություն, սիրով փոխանցում եմ խոսքը պարոն Լիդինգտոնին:



Հարց. Պարոն Նալբանդյան, Ձեզ կխնդրեի մեկնաբանել օրերս ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցի եզրակացությունը, ըստ որի՝ շատ հակամարտությունների լուծմանը անհնար է հասնել, եթե անտեսվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Պատասխան. Մենք մշտապես նշել ենք և ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը պատճառ չի հանդիսանում՝ տարբեր կոնֆլիկտների առաջացման, այլ հակառակը՝ ինքնորոշման իրավունքի իրականացման խոչընդոտումը, մերժումը ստեղծում է համապատասխան պարարտ հող՝ հակամարտությունների համար: Դրա մասին է խոսում հենց Ձեր կողմից հիշատակված զեկույցը։

Մենք մշտապես ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելիչ լինել՝ նոր կոնֆլիկտների համար, և նպաստել տարածաշրջանային, միջազգային խաղաղության հաստատմանը, պահպանմանը և ամրապնդմանը: Հենց դրա մասին է խոսում նաև այդ զեկույցը:

Մենք ասել և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Հենց դրա մասին է խոսում այդ զեկույցը:

Այսօր միջազգային հարաբերությունների համակարգը` ՄԱԿ-ի անդամ 193 պետություններով հանդերձ, հենց ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունք է: Քանի՞ երկիր է եղել ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ. 51 երկիր: Այսօր այդ թիվը գրեթե քառապատկվել է: Դեմ դուրս գալ, անտեսել ինքնորոշման իրավունքը, դա նույն է, ինչ հակադրվել էվոլյուցիային։

Կարելի է միանշանակ ասել, որ այդ կարևոր, արժեքավոր զեկույցը ևս մեկ անգամ հաստատում է այն մոտեցումները, որը Հայաստանը ունեցել է և ունի՝ այդ հարցի վերաբերյալ, և ոչ միայն Հայաստանը, այլև՝ միջազգային հանրության բազմաթիվ երկրներ և կառույցներ:

Չի կարող որևէ մի երկրում, որտեղ պաշտպանվում են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, հասարակությունը դուրս գա ինքնորոշման իրավունքի դեմ: Վերջին օրինակը հենց Մեծ Բրիտանիայում էր, որտեղ Շոտլանդիայում անցկացվեց հանրաքվե:

Միջազգային բեմահարթակում իրականությունը սա է։ Մերժել ինքնորոշման իրավունքը՝ դա նոր խնդիրների, նոր հիմնախնդիրների, նոր կոնֆլիկտների պատճառներ ստեղծել է:

Հարց. Պարոն Նալբանդյան, վերջին օրերի ընթացքում Բաքվի ղեկավարության կողմից մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին` փորձելով այդ մեղադրանքների միջոցով Ադրբեջանում տիրող բռնատիրական բարքերը վերագրել Հայաստանին: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակով է դա արվում:

Պատասխան. Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ դա կարող է տպավորել որևէ մեկին` Ադրբեջանից դուրս, և անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է տպավորել: Նման թեմայով քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից անվանվում է որպես մարդու իրավունքների ճչող, զարհուրելի խախտումների բռնատիրություն, դա իրականում դատարկախոսություն է:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքներ հնչեին. ու՞մ կարող էին դրանք տպավորել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: