Ձեռքի աշխատանքի խմբակներ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար
Սահմանամերձ բնակավայրերում ձեռքի աշխատանքների խմբակներ հիմնելու նախաձեռնությունը «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությանն է: 2015 թ. ՀԿ-ի նախաձեռնությամբ խմբակ է ստեղծվել Արցախի Եղեգնուտ գյուղում: Աջակցել են նաև Կոթի համայնքում հելունագործության խմբակի կայացմանը. այն այսօր արդեն ինքնուրույն է գործում: Իսկ 2016 թ. նախագահի աշխատակազմի դրամաշնորհների մրցույթում «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հայրենիքի դարպասների» նախագիծը: Եվ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ստեղծվում են ձեռքի աշխատանքների մի քանի խմբակներ` հելունագործություն, ասեղնագործություն, կարպետագործություն, փայտի մշակում և նկարչություն: Այստեղ երեխաները ոչ միայն սովորում են յուրովի ինքնարտահայտվել ու ձեռագործ աշխատանքներ ստեղծել, այլև նոր կյանք են տալիս հին իրերին` դրանք վերամշակելով: Օրինակ՝ էլեկտրական չգործող լամպերից տոնածառի խաղալիքներ են պատրաստում: Խմբակն այնքան պահանջված է, որ անգամ հարևան Կոթի ու Բաղանիս գյուղերից են երեխաներ հաճախում: Սաները հիմնականում 10-15 տարեկան երեխաներ են:
«Ի տարբերություն Երևանի և այլ քաղաքների, գյուղերում երեխաների համար զբաղմունք չկա: Այստեղ սովորաբար խմբակները չեն գոյատևում, քանի որ ֆինանսական պատճառներով երեխաներ չեն հաճախում: Իսկ այս պարագայում ոչ միայն գումար չեն մուծում, այլև իրենց աշխատանքից ստացած միջոցներով նոր նյութեր ու գործիքներ գնելու հնարավորություն են ստանում»,- ասում է «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի նախագահ Արման Հայրապետյանը:
Փորձը ցույց է տվել, որ խմբակները գյուղում լուծում են երեխաների զբաղվածության և պիտանի հմտությունների ուսուցման խնդիրը, ինչպես նաև աշխատատեղեր են ապահովում: Այդ իսկ պատճառով Հայրապետյանը ցանկանում է ոչ միայն պահպանել առկա խմբակները, այլև նմանատիպ խմբակներ բացել նաև Տավուշի մարզի և Արցախի սահմանամերձ այլ բնակավայրերում: Այժմ գործընկերներ են փնտրում, որոնք կաջակցեն ծրագրի իրականացմանը:
Հայրապետյանը նշում է, որ խմբակների ցանցի ստեղծման պարագայում յուրաքանչյուր գյուղում մի ուղղությամբ խմբակ կգործի, ինչը կնպաստի ռեսուրսների ու նյութերի արդյունավետ բաշխմանը:
Խմբակների դասավանդող մասնագետները գյուղի բնակիչներն են: Սակայն նրանց համար պարբերաբար կազմակերպվում են ու կազմակերպվելու են հանդիպումներ ոլորտի այլ մասնագետների հետ, որոնք կարող են փորձ փոխանակել ու համապատասխան խորհուրդներ տալ, օրինակ` ինչն է պահանջված շուկայում, ինչ ստեղծել ավելի լավ վաճառք ապահովելու համար, ինչպես կատարելագործել տեխնիկան և այլն: Սաներին իրենց փորձն են հաղորդում նաև գյուղի այլ բնակիչներ, որոնք պարբերաբար խմբակ են այցելում:
Հայրապետյանն ասում է, որ ցուցահանդես վաճառքներին մասնակցելու համար արդեն իսկ կան որոշակի պայմանավորվածություններ տարբեր անհատների ու կազմակերպությունների հետ:
«Երկու տարի անվճար տաղավար ենք ստացել ամանորյա տոնավաճառ ցուցահանդեսներում: Տարբեր խանութների հետ պայմանավորվածություններ ունենք, մտածում ենք նաև օնլայն հարթակներում ներկայացված լինելու մասին: Այսպիսով այդ մարդկանց համար ապրուստի միջոց ստեղծելու հնարավորություն է առաջանում»,- ասում է Հայրապետյանը: Նշում է, որ տոնավաճառներից ստացված գումարները ներդրվում են խմբակի հետագա զարգացման համար, ինչպես Կոթիում է արվել: Նախատեսում են, որ հետագայում յուրաքանչյուր գյուղի խմբակի աշխատանքների վաճառքից ստացած գումարի մի մասը կհատկացվի տվյալ բնակավայրի մանկապարտեզին: «Այսինքն՝ այդ երեխաները ներդրումներ կունենան նաև իրենց համայնքում` նման տարիքում սոցիալական պատասխանատվություն ստանձնելով,- ասում է Հայրապետյանը,- երեխաներին ոգևորում է, որ իրենց ստեղծածն արժեք ունի ու պահանջված է»:
Ասում է, որ տոնավաճառների ժամանակ խմբակների ստեղծած ձեռքի աշխատանքները երկու մոտեցմամբ են սպառվում. ոմանք գնում են, քանի որ գիտեն` սահմանամերձ բնակավայրերի երեխաներն են ստեղծել: Ոմանք էլ գնում են, քանի որ հավանում են, հաճախ անգամ չիմանալով, թե որտեղ ու ինչպես է ստեղծվել: Հայրապետյանը նշում է, որ հետագայում ձգտելու են աշխատանքները կատարելագործել, որպեսզի ստեղծված ձեռագործ արտադրանքը սպառվի միայն որակի շնորհիվ. «Եթե գնում են սահմանամերձ գյուղում ստեղծված լինելու համար, մեկ-երկու անգամ կգնեն, և վերջ, ուստի կարևոր է որակը»:
Հայրապետյանը վստահ է, որ մինչև տարեվերջ, օրինակ` Ոսկեվանում այնքան կատարելագործած կլինեն աշխատանքները, որ երեխաները կկարողանան տարբեր կազմակերպություններից ամանորյա կորպորատիվ բացիկներ ստեղծելու պատվեր ընդունել՝ միօրինակ տպագրության փոխարեն ապահովելով անհատական, ձեռքով պատրաստված բացիկներ: