Հայերեն   English   Русский  

Աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու համար


  
դիտումներ: 548

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Առաջին հանձնարարականը վերաբերել է ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելուն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է նաև Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների և պետական կառավարման համապատասխան այլ մարմինների հետ քննարկել 2017թ. ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշի վրա, որով, ունենք ցածր արդյունքներ: «Մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև ս.թ. փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը»,-նշել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը:
Բնակլիմայական աղետների վնասներից կանխարգելման հայեցակարգի (հայեցկարգի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով) վերաբերյալ գործադիրի ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է, որ հայեցակարգի շրջանակում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետությանն ու տնտեսական իրացվելիությանը և մշակվի ծրագիր առավել խոցելի համայնքներում կարկուտի վնասի էական նվազեցման նպատակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: