Հայերեն   English   Русский  

​Սկսել նորից ամեն ինչ կորցնելուց հետո. Հայաստանում վերընձյուղված բիզնես՝ սիրիահայ ձեռներեցի կատարմամբ


  
դիտումներ: 4740

Հաջողությունները հիմնականում հեշտ չեն տրվում. դրանց հասնելու համար անընդհատ պայքար է պետք, ձգտում, բավականին հստակ թիրախ ու պատկերացում, թե ուր կամ ինչի ես ուզում հասնել, որպեսզի այդ ուղղութամբ համապատասխան աշխատաքներ տանես: Հատկապես բիզնեսում պետք է երբեք չհիասթափվել, համբերատար լինել, հաստատուն գնալ դեպի նպատակակետը՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները: Հենց այս սկզբունքներին դավանելով էլ իր բիզնեսը Հայաստանում առաջ է տանում սիրիահայ գործարար Մոսես Հալաջյանը՝ «Մոսինի սփորթ ֆեյշն» ապրանքանիշի ստեղծողը:

Նրանք, ովքեր միշտ նվնվում են խոչընդոտներից, ի՞նչ կանեին, եթե ինչ-որ պահի կորցնեին ամբողջ կյանքի ստեղծածը և ստիպված լինեին ամեն ինչ այլ երկրում զրոյից սկսել:

Իսկ Հալաջյանները Սիրիայում հայտնի դեպքերի պատճառով կորցրեցին իրենց 30 տարվա բիզնեսը, գործարանը, ամեն ինչ, բայց իրենց մեջ ուժ գտան ու արդեն Հայաստանում նորից ամեն ինչ զրոյից սկսեցին:

«Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ մի որևէ բիզնեսմեն իր մտածածի կամ ձեռնարկածի հարցում առաջին իսկ փորձից հաջողություն ունեցած լինի: Այդպես սովորաբար չի լինում, ու մեծ ուժ և ջանասիրություն է պետք, որ առաջին ձախողումից հետո նորից շարունակես ու հասնես որոշակի հաջողության»,- «Անկախի» հետ զրույցում նշում է Մոսես Հալաջյանը:

Նրա ընտանիքը սիրիական իրադարձությունների պատճառով 2013 թ. սկզբին տեղափոխվեց Հայաստան: Որոշ ժամանակ էլ անհրաժեշտ եղավ հարմարվելու, բոլոր ցնցումներից ձերբազատվելու, տեղափոխության խնդիրները հարթելու համար: Բայց Հայաստան տեղափոխվելու առաջին իսկ օրվանից հստակ որոշումով, որ այստեղ ոչ թե ձեռքները ծալած նստելու են ու սպասեն ավելի լավ օրերի, այլ փորձելու են նոր բիզնես պատմություն կերտել:

«Մինչ այդ երևի 1-1,5 տարի ուսումնասիրում էինք շուկան: Եկած օրվանից էլ մտածում էինք այստեղ բիզնես հիմնելու մասին, որի հիմնական խոչընդոտը շուկայի փոքր լինելն էր: Ուսումնասիրելուց հետո պարզ էր, որ բավականին փոքր շուկա է Հայաստանը: Հետո, երբ ԵԱՏՄ պայամանագիրը ստորագրվեց, դա արդեն բավականին մեծ շուկայի հույսեր ընծայեց ինչպես տեղական արտադրողներին, այնպես էլ մեզ, որ կարելի է ավելի մեծ շուկա դուրս գալ ու այդ մտահոգությունները ինչ-որ չափով մեղմել, բիզնեսը արդարացնել»,- պատմում է Հալաջյանը:

Եվ արդեն 2016 թ. սկզբին Հայաստանում վերաբացվում է Հալաջյանների 30 տարվա բիզնեսը, որ Մոսեսի հայրն էր սկսել Սիրիայում: Այնտեղ Հալաջյանների գործարանը մինչև 400 աշխատող և տարեկան 1 մլն 200 հազար միավոր արտադրանք ունեցող գործարան է եղել, և դա կորցնելուց հետո եկել ու Հայաստանում զրոյից նոր «Մոսինի» են հիմնել, որն իր ծավալներով Սիրիայի գործարանի հետ համեմատելի չէ, բայց Հայաստանի համար ամենևին էլ փոքր արտադրամաս չէ. 25-30 աշխատող ունեն, արդեն 2 խանութ, շուտով երրորդն էլ կբացվի: Մի խոսքով՝ այստեղ էլ եղածից չեն դժգոհում: Արտադրում են տղամարդու, կանացի ու շուտով նաև մանկական տրիկոտաժեղեն, սպորտային ու ամենօրյա հագուստ սեփական՝ «Մոսինի» ապրանքանիշով: Ամեն շաբաթ էլ որոշակի նորույթ են ներկայացնում շուկային` նվազագույնը 1-2 նոր տեսակի հագուստ:

«Սկզբնական ներդրումը մեր անձնական կապիտալն էր, և այստեղ սկսեցինք մեր գործը, որով տարիներով զբաղվում էինք Սիրիայում: Սա իմ հոր հիմնած գործն է եղել, որ հիմա էլ այսպես ենք շարունակում: Մոտ 30 տարի է` այս ոլորտում ենք, այս բիզնեսով ենք զբաղվում, այսինքն՝ տեխնիկական առումով մեր ոլորտն է եղել, քաջ տեղյակ էինք ու ոչ մի խնդիր չկար: Բայց Հայաստանի շուկայում որոշ մասնագետների պակաս կար: Քանի որ մեզ մոտ հումքը ստանում ենք ու մինչև վերջնական արտադրանքն ամբողջությամբ մենք են բոլոր աշխատանքները կատարում, հատուկ մասնագիտացված հանգրվաններ կան, որոնց մասնագետներ այնքան էլ չկան Հայաստանում»,- նշում է Մոսես Հալաջյանը՝ հավելելով, որ ի տարբերություն սկզբնական շրջանի՝ հիմա գործն ավելի լավ է, սպառումն էլ է որոշ չափով բարելավվել, թեկուզև հեռու են ցանկալի արդյունքից: Այս առումով էլ չեն դժգոհում: Ամեն դեպքում ծավալները մեծացնելու մտադրություն կա, առավել ևս, որ ավելի մեծածավալ արտադրություն ունենալու, կառավարելու փորձ էլ ունեն, հմտություններ ու գիտելիքներ էլ, միայն թե պահանջարկ լինի: Հիմնական դժվարությունը, նրա խոսքով, Հայաստանի տեղական հումքի բացակայությունն է: Այս առումով նա համեմատություններ է անցկացնում Սիրիայի հետ, որտեղ, սկսած բամբակ և այլ թելատուներ ցանելուց մինչև վերջին հանգրվանը, ամեն ինչ տեղում արտադրվում էր: Իրենք էլ, որպես տեղի արտադրող, տեղական հումքից էին օգտվում, որը բավական բարձր որակի էր: Բայց Հայաստանի պարագայում դա բացակայում է, ինչը լուրջ դժվարություններ է առաջացնում, քանի որ եթե տեղական հումք լիներ, նշում է Մոսեսը, ավելի լավ կլիներ, իրենց արտադրանքն ավելի էժան, հետևաբար ավելի մրցունակ կլիներ: Հումքի առումով մեկ այլ անհարմարության ու լուրջ խնդրի մասին էլ է նշում Մոսես Հալաջյանը, օրինակ՝ Թուրքիայից Հայաստան ներմուծվող թե՛ հումքի, թե՛ պատրաստի արտադրանքի կարգոյական մաքսազերծման արժեքը նույնն է: Այսինքն` յուրաքանչյուր 1 կգ ներմուծվող հագուստի ու յուրաքանչյուր 1 կգ ներմուծվող հումքի, օրինակ` կտորի մաքսազերծման արժեքը նույնն է: Դա ամենևին չի նպաստում Հայաստանում արտադրություն զարգացնելուն ու բացասաբար է անդրադառնում մրցունակության վրա:

«Երևի դա պետք է վերանայման ենթարկվի, որպեսզի տեղացի արտադրողն ավելի պաշտպանված լինի կամ գոնե հավասար մրցակցային պայմաններ ունենա ներկրողների հետ»,- շեշտում է «Մոսինի սփորթ ֆեյշնի» հիմնադիր տնօերնը և ավելացնում, որ այլ կազմակերպչական դժվարություններ չեն ունեցել, նաև՝ պաշտոնական մարմինների հետ հարաբերություններում:

Մոսես Հալաջյան

Ցանկացած ոլորտում բիզնես սկսելու և կայացնելու համար, ինչպես նշում է Մոսես Հալաջյանը, պետք է նախապես լավ ուսումնասիրել շուկան, ունենալ զարգացնելու հեռանկարը և նախատեսել միջոցները, թե ինչպե՛ս կարելի է զարգացնել, ինչպես կարելի է հարմարեցնել տարբեր պայմանների, երբ բիզնեսը ենթարկվում է վայրիվերումների, որպեսզի բացասական միտումների դեպքում բիզնեսը գոյատևի, ինչպես բիզնեսն ադապտացնել, որ հաջողության դեպքում ձևավորված պահանջները կարողանա բավարարել և այլն: Այսինքն` դա մշտական ու հարափոփոխ գործընթաց է, յուրաքանչյուր պահի բիզնեսմենը պետք է պատրաստ լինի փոփոխությունների:

«Ցանկացած բիզնես, իհարկե, դժվար է: Չի կարելի ընդհանրացնել, բայց ինչ խնդիր էլ լինի, պայքարելու հոգեվիճակը հաղթահարելու առաջին քայլն է: Բիզնեսմենը միշտ պետք է մարտական տրամադրվածությամբ գնա առաջ, իհարկե, ռիսկերը հաշվի առնելով ու լավ հաշվարկելով, անիմաստ քայլերի չդիմելով»,- նշում է մեր զրուցակիցը:

Բիզնեսում, հանրահայտ է, որոշակի դեր են խաղում ուժեղ «մեջքը» կամ հովանավորները, բայց Մոսես Հալաջյանը մատնանշում է բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ ունեցել են բավական զորեղ հովանավորներ, բայց ոչ ճիշտ կառավարման, գործից չհասկանալու պատճառով «հաջողացրել են» ձախողվել: Նրա դիտարկմամբ՝ հովանավորն ու «մեջքը» ինչ-որ չափով, այո, օգնում են բիզնեսմենին, բայց վերջնահաշվում կառավարողից` բիզնեսմենից է կախված, թե ինչքանով կկարողանա ճիշտ օգտագործել օգնությունն ու աջակցությունը, որպեսզի հաջողության հասնի, քանի որ եթե կառավարիչը վատն է, միևնույն է, վերջում ձախողվելու է: Հայաստանի համար էլ ասում է. «Չեմ կարծում, թե առանց հովանավորի հնարավոր չէ ինչ-որ գործ սկսել ու հաջողել, իհարկե հնարավոր է: Դժվար է, իհարկե, բայց դժվար է, ինչպես ամեն տեղ ու ամեն գործում: Նախ պետք է իմանաք, թե ինչ ոլորտում կկարողանաք աշխատել, ու նայեք՝ այդ ոլորտում աշխատելը ձեզ գոհունակություն պատճառո՞ւմ է, թե՞ ոչ: Հետո պետք է նայել շուկային, այն, ինչ շուկայում արդեն առաջարկվում է, միգուցե ավելի լա՞վն առաջարկեք, ավելի որակո՞վը, ավելի մատչելի՞ն` որակը պահելով: Ու եթե այդ դեպքում զգում եք, որ մրցունակ եք, ուրեմն կարելի է արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Եթե ունես միտք, տրամադրվածություն, մի քիչ էլ ռիսկի գնալու պատրաստակամություն, ուրեմն անպայման պիտի փորձես»:

Բիզնեսում հաջողության հասնելու պատրաստի դեղատոմսերի կամ գաղտնիքների Մոսես Հալաջյանը չի տիրապետում ու այդ առումով նշում է` պետք է ճիշտ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքում էլ ճիշտ տակտիկա, քաղաքականություն պլանավորել ու հետևողականորեն իրագործել, ճիշտ աշխատել, ջանասիրաբար ու սիրով անել աշխատանքը և ամենակարևորը` համբերատարությամբ:

«Խաբեությունը, այցելուներին, գնորդին խաբելը, որակը գցելը, սուտն ու կեղծիքը վերջիվերջո տանում են ձախողման,- շեշտում է նա:- Անկեղծությունը, ազնվությունը շատ կարևոր են բիզնեսի համար: Եթե ընթացքում այցելուդ կամ սպառողդ զգա, որ իրեն խաբում ես, ապրանքիդ կամ ծառայությանդ որակը միտումնավոր գցում ես, կամաց-կամաց հուսախաբություն կառաջանա, ու նա կգնա այլ տարբերակներ ընտրելուն: Գործընկերների հետ առավել ևս ազնվությունն ու անկեղծությունը կարևոր են, վստահությունը բիզնեսի կարևորագույն գործոններից է: Մենք զգացել ենք և կարելի է ասել՝ ամեն օր դրա արդյունքները տեսել ենք Սիրիայում, հիմա էլ՝ այստեղ: Ուղղակի այդ վստահությունն ու անկեղծությունը մեկ օրվա կամ կարճ ժամանակվա ձեռքբերում չեն, այլ երկար տարիների դժվար ու տքնաջան աշխատանքի արդյունք»:

Իսկ «Մոսինիի» ապագան Հալաջյանը պատկերացնում է դեպի այլ երկրներ ու շուկաներ արտահանումների հեռանկարով, ավելին՝ այդ ուղղությամբ աշխատանքներ էլ է տանում: Հիմա փոքր քանակներով «Մոսինի» հագուստ արտահանվում է դեպի Ռուսաստան, բայց դա միայն սկիզբն է…





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: