Հայերեն   English   Русский  

Խորհրդարանում կհայտնվեն հնից մնացած ընտրազանգված, ֆինանսներ, խարիզմատիկ դեմքեր և կազմակերպչական թիմ ունեցող ուժերը. Ահարոն Ադիբեկյան


  
դիտումներ: 1400

Տասը քաղաքական ուժ կարող են հավակնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցապայքարի մեջ մտնել, բայց դրանցից ընդամենը հինգը կարող են լինել խորհրդարանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսումով հանդես եկավ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով` խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, որոնք ունեն կայուն, հնից մնացած ընտրազանգված, ֆինանսներ, խարիզմատիկ դեմքեր և կազմակերպչական թիմ: Դրանք են`ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Հայկական վերածնունդը»: Բայց, քանի որ, ըստ Ահարոն Ադիբեկյանի, «Հայկական վերածնունդը» կորցրել էր իշխանական ընտրազանգվածը, ՀՅԴ-ն էլ իր ընդդիմադիր ընտրազանգվածը, ապա չի բացառվում, որ մեկ- երկու կուսակցություն ևս հնարավորություն ունենան հայտնվել խորհրդարանում:

Ռուբեն Բաբայան

Ասուլիսի մյուս բանախոս, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով` լավ իշխանությունը գերնպատակ չէ, ավելի կարևորը վերահսկելի իշխանությունն է: Այն քաղաքակրթական ուղին, որն ընտրել է Հայաստանը, հուշում է, որ որևէ որակյալ բան չենք ունենալու: Ուստի, պետք է փորձենք վերահսկողությունը օրենքի միջոցով իրականացնել, որպեսզի երկիրը փոքրիշատե նորմալ լինի: Ռուբեն Բաբայանի համար ավելի կարևոր է մարդու կենսագրությունը, քան այն, թե ինչպես է իրեն դրսևորում:

«Իմ կարծիքով` Գագիկ Ծառուկյանի տեղը բարեգործությունն է, ոչ թե քաղաքականությունը: Վարդան Օսկանյանն էլ հինգ տարի պատգամավոր է եղել, բայց նրա աշխատանքը ես չեմ տեսել: Իսկ Սեյրան Օհանյանի մասին որևէ բան ասել չեմ կարող, քանի որ չեմ լսել նրա ելույթները քաղաքական որևէ հարթակից»,- ասաց Ռուբեն Բաբայանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: