Հայերեն   English   Русский  

ԱԳՆ 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությունը


  
դիտումներ: 1066

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է 2016 թվականի գործունեության ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, որև ներկայացված է ստորև:

ՆԱԽԱԲԱՆ4

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ15

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ18

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ19

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ20

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ21

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ22

ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐ23

Իրան24

Թուրքիա25

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ25

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ26

ԱՍԻԱ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ27

Չինաստան28

Ճապոնիա28

Հնդկաստան29

Ինդոնեզիա29

Սինգապուր29

ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ29

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ31

ԱՖՐԻԿԱ32

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ32

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ32

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ33

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ33

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ34

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՈՒՆ35

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ36

ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ36

ՉՄԻԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ37

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ37

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ39

ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ39

ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ39

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ39

ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԵՎ ՈՉ ԿՈՆՎԵՆՑԻՈՆԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ40

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ41

ԻՐԱՎԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՇՏ42

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ42

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ և ՓՈԽԱԴԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ42

ԴԻՎԱՆԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ42

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ43

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔ43

ՆԱԽԱԲԱՆ

2016 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակեց աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:

2016թ. Հայաստանը շարունակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանն, ընդդիմանալով համանախագահ երկրների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկներին, ինչպես նախկինում, փորձեր էր կատարում խաթարել բանակցային գործընթացը՝ ամիսներ շարունակ հրաժարվելով հանդիպել անգամ Մինսկի խմբի համանախագահների հետ, ձգտելով հիմնահարցի քննարկումները տեղափոխել միջազգային այլ հարթակներ: Հունվարի 22-ին եռանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերահաստատեցին, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է հիմնահարցի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը և կոչ արեցին ձեռնպահ մնալ խաղաղության գործընթացը վտանգող քայլերից:

Ապրիլի սկզբին Բաքուն Արցախի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան։ ՀՀ արտգործնախարարությունը և արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ծավալուն աշխատանք իրականացրին՝ միջազգային հանրությանը ներկայացնելու ադրբեջանական ագրեսիան ու դրա ընթացքում Բաքվի կողմից միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարումները։

Ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն` դադարեցնելու ռազմական գործողությունները և վերականգնելու հրադադարը՝ համաձայն 1994թ. զինադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագրի:

Ապրիլին ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանը տարածեց պաշտոնական նամակներ՝ փորձելով հարցականի տակ դնել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի վավերականությունը։ Հայաստանի ջանքերի շնորհիվ համանախագահ երկրները ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում հայտագրեր շրջանառեցին, որոնցում շեշտվում էր, որ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերն անժամկետ են, շարունակում են մնալ ուժի մեջ, և կողմերը պետք է խստորեն հարգեն դրանք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային այս դիրքորոշումը վերահաստատվեց նաև մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի և դեկտեմբերի 8-ի Համբուրգի ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում արված հայտարարություններում։

Բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Վիեննայում, և ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Վիեննայի գագաթաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների մակարդակով, իսկ Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարություններում վերահաստատվեց հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, ամրագրվեցին պայմանավորվածությունները՝ շփման գծում ներդնելու միջադեպերի հետաքննության մեխանիզմ և ընդլայնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Այդ համաձայնություններն Ադրբեջանի քաղաքականության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել։

Մայիսի 17-ին ղարաբաղյան համակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով ընդգծեց գերմանական նախագահության աջակցությունը հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։ Նա շեշտեց, որ զինադադարի ամրապնդումն առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների վերսկսման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Համբուրգում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նույն օրը ԵԱՀԿ ԱԳ նախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտաքին գործերի նախարարները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հանդես եկան հատուկ հայտարարությամբ։ Խստորեն դատապարտեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում կատարված վայրագությունները՝ ընդգծելով, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Նրանք կոչ արեցին հարգել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները՝ պահանջելով ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները։ Համանախագահ երկրները հատուկ շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը պետք է հիմնված լինի միջազային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա, ինչպես նաև այն տարրերի վրա, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից իրենց հինգ հայտնի հայտարարություններում որպես մեկ ամբողջություն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համբուրգյան հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Հայաստանի և միջազգային միջնորդների մոտեցումները համահունչ են։

Դեկտեմբերի 29-ին, խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին իր կողմից ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման նոր փորձ ձեռնարկեց Հայաստանի պետական սահմանին:

2016թ. հայկական դիվանագիտությունը շարունակեց ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը:

Սեպտեմբերի 19-ին Ազգերի Անդյան միության խորհրդարանն (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Չիլի) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև։

Տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։

Արտգործնախարարությունն իր կարևոր ներդրումն ունեցավ ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ցեղասպանության կենդանի վկաները» խորագիրը կրող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման և անցկացման հարցում։

Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նախագահող պետություն` Հայաստանը շարունակեց կազմակերպության կատարելագործմանը, անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն, արտաքին քաղաքականության համադրմանն ուղղված ջանքերը:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանում կայացավ ՀԱՊԿ գագաթաժողովը, որի արդյունքում ընդունվեց մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:

Հուլիսին Երևանում անցկացվեցին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, իսկ հոկտեմբերին՝ կանոնադրական մարմինների համատեղ նիստերը:

Տարվա ընթացքում համատեղ ջանքեր գործադրվեցին՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը, բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։

Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում կայացան ՀՀ և ՌԴ Նախագահների շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ: Մարտի 10-ից 11-ը, հունիսի 20-ին, օգոստոսի 10-ին, դեկտեմբերի 26-ին կայացան Հայաստանի Նախագահի աշխատանքային այցերը Ռուսաստանի Դաշնություն: Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Երևան ժամանեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ապրիլի 7-ից 8-ը Հայաստան պաշտոնական, մայիսի 20-ին՝ աշխատանքային այցեր կատարեց ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Ապրիլի 13-ին Մոսկվայում, հունիսի 7-ին Բիշքեկում և հոկտեմբերի 27-ին Մինսկում կայացան ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպումները։

Հուլիսի 8-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգում կայացավ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը, որին մասնակցեց ՀՀ վարչապետը:

Մարտի 11-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Շարունակվեց հայ-ռուսական միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Հունիսի 2-ից 6-ը Մոսկվայում ու Կազանում և նոյեմբերի 9-ից 12-ը Երևանում անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ և 28-րդ նիստերը:

2016թ. ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների միջև կայացան տասնյակ հանդիպումներ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Ապրիլի 22-ին պաշտոնական, հուլիսի 4-ին և հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցերով Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարարը:

Գործնական քայլեր ձեռնարկվեցին երկկողմ ռազմատեխնիկական փոխգործակցությունն առավել ամրապնդելու նպատակով։ Նոյեմբերի 30-ին ստորագրվեց Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Վավերացվեց Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը։

Երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ առավել ընդլայնվեց առևտրատնտեսական փոխգործակցությունը։

Զարգացում ապրեց ապակենտրոնացված փոխգործակցությունը. հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվեց հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը: Ընդլայնվեցին հումանիտար կապերը։

Կայացան բազմաթիվ փոխայցելություններ տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Ստորագրվեց շուրջ երկու տասնյակ միջկառավարական և միջգերատեսչական իրավական փաստաթուղթ:

Հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարևոր տեղ զբաղեցրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Մարտի 28-ից ապրիլի 1-ը կայացավ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում Նախագահ Սարգսյանը մասնակցեց «Հայաստան. ներդրումային համաժողով»-ին:

Դեկտեմբերի 1-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Նախագահի և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը, որի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա:

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ԱՄՆ Նախագահի նախաձեռնությամբ հրավիրված` փախստականների խնդիրներին նվիրված գագաթաժողովին։

Հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացավ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ զբաղեցրեց Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը: Կայացավ 2015թ. դեկտեմբերի 7-ին մեկնարկած ՀՀ և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթ փուլ:

Հայաստանը միացավ ԵՄ հետազոտությունների և նորարարության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին:

Մարտի 1-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթներ ունեցավ մայիսի 4-ին Պրահայում՝ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, մայիսի 23-ին Բրյուսելում՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հուլիսի 11-ին Կիևում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Զուգահեռ Երևանում կայացավ նաև ԱլԳ կրթության և գիտության նախարարների հանդիպումը:

Դեկտեմբերի 1-ին ԵՄ խորհուրդը հաստատեց Եվրոպական հանձնաժողովի մանդատը՝ մեկնարկելու Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Ուշադրության կենտրոնում էր անմիջական հարևանների հետ հարաբերությունների առավել զարգացումը։

Գործուն քայլեր ձեռնարկվեցին Վրաստանի հետ բարիդրացիական, փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Սեպտեմբերի 5-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այց կատարեց Հայաստան:

Նորակառույց սահմանային անցակետի բացման առիթով նոյեմբերի 4-ին Բագրատաշենում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:

Մարտի 24-ից 25-ը Հայաստան պաշտոնական այց կատարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Տարվա ընթացքում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մի շարք հանդիպումներ ունեցան միջազգային համաժողովների շրջանակներում:

Պարբերական բնույթ կրեցին այլ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով փոխայցելությունները։

Հայաստանը ջանքեր գործադրեց՝ զարգացնելու ավանդական փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Դեկտեմբերի 21-ին կայացավ Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ընդունվեց ՀՀ և ԻԻՀ նախագահների համատեղ հայտարարություն: Նախագահները մասնակցեցին Հայաստան-Իրան գործարար համաժողովին։

Հունիսի 5-ից 6-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թեհրան պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը։

Հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանում առաջին անգամ տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսը, որին մասնակցեց շուրջ 100 հայկական ընկերություն:

Դեկտեմբերի 4-ից 5-ը Թեհրանում անցկացվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստը:

Պարբերական բնույթ կրեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով փոխայցելությունները։

Շարունակվեցին զարգանալ և ընդլայնվել եվրոպական պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները: Տարվա ընթացքում կայացան բարձր մակարդակով մի շարք փոխայցեր:

2016թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական և աշխատանքային այցեր կատարեց Հունաստան, Կիպրոս, Գերմանիա, Բելգիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Նիդերլանդներ։

«Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո հունիսի 24-ից 26-ը Հայաստան այցելեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը։

Կայացան Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի պետական այցերը Հայաստան:

Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական և աշխատանքային այցելություններ կատարեց Բուլղարիա, Բելգիա, Շվեյցարիա, Չեխիա, Չեռնոգորիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա: Հայաստան ժամանեցին Շվեդիայի, Գերմանիայի, Իտալիայի ԱԳ նախարարները։

Կայացան Սերբիայի Ազգային ժողովի նախագահի, Բելգիայի Սենատի նախագահի, Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի այցերը Հայաստան:

Մեծ ուշադրություն հատկացվեց Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հետ ավանդական կապերի խորացմանը:

Հայաստան աշխատանքային այցելություններ կատարեցին Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի Նախագահները, Ղազախստանի վարչապետը, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի արտգործնախարարները, պաշտոնական այց՝ Տաջիկստանի ԱԳ նախարարը։ Մոլդովայում հիմնադրվեց Հայաստանի դեսպանությունը։

Հայաստանը գործնական քայլեր ձեռնարկեց ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Շարունակվեցին ակտիվ ջանքերը՝ հայ-չինական հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման ուղղությամբ։

Ապրիլի 15-16-ը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Չինաստան։

Մայիսի 21-ին Հայաստան այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի հատուկ բանագնաց, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուն:

Հունիսի 5-7-ը կայացավ ՉԺՀ Պետական խորհրդի առաջին փոխնախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի այցը Հայաստան:

Օգոստոսի 22-ին Երևանում տեղի ունեցավ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը։

Հունիսին Հայաստանում անցկացվեցին Չինաստանի մշակույթի օրեր:

Ուշադրության կենտրոնում էր Ճապոնիայի հետ համագործակցության զարգացումը։

Ապրիլի 1-ին Երևանում կայացավ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 7-րդ նիստը:

Սեպտեմբերի 28-ին Հայաստանում տեղի ունեցավ հայ-հնդկական գործարար ֆորում։

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարարը պաշտոնական այց իրականացրեց Ինդոնեզիա:

Աշխատանքներ տարվեցին արաբական պետությունների հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Առանցքային տեղ էին զբաղեցնում սիրիահայության անվտանգության, Սիրիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, սիրիահայությանը օժանդակության ցուցաբերման հարցերը: Հալեպում շարունակում էր գործել միակ դիվանագիտական ներկայացուցչությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Նոյեմբերի 9-ից 10-ը կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հունվարի 25-ից 27–ը Բաղդադում տեղի ունեցավ հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։

Միջազգային բազմակողմ համաժողովների շրջանակներում կայացան Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իրաքի, Հորդանանի, Կատարի, Մարոկկոյի, Սիրիայի ԱԳ նախարարների հետ։

Հայաստանը շարունակեց քայլեր ձեռնարկել ամերիկյան աշխարհամասի պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Օգոստոսի 11-ից 15-ը ՀՀ Նախագահն աշխատանքային այց իրականացրեց Բրազիլիա, որի ընթացքում հանդիպեց Նախագահ Միշել Տեմերի հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ դրվեց Բրազիլիայում ՀՀ դեսպանության նոր շենքի հիմնաքարը։

Միջազգային հարթակներում կայացան ԱԳ նախարարի հանդիպումները Կանադայի, Կուբայի, Բոլիվիայի, Հոնդուրասի, Արգենտինայի, Բրազիլիայի ԱԳ նախարարների հետ։

2016թ. գործնական քայլեր ձեռնարկվեցին աֆրիկյան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Կոտ դ'Իվուարի, Մալիի, Չադի, Բուրունդիի, Կամերունի, Մադագասկարի, Տոգոյի, Կոնգոյի և Նիգերի իր գործընկերների հետ:

Մի շարք աֆրիկյան երկրների հետ ստորագրվեցին հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթեր։

Հայաստանը շարունակեց ակտիվ ներգրավվածությունը միջազգային կառույցներում և բազմակողմ ձևաչափերում:

2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը ստանձնեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը` չորս տարի ժամկետով։

ՀՀ Նախագահի մասնակցությամբ կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Նախագահների մակարդակով երկու նիստ՝ մայիսի 31-ին Աստանայում և դեկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ Նախագահները ստորագրեցին ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ որոշումները:

ՀՀ վարչապետը մասնակցեց ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հինգ նիստերի։ Մայիսի 20-ին Երևանում կայացավ կառավարության ղեկավարների հերթական հանդիպումը։

Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կառույցում ծավալվող գործընթացներին, այդ շրջանակներում ստորագրվեց շուրջ երեք տասնյակ փաստաթուղթ։

Հայաստանի Հանրապետությունը շարունակեց խորացնել իր ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպությունում:

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին: Սեպտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահեց ՄԱԿ՝ փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողովի անդրանիկ նիստը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 21-ին նախագահեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը: Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Փետրվարի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին։

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց կլիմայական փոփոխությունների Փարիզի համաձայնագիրը:

Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունն իր ակտիվ, հետևողական ներգրավվածությունը բերեց միջազգային խաղաղության և անվտանգության ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերին։ Հայաստանը շարունակեց մասնակցությունն Աֆղանստանի, Կոսովոյի, Լիբանանի և Մալիի միջազգային խաղաղապահ առաքելություններում։

Դեկտեմբերի 5-ին Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում մասնակցեց և ելույթ ունեցավ Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին։

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Փարիզում կայացած Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Անտանանարիվոյում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովին, որի շրջանակներում հանդիպումներ ունեցավ կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Նախագահի, ՖՄԿ գլխավոր քարտուղարի, կառույցի անդամ մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Անտանանարիվոյում որոշում կայացվեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու մասին:

Մեծ ուշադրություն հատկացվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի կառուցողական ներգրավվածությանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթներով հանդես եկավ սեպտեմբերի 1-ին Պոտսդամում ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը և դեկտեմբերի 8-ից 9-ը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստին:

Շարունակվեց ակտիվ մասնակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխգործակցությանը։ Մայիսի 18-ին Սոֆիայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին։

Բնականոն զարգացում ապրեց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հետ փոխգործակցությունը: ՀՀ Նախագահը մասնակցեց հուլիսին Վարշավայում կայացած` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գագաթաժողովին։ Բրյուսելում կայացավ Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդիպում կայացավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Հուլիսի 1-ին Սոչիում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին:

ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ Պեկինում ստորագրեց Հայաստանին Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակի շնորհման մասին հուշագիրը:

ՀՀ արտգործնախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից էր Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը: Աշխատանքներ իրականացվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տնտեսական կապերի խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման, տարբեր պետությունների գործարար շրջանակների հետ կապերի հաստատման և տնտեսական դիվանագիտության այլ ուղղություններով:

ԱԳՆ անմիջական մասնակցությամբ կայացավ տարբեր երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների 12 նիստ։ Ստորագրվեց առևտրատնտեսական ոլորտի 83 փաստաթուղթ: Արտգործնախարարությունում անցկացվեց տնտեսական համագործակցության ամրապնդման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:

Կազմակերպվեցին գործարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցահանդեսներ։ Շարունակվեց համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Հայաստան այցելեցին միջազգային ֆինանսական և վարկային կառույցների բազմաթիվ պատվիրակություններ՝ Համաշխարհային բանկ (ՀԲ), Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ) Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ), Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ):

ԱԳՆ կողմից համակողմանի ակտիվ աջակցություն ցուցաբերվեց միջխորհրդարանական կապերի զարգացմանը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում փոխգործակցության սերտացմանը։

Նշանակալի աշխատանքներ տարվեցին՝ ուղղված մի շարք երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը:

Արտաքին գործերի նախարարությունը շարունակեց համակարգել Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը և նպաստել դրանց խորացմանը:

Մեծ ուշադրություն հատկացվեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնություններին աջակցությանը։

Կարևոր տեղ զբաղեցրին հայկական մշակույթի ներկայացման, արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ աշխատանքները:

Արտգործնախարարության ուշադրության կենտրոնում էր արտերկրում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվեց շուրջ 148 000 քաղաքացի:

2016թ. ընթացքում ընդլայնվեց Հայաստանի միջազգային իրավապայմանագրային դաշտը. ստորագրվեց 108 միջազգային պայմանագիր և 33 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվեց 95 և ուժի մեջ մտավ 60 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ:

2016թ. ՀՀ Նախագահը կատարեց 18 օտարերկրյա այց: Հայաստան այցելեց 8 պետության ղեկավար: ՀՀ ԱԺ նախագահը կատարեց 1 արտասահմանյան այց: Հայաստան այցելեց 4 պետության խորհրդարանի ղեկավար: ՀՀ վարչապետը կատարեց 5 աշխատանքային այցելություն: Հայաստան ժամանեց 10 երկրի կառավարության ղեկավար։ ԱԳ նախարարը կատարեց 38 օտարերկրյա այց: Հայաստան այցելեց 24 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար: Հայաստանի արտգործնախարարը 104 հանդիպում ունեցավ տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Նոր թափ ստացան ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված քայլերը: Հանրապետության Նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը մի քանի տասնյակ հարցազրույցներ տվեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, մի շարք երկրներում հանդես եկան մամուլի ասուլիսներով և դասախոսություններով:

Դիվանագիտական ներկայացուցչությունները հավատարմագրման երկրներում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպեցին` նվիրված Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑ

2016թ. Հայաստանը շարունակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության հետ համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանը, ինչպես և նախկինում, փորձեր կատարեց խաթարել բանակցային գործընթացը։ Ամիսներ շարունակ Բաքուն հրաժարվում էր հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ փորձելով տեղափոխել հիմնահարցի քննարկումները միջազգային այլ հարթակներ: Հունվարի 22-ին եռանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերահաստատեցին, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է հիմնահարցի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը և կոչ արեցին ձեռնպահ մնալ խաղաղության գործընթացը վտանգող քայլերից:

Ապրիլի սկզբին Բաքուն Արցախի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան։ ՀՀ արտգործնախարարությունը և արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ծավալուն աշխատանք իրականացրին՝ միջազգային հանրությանը ներկայացնելու ադրբեջանական ագրեսիան ու դրա ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարումները։

Ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն` դադարեցնելու ռազմական գործողությունները և վերականգնելու զինադադարը՝ համաձայն 1994թ. զինադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագրի:

Ապրիլին ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանը տարածեց պաշտոնական նամակներ՝ փորձելով հարցականի տակ դնել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի վավերականությունը։

Հայաստանի ջանքերի շնորհիվ համանախագահ երկրները, արձագանքելով զինադադարի եռակողմ համաձայնագիրը հարցականի տակ դնելու Բաքվի փորձին, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում շրջանառեցին համապատասխան հայտագրեր, որոնցում շեշտվում էր, որ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերն անժամկետ են, շարունակում են մնալ ուժի մեջ, և կողմերը պետք է խստորեն հարգեն դրանք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային այս դիրքորոշումը վերահաստատվեց նաև մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի և դեկտեմբերի 8-ի Համբուրգի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արված հայտարարություններում։

Բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ: Գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են զինադադարը պահպանելու և հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը, համաձայնել են հնարավոր սեղմ ժամկետում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնել` նվազեցնելու բռնության հետագա ռիսկը, և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները:

Մայիսի 17-ին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով, ողջունելով Վիեննայում ձեռք բերված համաձայնություններն, ընդգծեց գերմանական նախագահության աջակցությունը հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։ Նա շեշտեց, որ զինադադարի ամրապնդումն առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների վերսկսման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Հունիսի 20-ին ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Գագաթաժողովի արդյունքներով նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովի պայմանավորվածություններն` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Նախագահները համաձայնեցին, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը:

Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր չեղավ կյանքի կոչել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով։ Բաքուն ԵԱՀԿ-ում արգելափակեց գործող նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման համար նախատեսված բյուջետային ավելացումը՝ չմիանալով ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կոնսենսուսին։ Բաքուն հրապարակավ դեմ դուրս եկավ հետաքննության մեխանիզմի ստերծմանը։

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նրանք խստորեն դատապարտեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում կատարված վայրագությունները՝ ընդգծելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները կոչ արեցին հարգել ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլվել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովների արդյունքներով կատարված համատեղ հայտարարություններում: Նրանք պահանջեցին վերացնել բոլոր խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում և առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննության մեխանիզմի ստեղծման գործում:

Հայտարարությունում եռանախագահները հատուկ շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը պետք է հիմնված լինի միջազային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև մեկ ամբողջություն հանդիսացող այն տարրերի վրա, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համբուրգյան հայտարարությունը ևս մեկ անգամ ցայտուն կերպով ի ցույց դրեց, թե որքան անհիմն է հակամարտության հանգուցլուծման ջանքերի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, կրկին անգամ վերահաստատեց, թե որքան համահունչ են միջազգային միջնորդների և Հայաստանի մոտեցումները։

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Համբուրգում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ապրիլի 9-ին, մայիսի 26-ին, հոկտեմբերի 25-ին Երևանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունեց Հանրապետության Նախագահը, հանդիպումներ կայացան արտգործնախարարի հետ։

Տարվա ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպեց նաև փետրվարի 13-ին` Մյունխենում, մարտի 31-ին` Վաշինգտոնում, մայիսի 16-ին` Վիեննայում, հունիսի 2-ին` Փարիզում, հունիսի 20-ին` Սանկտ-Պետերբուրգում, սեպտեմբերի 20-ին` Նյու Յորքում և դեկտեմբերի 8-ին` Համբուրգում: Եռանախագահները այցելեցին Ստեփանակերտ և հանդիպումներ ունեցան Արցախի ղեկավարության հետ։

Դեկտեմբերի 29-ին, խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին իր կողմից ստանձնած պարտավորությունները, դեմ գնալով միջազգային հանրության ուժի և ուժի սպառանալիքից հրաժարվելու պահանջներին, Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման նոր փորձ ձեռնարկեց Հայաստանի պետական սահմանին: Այս կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ՝ սադրիչ որակելով ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները:

Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա և մարտի 30-ին Հավայ նահանգները ճանաչեցին Արցախը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

2016թ. հայկական դիվանագիտությունը շարունակեց ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ տեղական իշխանությունների, Սփյուռքի կառույցների հետ համագործակցաբար, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անցկացրին ոգեկոչման և հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպեցին համաժողովներ և ցուցահանդեսներ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեցավ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը, որտեղ ընդգծվեց նաև Կայսերական Գերմանիայի պատասխանատվության բաժինը։ Այն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի կողմից արված հայտարարության հետ մեկտեղ, հանդիսացավ Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով միջազգային պայքարում։

Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատը, իսկ մայիսի 4-ին Արևելյան Վիրջինիան ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր` այդպիսով Ցեղասպանություն ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասցնելով 44-ի։

Սեպտեմբերի 19-ին Ազգերի Անդյան միության խորհրդարանն (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Չիլի) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև։

Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 2016թ. ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին և դատապարտեցին նաև մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ։

Արտաքին գործերի նախարարությունն իր կարևոր ներդրումն ունեցավ ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ցեղասպանության կենդանի վկաները» խորագիրը կրող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման, ավելի քան 50 երկրներից հարյուրավոր քաղաքական գործիչների, խորհրդարանականների, գիտնականների, փորձագետների, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանությունները և ԴԱԻՇ-ի՝ եզդի բնակչության դեմ իրականացրած հանցագործությունները վերապրածների մասնակցության ապահովման և, ընդհանուր առմամբ, ֆորումի անցկացման հարցում։

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Տարին նշանավորվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությամբ, որի ընթացքում շարունակվեցին կազմակերպության կատարելագործմանը, անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն, արտաքին քաղաքականության համադրմանն ուղղված ջանքերը։

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսի 4-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որի արդյունքներով ընդունվեցին ղարաբաղյան հիմնախնդրի և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ: Հունիսի 8-ին և օգոստոսի 16-ին Երևանում անցկացվեցին համապատասխանաբար ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթաժողովը, որի ընթացքում ընդունվեցին մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը, կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր։ Ընդունվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը։

Նույն օրը անցկացվեց ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի արդյունքներով ստորագրվեցին շուրջ երեք տասնյակ փաստաթղթեր։

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների աշխատանքային հանդիպմանը:

Դեկտեմբերի 26-ին Հանրապետության Նախագահը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին։

Մայիսի 24-ից 26-ը Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ անդամ երկրների «Կոբալտ-2016» զորավարժությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տարվա ընթացքում 8 այց կատարեց Երևան:

Հայկական նախագահության առաջնայնությունների կատարման շրջանակներում Հայաստանը գործուն քայլեր իրականացրեց միջազգային այլ կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և ԵԱՀԿ հետ ՀԱՊԿ փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Տարվա ընթացքում գործուն ջանքեր ներդրվեցին՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը, բազմաոլորտ ռազմավարական համագործակցության ամրապնդմանը:

Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ՀՀ և ՌԴ նախագահների միջև կայացան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ։ Մարտի 10-ից 11-ը, հունիսի 20-ին, օգոստոսի 10-ին, դեկտեմբերի 26-ին կայացան Հայաստանի Նախագահի աշխատանքային այցերը Ռուսաստանի Դաշնություն: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին այցելեց Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այս հանդիպումների արդյունքներով ձեռք բերվեցին ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ քաղաքական, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում:

Ապրիլի 7-ից 8-ը Հայաստան պաշտոնական այց կատարեց ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ապրիլի 13-ին Մոսկվայում, մայիսի 20-ին Երևանում, հունիսի 7-ին Բիշքեկում և հոկտեմբերի 27-ին Մինսկում կայացան ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպումները ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակներում:

Շարունակվեց հայ-ռուսական միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը: Մարտի 11-ից 12-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Հունիսի 2-ից 6-ը Մոսկվայում ու Կազանում և նոյեմբերի 9-ից 12-ը Երևանում անցկացվեցին ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ և 28-րդ նիստերը:

2016թ. ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների միջև կայացան տասնյակ հանդիպումներ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Ապրիլի 22-ին պաշտոնական, հուլիսի 4-ին և հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցերով Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարարը:

Տարվա ընթացքում գործնական քայլեր ձեռնարկվեցին երկկողմ ռազմատեխնիկական փոխգործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Նոյեմբերի 30-ին ստորագրվեց Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Վավերացվեց Հայաստանի և Ռուսաստանի միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը։

Հուլիսի 8-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգում կայացավ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը, որին մասնակցեց ՀՀ վարչապետը:

Զգալի զարգացում ապրեց ապակենտրոնացված և հումանիտար համագործակցությունը: Հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվեց հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը:

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը Հայաստանում անցկացվեցին Ռուսաստանի մշակույթի օրեր:

Բազմաթիվ փոխայցելություններ տեղի ունեցան տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Տարվա ընթացքում ստորագրվեց շուրջ երկու տասնյակ միջկառավարական և միջգերատեսչական իրավական փաստաթուղթ:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարևոր տեղ զբաղեցրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Մարտի 28-ից ապրիլի 1-ը կայացավ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Հանրապետության Նախագահը Վաշինգտոնում հանդիպումներ ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերիի, էներգետիկայի քարտուղար Էռնեստ Մոնիզի հետ: Ապրիլի 1-ին նախագահ Սարգսյանը մասնակցեց Միջուկային անվտանգության գագաթաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով:

ՀՀ Նախագահը այցելեց Բոստոն, որտեղ հանդիպում ունեցավ Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ, ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում:

Հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ կայացավ «Հայաստան. ներդրումային համաժողով»-ը։

Դեկտեմբերի 1-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, կայացավ ՀՀ Նախագահի և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը, որի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա:

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ հրավիրված` փախստականների խնդիրներին նվիրված գագաթաժողովին։

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարարը Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում հանդիպում ունեցավ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ: Սեպտեմբերի 26-ից 29-ը նախարար Նալբանդյանը ելույթներով հանդես եկավ ԱՄՆ Բեյքերի ինստիտուտում, Բերքլիի և Սթենֆորդի համալսարաններում, Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում։

Հոկտեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացավ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակին, իսկ դեկտեմբերի 6-ին Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին ԱՄՆ Կոնգրեսում:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

2016թ. Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից հանդիսացավ Եվրոպական միության հետ հարաբերությունների և փոխգործակցության ընդլայնումը։ Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։

Կայացավ 2015թ. դեկտեմբերի 7-ին մեկնարկած ՀՀ և ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 7 փուլ:

Հունվարի 20-ից 21-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը։ Փետրվարի 8-ից 9-ը Երևանում էին Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության նախագահ Յան Զահրադիլը:

Մարտի 1-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին այցելեց Երևան, ուր հանդիպումներ ունեցավ Հանրապետության Նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Նախագահ Սերժ Սարգսյանի և ԵՄ բարձր ներկայացուցչի հանդիպումը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթներ ունեցավ մայիսի 4-ին Պրահայում՝ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, մայիսի 23-ին Բրյուսելում՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հուլիսի 11-ին Կիևում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Զուգահեռ Երևանում կայացավ նաև ԱլԳ կրթության և գիտության նախարարների հանդիպումը:

Մայիսի 19-ին Հայաստանը միացավ ԵՄ հետազոտությունների և նորարարության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին։

Դեկտեմբերի 1-ին ԵՄ խորհուրդը հաստատեց Եվրոպական հանձնաժողովի մանդատը՝ մեկնարկելու Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համապարփակ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները:

ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐ

Ուշադրության կենտրոնում էր հարևան երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը։

Վրաստան

Գործուն քայլեր ձեռնարկվեցին Վրաստանի հետ բարիդրացիական, փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Սեպտեմբերի 5-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Հայաստան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ ՀՀ Նախագահի և վարչապետի հետ: Հայաստանի և Վրաստանի ղեկավարները երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին։

Նորակառույց սահմանային անցակետի բացման առիթով նոյեմբերի 4-ին Բագրատաշենում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:

Մարտի 24-ից 25-ը Հայաստան պաշտոնական այց կատարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Օգոստոսի 1-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Տարվա ընթացքում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մի շարք հանդիպումներ ունեցան միջազգային համաժողովների շրջանակներում:

Ապրիլի 13-ին Երևանում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի միջև ստորագրվեց Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման նախաձեռնության ճանապարհային քարտեզը։

Տարվա ընթացքում պարբերական բնույթ կրեցին երկու երկրների տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով փոխայցելությունները և հանդիպումները։ Վրաստան այցելեցին ՀՀ պաշտոպանության, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության, կրթության և գիտության նախարարները։ Երևան այցելեցին Վրաստանի պաշտպանության, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի, իրավական օգնության հարցերի նախարարները։

Իրան

Հայաստանը ջանքեր գործադրեց՝ զարգացնելու ավանդական փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Դեկտեմբերի 21-ին կայացավ Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան։ Իրանի Նախագահը հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի և վարչապետի հետ, որոնց ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման նպատակով, ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ընդունվեց ՀՀ և ԻԻՀ Նախագահների համատեղ հայտարարություն: Նախագահները մասնակցեցին Հայաստան-Իրան գործարար համաժողովին։

Հունիսի 5-ից 6-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թեհրան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Իրանի Նախագահի, Մեջլիսի նախագահի, արտաքին գործերի նախարարի, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Այցի ընթացքում ստորագրվեց Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը։

Հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանում առաջին անգամ տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսը, որին մասնակցեց շուրջ 100 հայկական ընկերություն:

Հոկտեմբերի 26-ից 28-ը Երևանում կայացավ «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» 7-րդ միջազգային ցուցահանդեսը։

Դեկտեմբերի 4-ից 5-ը Թեհրանում անցկացվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստը:

Տարվա ընթացքում տեղի ունեցան տարբեր գերատեսչությունների ղեկավարների փոխայցելություններ: Մասնավորապես, Իրան այցելեցին ՀՀ տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները, Հայաստան՝ առողջապահության, արդարադատության նախարարները։

Թուրքիա

Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում չգրանցվեց որևէ դրական տեղաշարժ: Տարվա ընթացքում միջազգային հանրությունը շարունակեց իր աջակցությունը հայտնել հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման հայկական կողմի սկզբունքային դիրքորոշմանը:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ

Տարվա ընթացքում աշխատանքային այցելություններով Հայաստանում էին Բելառուսի Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։

Փետրվարի 18-ից 19-ը Երևանում անցկացվեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Նոյեմբերի 26-ից 27-ը Թուրքմենստան այցելեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Փետրվարի 13-ին Մյունխենում կայացավ Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ։ Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Անդրեյ Գալբուրի աշխատանքային այցը Հայաստան։ 2016թ. Քիշնևում հիմնադրվեց ՀՀ դեսպանությունը։

Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր Նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպում ունեցավ նորընտիր Նախագահի հետ:

2016թ. Հայաստան այցելեցին Ղազախստանի վարչապետը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները։

Ապրիլի 18-ին Երևանում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ։

Հոկտեմբերի 5-ից 7-ը Աստանայում անցկացվեց Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:

Սեպտեմբերի 16-ից 17-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Բիշքեկ։ Տարվա ընթացքում Հայաստան այցելեցին Ղրղզական Հանրապետության Նախագահը, վարչապետը, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը։

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հետ:

Հայաստան աշխատանքային այցեր իրականացրին Տաջիկստանի Նախագահը, արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը:

Հուլիսի 2-ին Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը պաշտոնական այց կատարեց Հայաստան։ Ստորագրվեց ՀՀ և ՏՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2016-2018թթ. խորհրդատվությունների ծրագիրը:

Նոյեմբերի 11-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի և Ուկրաինայի Նախագահների հեռախոսազրույցը։

Մարտի 31-ին Երևանում խորհրդատվություններ տեղի ունեցան Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ

Շարունակվեցին զարգանալ և ընդլայնվել եվրոպական պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները:

Տարվա ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցեր կատարեց Հունաստան (մարտի 14-ից 15-ը), Կիպրոս (մարտի 15-ից 16-ը), Գերմանիա (ապրիլի 5-ից 7-ը), աշխատանքային այցելություններ՝ Բելգիա (մարտի 16-ից 17-ը), Ավստրիա (մայիսի 16), Լյուքսեմբուրգ (մայիսի 30), Լեհաստան (հուլիսի 8-ից 9-ը), Նիդերլանդներ (հոկտեմբերի 19-ից 20-ը)։

Հուլիսի 9-ին Վարշավայում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

«Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո հունիսի 24-ից 26-ը Հայաստան այցելեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը: Կայացավ Հայաստանի Նախագահի և Հռոմի Պապի հանդիպումը։ Երևանում Ֆրանցիսկոս I-ը վերահաստատեց նախորդ տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունը: Այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Պապը համատեղ հոգևոր արարողություններ անցկացրին Երևանում, Գյումրիում և Էջմիածնում, ստորագրեցին համատեղ հայտարարություն:

Կայացան Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի (հունիսի 7-ից 9-ը), Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի (հոկտեմբերի 23-ից 26-ը) պետական այցերը Հայաստան:

Տարվա ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական և աշխատանքային այցելություններ կատարեց Բուլղարիա, Բելգիա, Շվեյցարիա, Չեխիա, Չեռնոգորիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա:

Միջազգային համաժողովների շրջանակներում կայացան ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Իսպանիայի, Ավստրիայի, Լատվիայի, Չեխիայի, Կիպրոսի, Սերբիայի, Սլովակիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Հայաստան ժամանեցին մի շարք եվրոպական երկրների արտգործնախարարներ և պետքարտուղարներ, այդ թվում՝ Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը (փետրվարի 8-ից 9-ը), ԳԴՀ ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (հունիսի 29-ից 30-ը), Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին (նոյեմբերի 8):

Ժնևում աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը փետրվարի 29-ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման մասին համաձայնագիրը:

Նոյեմբերի 8-ին Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները Երևանում ստորագրեցին Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը։

2016թ. դեկտեմբերին մեկնարկեցին Բրյուսել-Երևան-Բրյուսել չարթերային, իսկ 2017թ. մարտից կմեկնարկեն կանոնավոր չվերթները:

Մայիսին Երևանում կայացան հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, որին հաջորդեց գործարար համաժողովը։ Կայացավ ֆինանսական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի, հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի, ինչպես նաև` Հայաստան-Ավստրիա գործարար համաժողովի նիստերը։

Ակտիվ քայլեր ձեռնարկվեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ: Դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը, որին բացման խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Տեղի ունեցան խորհրդարանական պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություներ: 2016թ. փետրվարի 7-ից 9-ը Հայաստան ժամանեց Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, նոյեմբերի 1-ից 3-ը` Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյը, նոյեմբերի 2-ից 4-ը` Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն: Հայկական խորհրդարանական պատվիրակություններն այցելեցին Ֆրանսիա, Գերմանիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան։ Հայաստան այցելեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Սլովակիայի, Սերբիայի, Հունաստանի, Բուլղարիայի խորհրդարանական պատվիրակությունները։

ԱՍԻԱ-ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

2016թ. Հայաստանը գործնական քայլեր ձեռնարկեց ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Չինաստան

Շարունակվեցին ակտիվ ջանքերը՝ հայ-չինական հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման ուղղությամբ։ Տարին առանձնացավ մի շարք բարձր մակարդակի փոխայցելություններով։

Ապրիլի 15-ից 16-ը կայացավ ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցը Չինաստան, որի ընթացքում նա հանդիպում ունեցավ ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի հետ:

Մայիսի 21-ին Հայաստան այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահի հատուկ բանագնաց, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուն:

Հունիսի 5-ից 7-ը կայացավ ՉԺՀ Պետական խորհրդի առաջին փոխնախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի այցը Հայաստան: ՀՀ Նախագահի և ՉԺՀ Պետական խորհրդի առաջին փոխնախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանում «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

Հունիսի 11-ին Չինաստանի Ճըձյանգ նահանգի ազատ առևտրի գոտում բացվեց հայկական տաղավարը։

Հունիսին Հայաստանում անցկացվեցին Չինաստանի մշակույթի օրեր:

Հայ-չինական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում օգոստոսի 9-ից 11-ը կայացավ ՉԺՀ Շանսի նահանգի փոխնահանգապետ Ձյու Ճընի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Օգոստոսի 22-ին Երևանում անցկացվեց առևտրատնտեսական հարցերով հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը։

Չինաստանի կառավարությունը շարունակեց Հայաստանին տրամադրվող տեխնիկատնտեսական օժանդակության ծրագրերի իրականացումը։

Ճապոնիա

Ուշադրության կենտրոնում էր Ճապոնիայի հետ համագործակցության զարգացումը։

Փետրվարի 9-ին Երևանում անցկացվեցին Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ։

Հունիսին Տոկիոյում հիմնադրվեց «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպությունը։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Հայաստան այցելեց Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի պատվիրակությունը՝ նախագահ Սեյշիորո Էտոյի գլխավորությամբ:

Հնդկաստան

Նոյեմբերի 12-ին Երևան ժամանեց Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուն, ով հանդիպեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Փետրվարի 16-ին կայացավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հնդկաստան:

Ապրիլի 1-ին Երևանում կայացավ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 7-րդ նիստը:

Տեղի ունեցան Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվություններ։

Սեպտեմբերի 28-ին Երևանում անցկացվեց հայ-հնդկական գործարար ֆորումը։

Ինդոնեզիա

Նոյեմբերի 1-ից 2-ը արրտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց իրականացրեց Ինդոնեզիա: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ փոխնախագահ Յուսուֆ Կալլայի, ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի, խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ագուս Հերմանտոյի հետ: Ստորագրվեցին Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության հուշագիրը, Ինդոնեզիայի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար Հայաստան մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը:

Ինդոնեզիան չեղարկեց ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։

Էդվարդ Նալբանդյանը և Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրեցին հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։

Սինգապուր

Ապրիլի 20-ին Երևան այցելեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետական նախարար Կո Պո Կունը, ում ընդունեց ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ

Տարվա ընթացքում աշխատանքներ տարվեցին արաբական պետությունների հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Առանցքային տեղ էին զբաղեցնում սիրիահայության անվտանգության, Սիրիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, սիրիահայությանը օժանդակության ցուցաբերման հարցերը: Միջազգային հարթակներում Հայաստանը հետևողականորեն բարձրացնում էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր։

Նոյեմբերի 28-ին Հայաստան այցելեցին Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ, ովքեր հանդիպեցին ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ:

Կայացավ հայ-սիրիական գործարար խորհրդի հերթական նիստը։

Հայաստանն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Պալմիրայի վերականգնման աշխատանքներին մասնակցող երկրների ցանկում:

Հալեպում գործունեությունը շարունակեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է այդ քաղաքում:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու համար հոկտեմբերի 4-ից 5-ը երկու օդանավով Սիրիա ուղարկվեց մարդասիրական օգնություն (շուրջ 40 տոննա): ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջական մասնակցություն ունեցավ Հայաստանի և արտերկրում հայկական համայնքների կողմից Սիրիային տրամադրված մարդասիրական օգնության ստացման և Հալեպ, Դամասկոս, Լաթաքիա, Քեսաբ, Տարտուս և այլ քաղաքներ փոխանցման աշխատանքներին։

Նոյեմբերի 9-ից 10-ը կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի ընթացքում կայացան Նախագահի հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, և ստորագրվեցին մի շարք երկկողմ համաձայնագրեր:

Միջազգային բազմակողմ համաժողովների շրջանակներում կայացան Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Իրաքի, Կատարի, Հորդանանի, Մարոկկոյի, Սիրիայի ԱԳ նախարարների հետ։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 26-ին հանդիպեց Լիբանանի Հանրապետության աշխատանքի նախարար Սեժեան ալ-Ազզիին, նոյեմբերի 26-ին՝ Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արաիջիին:

Հունվարի 25-ից 27-ը Բաղդադում տեղի ունեցավ հայ–իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։

Սեպտեմբերի 19-ից 22-ը Հայաստան այցելեց Իրաքի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը։

Ապրիլին տեղի ունեցավ Իսրայելի Կնեսետի հայ-իսրայելական միջխորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակության այցը Հայաստան:

Ի կատարումն նախորդ տարի արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ 2016թ. «Qatar Airways» ավիաընկերությունը սկսեց իրականացնել Դոհա-Երևան-Դոհա կանոնավոր ավիաչվերթը:

Շարունակվեցին շփումներն Արաբական լիգայի կենտրոնական գրասենյակի հետ։

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

Հայաստանը շարունակեց քայլեր ձեռնարկել ամերիկյան աշխարհամասի պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Օգոստոսի 11-ից 15-ը ՀՀ Նախագահն աշխատանքային այց իրականացրեց Բրազիլիա, որի ընթացքում հանդիպեց երկրի Նախագահ Միշել Տեմերի, Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի հետ։ Ստորագրվեց հինգ երկկողմ համաձայնագիր։ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ դրվեց Բրազիլիայում ՀՀ նոր դեսպանության հիմնաքարը։

Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպեց Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հետ:

Օգոստոսին Բրազիլիայում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բրազիլիայի ԱԳ նախարար Ժոզե Սերայի հանդիպումը:

Դեկտեմբերի 13-ին Բրազիլիայում կայացավ Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդրանիկ նիստը։

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնին:

Նոյեմբերին Անտանանարիվոյում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Կանադայի Քվեբեք նահանգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քրիստին Սան-Պիեռի և Կանադայի միջազգային զարգացման և ֆրանկոֆոնիայի նախարար Մարի-Կլոդ Բիբոյի հետ:

Մարտի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալկորայի հետ։

Սեպտեմբերին ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Արգենտինա և Ուրուգվայ։

Հոկտեմբերի 3-ին կայացավ Չիլիի մեկ տասնյակից ավելի գործարարներ ընդգրկող առևտրատնտեսական պատվիրակության այցը Հայաստան՝ Չիլիի արտաքին հարաբերությունների նախարարի տնտեսական համագործակացության գծով փոխտեղակալ Պաբլո Ուռիայի գլխավորությամբ, ում ընդունեց ՀՀ ԱԳ նախարարը:

Սեպտեմբերի 23-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Նոյեմբերի 20-ից 24-ը Մեքսիկա այցելեց ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը։

Հոկտեմբերի 6-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Կոնգրեսի Պատգամավորների պալատում հիմնադրվեց Մեքսիկա-Հայաստան բարեկամության խումբը:

Սեպտեմբերի 18-ին Կարակասում կայացան հայ-վենեսուելական քաղաքական խորհրդատվություններ:

Սեպտեմբերին Նյու Յորքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Կուբայի, Բոլիվիայի, Հոնդուրասի արտգործնախարարների հետ։

Մայիսի 27-ից 31-ը կայացավ Էկվադորի Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

ԱՖՐԻԿԱ

2016թ. գործնական քայլեր ձեռնարկվեցին աֆրիկյան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նոյեմբերի 23-ից 26-ը Անտանանարիվոյում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Կոտ դ'Իվուարի, Մալիի, Բուրունդիի, Կամերունի, Մադագասկարի, Տոգոյի, Կոնգոյի և Նիգերի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Նիգերի Հանրապետության հետ ստորագրվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն։

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մասին հուշագիր։

Կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ԱԳՆ և Բուրունդիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջև:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:

Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահությունը ստանձնեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը` չորս տարի ժամկետով։

ՀՀ Նախագահը մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երկու նիստի՝ մայիսի 31-ին Աստանայում և դեկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ստորագրվեցին ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագիրը, ընդունվեցին ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հիմնական ուղղությունների, միության ընդհանուր ծառայությունների շուկայի վերաբերյալ որոշումները, ընդունվեցին ԵԱՏՄ ձևաչափով Իրանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017թ. միջազգային գործունեության վերաբերյալ համապատասխան որոշումները:

ՀՀ վարչապետը մասնակցեց ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հինգ նիստերի՝ ապրիլի 13-ին և նոյեմբերի 16-ին Մոսկվայում, մայիսի 20-ին Երևանում, օգոստոսի 12-ին Սոչիում, հոկտեմբերի 27-ին Մինսկում։

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կառույցում ծավալվող գործընթացներին, ինչպես նաև մեծ ուշադրություն հատկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի խորացմանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կայացավ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցեց հոկտեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցեց հունիսի 7-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում սեպտեմբերի 16-ին մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Տարվա ընթացքում Հայաստանում կայացան ԱՊՀ ճյուղային մարմինների մի շարք հանդիպումներ:

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը 2016թ. շարունակեց խորացնել իր ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցներում:

Փետրվարի 24-ին ԱԳ նախարարը Նյու Յորքում մասնակցեց և ելույթ ունեցավ ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հիմնադրման 50-ամյակին նվիրված նախարարական խորհրդաժողովին:

Փետրվարի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում ելույթ ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին, որի շրջանակներում կայացավ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ-Հուսեյնի հետ:

ԱԳ նախարարի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 21-ին նախագահեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը: Նախարարը ելույթով հանդես եկավ Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև հանդիպում ունեցավ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Սեպտեմբերի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի` փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողովին, նախագահեց համաժողովի անդրանիկ նիստը։

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ կենտրոնակայանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը:

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում և դեկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Բաց կառավարման գործընկերության 5-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումներին Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց այդ ոլորտում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները:

2016թ. Հայաստանը նախագահեց ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհուրդը:

Ակտիվ աշխատանքներ իրականացվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում:

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իր ակտիվ, հետևողական ներգրավվածությունը բերեց միջազգային խաղաղության և անվտանգության ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Հայաստանը շարունակեց մասնակցությունն Աֆղանստանի (Վճռական աջակցություն), Կոսովոյի (KFOR), Լիբանանի (UNIFIL) և Մալիի (MINUSMA) խաղաղապահ առաքելություններում։

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակեց ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և գործընկեր կառույցների աշխատանքներում:

Նոյեմբերի 23-ից 27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարում մասնակցեց ՖՄԿ արտգործնախարարների 32-րդ համաժողովի, ապա՝ 16-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Անտանանարիվոյում գագաթաժողովը որոշում կայացրեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովն անցկացնել Հայաստանում:

Պարբերական բնույթ կրեցին ՀՀ ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումները։

Հունվարի 22-ից 24-ը կայացավ Ֆրանսիայի` զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենի այցը Հայաստան:

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ կազմակերպվեցին շուրջ 600 միջոցառումներ:

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՈՒՆ

Մեծ ուշադրություն հատկացվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանը։ Հայաստանը շարունակեց ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում:

Հունիսի 29-ին Երևանում, նոյեմբերի 3-ին Բեռլինում, դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայացան ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Ինչպես Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի օրերին, այնպես էլ հետագայում, մշտական և օպերատիվ կապ հաստատվեց Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի միջև:

Սեպտեմբերի 1-ին Պոտսդամում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Միասին դիմագրավելով ընդհանուր մարտահրավերներին» խորագրով ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Դեկտեմբերի 8-ից 9-ը Համբուրգում կայացած ԵԱՀԿ մասնակից երկրների 23-րդ Նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդես եկավ ծավալուն ելույթով` մանրամասն ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, Բաքվի կողմից մարդասիրական իրավունքի և պարտավորությունների կոպտագույն խախտումները:

Նախարարական խորհուրդն ընդունեց մի շարք որոշումներ, որոնցում նաև ամրագրվեցին ՀՀ պատվիրակության կողմից ներկայացված կարևոր ձևակերպումներ, այդ թվում, մասնավորապես` Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կողմից կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված վայրագությունների դատապարտման, ներառական և ոչ խտրական տարածաշրջանային համագործակցության և այլ հարցերի շուրջ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների կազմում Հայաստանի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն իրականացրին Տաջիկստանում, Ղազախստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Մոլդովայում, ԱՄՆ-ում և Ղրղզստանում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններին:

Սեպտեմբերի 16-ին արտգործնախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելություն կազմակերպեցին, որին ելույթով հանդես եկավ ԱԳ նախարարը։

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայաստանը շարունակեց ակտիվ մասնակցությունը Եվրոպայի խորհրդի և դրա տարբեր առանձնացված մարմինների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Մայիսի 17-ից 18-ը Սոֆիայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին։

Մայիսի 21-ին արտգործնախարար Նալբանդյանի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտայնի-Դրագոնիի կողմից տրվեց Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանում տեղական ժողովրդավարության շուրջ հետմոնիտորինգային ճանապարհային քարտեզը։

Սեպտեմբերի 18-ին ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունն իրականացրեց Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն։

Մայիսին և նոյեմբերին Հայաստան այցելեցին ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողները:

Ակտիվորեն շարունակվեց համագործակցությունը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ, որի հավանությանը ներկայացվեցին մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ։

ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Շարունակվեց Հայաստան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում։

Հուլիսի 9-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Վարշավայում կայացած Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների գագաթաժողովին։

Հայաստան այցելեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջեյմի Շին (նոյեմբերի 17-ից 19-ը) և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը (մարտի 1-ից 3-ը):

Մարտի 9-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցեցին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդիպում կայացավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Նոյեմբերի 14-ից 18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվեց «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը։

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերի հետ:

ՉՄԻԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Վենեսուելայում մասնակցեց Չմիացած երկրների շարժման 17-րդ գագաթաժողովին:

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆինիի գլխավորությամբ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտգործնախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից էր Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը: Աշխատանքներ իրականացվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տնտեսական կապերի խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացման, տարբեր պետությունների գործարար շրջանակների հետ կապերի հաստատման և տնտեսական դիվանագիտության այլ ուղղություններով:

ԱԳՆ անմիջական մասնակցությամբ կայացան Հայաստանի և այլ պետությունների միջև միջկառավարական հանձնաժողովների 12 նիստեր:

Հուլիսի 12-ին արտգործնախարարությունում անցկացվեց տնտեսական համագործակցության ամրապնդման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:

Ստորագրվեց առևտրատնտեսական ոլորտի 83 փաստաթուղթ՝ 69 միջազգային և 13 ոչ միջազգային պայմանագիր: Կազմակերպվեցին գործարարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցահանդեսներ։

Շարունակվեց համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Տարվա ընթացքում Հայաստան այցելեցին միջազգային ֆինանսական և վարկային կառույցների բազմաթիվ պատվիրակություններ՝ Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ), Համաշխարհային բանկ (ՀԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկ (ԵՆԲ), Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ):

Մայիսի 17-ից 18-ը Հայաստանը մասնակցեց Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Դեկտեմբերի 5-ին Երևանում ստորագրվեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Հայաստանի հետ համագործակցության 2016-2020թթ. ծրագիրը:

Նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Տնտեսական դիվանագիտություն» թեմայով երկօրյա սեմինար:

Արտգործնախարարությունն իր մասնակցությունը բերեց Նյու Յորքում հոկտեմբերի 10-ից 11-ը կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառման, սեպտեմբերի 19-ից 22-ը Երևանում կայացած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի, մի շարք այլ տնտեսական միջոցառումների կազմակերպմանը։

Հայաստանը մասնակցեց հոկտեմբերի 13-ից 14-ը Բոլիվիայում տեղի ունեցած Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը:

Հայաստանը մասնակցեց հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Լուքսորում (Եգիպտոս) կայացած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գործադիր խորհրդի 104-րդ նստաշրջանին:

Նոյեմբերի 21-ին Հայաստանը մասնակցեց Վիեննայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) 50-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև Արդյունաբերական զարգացման խորհրդի 44-րդ նստաշրջանին:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումներին:

Փետրվարի 10-ին Հայաստան այցելեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարը:

Հոկտեմբերի 1-ից 4-ը Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 38-րդ համաժողովը, որին մասնակցեց ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին:

Սեպտեմբերի 5-ից 9-ը Երևանում կայացավ «Երեխայի սննդի» համաշխարհային 18-րդ ամենամյա ֆորումը, որը կազմակերպվել էր «Երեխայի սննդի» համաշխարհային հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության կողմից:

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակեց ակտիվ մասնակցություն բերել Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության շրջանակներում իրականացվող գործունեությանը:

Հուլիսի 1-ին Սոչիում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին:

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՍԾՏՀ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ:

Դեկտեմբերի 13-ին Բելգրադում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը:

ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 16-ին ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ Պեկինում ստորագրեց Հայաստանին Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակի շնորհման մասին հուշագիրը:

ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 1-ին Ջակարտայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Լուոնգ Մինի հետ:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հայաստանը շարունակեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում սերտ համագործակցությունը միջազգային, տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ մակարդակով:

ՀՀ կառավարության հուլիսի 7-ի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը», որի մշակման պատասխանատուն էր արտաքին գործերի նախարարությունը:

Հունիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ տարեկան զեկույցը, որի համաձայն` Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ դասվում է ամենաբարձր՝ 1-ին խմբում:

Հոկտեմբերի 10-ից 14-ը կայացավ ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովայի մոնիթորինգային այցը Հայաստան:

Նոյեմբերի 4-ին Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեն իր 65-րդ նստաշրջանին քննարկեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները։

Նոյեմբերի 23-ից 24-ը Ժնևում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն իր 59-րդ նստաշրջանին քննարկեց Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը։

Ապրիլի 5-ից 8-ը տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների այցը Հայաստան: Այցի արդյունքում 2016 թվականի մայիսին ընդունվեց Հայաստանի վերաբերյալ 4-րդ կարծիքը:

ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԵՎ ՈՉ ԿՈՆՎԵՆՑԻՈՆԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ

Ապրիլի 1-ին Վաշինգտոնում անցկացվեց Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցեց և ելույթով հանդես եկավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շրջանակներում կազմակերպված Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց սեպտեմբերի 26-ին Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսին:

Սեպտեմբերի 9-ին ՀՀ և ԱՄՆ ստորագրեցին Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացումը:

Հայաստանը մասնակցեց Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի 20-ամյակին և ռուս-ամերիկյան Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության (GICNT) 10-ամյակին նվիրված հանդիպումներին:

Մայիսի 11-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՔԶԱԿ գործադիր խորհրդի փոխնախագահ:

Ապրիլի 6-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում Կենսաբանական զենքի կոնվենցիայի դրույթների կիրառման ՀՀ ԱԳՆ կողմից մշակված ծրագրին:

ՄԱԿ ԳԱ՝ զինաթափման, գլոբալ մարտահրավերների և խաղաղության սպառնալիքների հարցերով զբաղվող Առաջին կոմիտեում Հայաստանը համահեղինակեց 7 բանաձև՝ միջուկային զենքի չտարածման և ռիսկերի նվազեցման, տիեզերքում առաջինը զենքերի չտեղակայման, սովորական սպառազինությունների վերահսկման վերաբերյալ:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հանրապետության Նախագահի՝ ՀՀ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում պետական մարմինների գործունեությունը համակարգելու վերաբերյալ հրամանագրի դրույթների համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը շարունակեց համակարգել Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը և նպաստել դրանց խորացմանը:

2016թ. արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակեցին սատարել խորհրդարանական դիվանագիտության ուղղությամբ տարվող աշխատանքներին: ԱԳՆ կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերվեց միջխորհրդարանական կապերի զարգացմանը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափում փոխգործակցության սերտացմանը։

Աշխատանքներ տարվեցին՝ ուղղված մի շարք երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը` Հայաստանի մարզերի և քաղաքների և տարբեր պետությունների վարչատարածքային միավորների միջև հարաբերությունների հաստատմանը, փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը:

Արտաքին գործերի նախարարությունը շարունակեց համակարգել տարբեր, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համապատասխանեցումը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Մեծ ուշադրություն հատկացվեց Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնություններին աջակցությանը։

Կարևոր տեղ զբաղեցրին հայկական մշակույթի ներկայացման, արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ աշխատանքները:

Կազմակերպվեցին Հայաստանի մշակութային օրեր Բելառուսում, Գերմանիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Ճապոնիայում, Շվեդիայում, Ռումինիայում:

ԻՐԱՎԱՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՇՏ

Ընդլայնվեց Հայաստանի միջազգային իրավապայմանագրային դաշտը․ ստորագրվեց 108 միջազգային համաձայնագիր և 33 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվեց 95 և ուժի մեջ մտավ 60 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ:

ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվեց և ընդունվեց շուրջ 85 իրավական ակտերի նախագիծ:

ԱԳՆ համակարգում շրջանառվեց 127799 փաստաթուղթ։

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարարության մշտական ուշադրության կենտրոնում էր արտերկրում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին օգնության ցուցաբերումը:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվեց շուրջ 148 000 քաղաքացի:

Փոփոխություններ կատարվեցին գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվեցին և ավելի դյուրացվեցին քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները:

Շարունակվեց աջակցության ցուցաբերումը Սիրիայի և Իրաքի հայությանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ և ՓՈԽԱԴԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016թ. ՀՀ Նախագահը կատարեց 18 օտարերկրյա այց: Հայաստան այցելեցին 8 պետության ղեկավար: ՀՀ ԱԺ նախագահը կատարեց 1 արտասահմանյան այց: Հայաստան այցելեց 4 պետության խորհրդարանի ղեկավար: ՀՀ վարչապետը կատարեց 5 աշխատանքային այցելություն: Հայաստան ժամանեց 10 երկրի կառավարության ղեկավար։ ԱԳ նախարարը կատարեց 38 օտարերկրյա այց: Հայաստան այցելեց 24 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար: Արտգործնախարարը 104 հանդիպում ունեցավ տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

ԴԻՎԱՆԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016թ․ դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 168 պետության հետ: Հայաստանում հավատարմագրված է 110 դեսպան (ռեզիդենտ և համատեղության կարգով), 26 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, 1 գլխավոր և 34 պատվավոր հյուպատոս:

2016թ․ դեկտեմբերի դրությամբ արտերկրում Հայաստանն ունի հավատարմագրված 42 ռեզիդենտ դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 95 երկրում: ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակված 23 միջազգային կազմակերպություններում: Արտերկրում գործում են ՀՀ 8 գլխավոր հյուպատոսություն, 1 հյուպատոսական կետ և 36 պատվավոր հյուպատոս:

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Նիգերի Հանրապետության հետ:

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

2016թ. ՀՀ դիվանագիտական դպրոցն ունեցավ 27 շրջանավարտ, որոնցից ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատանքի անցան 12-ը։

2016թ. Դիվանագիտական դպրոցում դասավանդեց 41 դասախոս՝ 20 պետություններից:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին ՀՀ Նախագահի, ԱԺ և կառավարության աշխատակազմերի, արտգործնախարարության, տարբեր նախարարությունների աշխատակիցներ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔ

2016թ. նոր թափ ստացան ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Հանրապետության Նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը մի քանի տասնյակ հարցազրույցներ տվեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, մի շարք երկրներում հանդես եկան մամուլի ասուլիսներով և դասախոսություններով: Հայաստանի վերաբերյալ տարբեր միջազգային լրատվամիջոցներում հրապարակվեցին հատուկ համարներ և բազմաթիվ հոդվածներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթներ ունեցավ Կիպրոսի համալսարանում, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ինչպես նաև ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթով հանդես եկավ Հելսինկիի (Ֆինլանդիա) համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում, Նյու Յորքի Արտաքին հարաբերությունների խորհրդում (սեպտեմբերի 22), Հյուսթոնի Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտում (սեպտեմբերի 26), Բերքլիի համալսարանում (սեպտեմբերի 27), Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում (սեպտեմբերի 28), Վաշինգտոնի Կարնեգի հաստատությունում (սեպտեմբերի 29), Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում (Բեռլին, Գերմանիա):

Տարվա ընթացքում ԱԳՆ-ն շարունակեց Հայաստանում կազմակերպված միջազգային համաժողովների, միջոցառումների լուսաբանման աշխատանքների համակարգումը, տարբեր երկրներից բարձրաստիճան պատվիրակությունների այցերի տեղեկատվական ապահովման նպատակով արտասահմանյան լրատվամիջոցների հավատարմագրումը:

ԱԳՆ կողմից հավատարմագրվեց օտարերկրյա 750-ից ավելի լրագրող, որոնց ցուցաբերվեց համակողմանի աջակցություն՝ միջոցառումների լուսաբանման, հանդիպումների և հարցազրույցների կազմակերպման, նկարահանումների իրականացման, Հայաստանի մասին տեղեկատվական, զբոսաշրջային նյութերի պատրաստման և այլ հարցերում։

Կազմակերպվեցին միջազգային, այդ թվում՝ RFI, Tele 5, l’OBS, Liberation, El Mundo, Radio Classique, France Info, Le Nouvel Economiste, Les Echos, Telefe, Tempi, Figaro, Libero, Il Giornale, La Razon, Profil, Wiener Zaitung լրատվամիջոցների ներկայացուցիչների այցեր Արցախ:

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակահատվածում աջակցություն ցուցաբերվեց միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Արցախ մեկնելու և համապատասխան հանդիպումներ անցկացնելու գործում:

Դիվանագիտական ներկայացուցչությունները հավատարմագրման երկրներում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպեցին` նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: