Հայերեն   English   Русский  

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի


  
դիտումներ: 756

Այս տարվա փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 1.22 դրամով կնվազի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ փետրվարի մեկից սկսած բնակիչները ցերեկային ժամերին 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն 40 եւ 30 դրամ համապատասխանաբար:

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա, ըստ հանձնաժողովի պատասխանատուների, մի քանի գործոններ են ազդել, բայց հիմնական գործոնը ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցումն է:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունից տեղեկացանք, որ արտոնություն ստացած ծրագրում ընդգրկված է ավելի քան 129 հազար բաժանորդ: Այս քաղաքացիների ընտրությունը կատարվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համապատասխան: Սույն որոշումով նախատեսվում է հնարավորինս նվազեցնել Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես անապահով ընտանիքների կողմից բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները:

Նշենք, որ այս որոշումով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Այսինքն՝ ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետների՝ ցանկում ընդգրկվել են ոչ միայն անապահովության նպաստ (փարոս) ստացող քաղաքացիները, որոնց միավորները «30» և ավելի են, այլեւ ավելի ցածր` «20» և ավելի միավոր ունեցող քաղաքացիները, որոնք, ճիշտ է, նպաստառու չեն, բայց ցածր եկամուտ ունեցող անձինք են:

Ընկերությունից նաև հայտնեցին, որ ավարտին է մոտենում ՀԷՑ-ի նախաձեռնությամբ բոլոր վերը նշված բաժանորդներին երկսակագնային հաշվիչներ տրամադրելու գործընթացը: Այս պահին արդեն իսկ նրանցից 100.000-ը երկսակագնային հաշվիչ ունեն: Հիշեցնենք նաեւ, որ առաջիկա 5 տարում ընկերության սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խումբը նախատեսում է իրականացնել շուրջ 100 միլիարդ դրամի ռազմավարական զարգացման ներդրումային ծրագիր: Այդ միջոցները մասնավորապես կուղղվեն բաշխիչ ցանցի բարելավմանն ու ենթակառուցվածքների վերազինմանը, որոնց շուրջ 80-85%-ը մաշված է: Նկատենք նաեւ, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո կտրուկ նվազել է էլեկտրաէներգիայի բաշխման կորուստների մակարդակը: Բացի այդ, ՀԷՑ-ն ամբողջությամբ մարել է թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունների հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: