Հայերեն   English   Русский  

Հայաստանը դեռևս գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում. ֆինանսների նախարար


  
դիտումներ: 1324

Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեցին, թե որքա՞ն ժամանակ Հայաստանը ստիպված կլինի խոշոր ծավալի արտաքին պարտքեր կուտակել` ի նկատի ունենալով, մասնավորապես, առաջիկայում վերցվելիք 350 մլն դոլար պարտքը:

«Քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դրա ծածկման աղբյուրները պարտքի ներգրավումը պետք է լինի,-ասաց նախարարը,-և եթե քո խնայողություններն ավելի պակաս են, քան քո ներդրումները, բնականաբար, դու պետք է օգտագործես նաև արտաքին խնայողությունները, որովհետև քո ներքին խնայողությունները չեն բավարարում, որպեսզի դու քո ներդրումներն իրականացնես: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»:

Նախարարը կարծում է, որ մեր արտաքին պարտքը վտանգավոր չէ: Արամյանի խոսքով, իրենք այդ մասին բազմիցս խոսել են, իսկ երեք օր առաջ ներկայացրել են նաև հարաբերական ցուցանիշներ, որոնցով Հայաստանը դեռևս գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

Ինչ վերաբերում է մինչև 2020 թվականը պարտքից 500 միլիոն դոլարի պարտադիր մարմանը, նախարարը պարզաբանեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է «բութ մատի» կանոնը, երբ դու ընտրում ես քո շուկայի համար լավագույն կետը, որը պետք է պարտք վերաթողարկի, և պարտքի մարումը հետաձգում ես: «Դա կոչվում է պարտքի կառավարման ռազմավարություն, դա ամբողջ աշխարհում կա, և էնպես չի, որ պարտադրված ես այդ պարտքն ամբողջությամբ մարել: Հնարավոր է 100 միլիոնը կամ 200 միլիոնը մարենք, մնացածը նետենք ավելի հեռուն»,-ասաց Վարդան Արամյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: